
Քաղաքային կյանքի տարբեր ոլորտների կառավարման թվայնացումը միլիոնավոր դրամների խնայողության հնարավորություն է տալիս։ Այս սկզբունքով են շարժվում Երևանի քաղաքապետարանում։ Քաղաքային իշխանությունները որպես վերը նշվածի վառ ապացույց բերում են էլեկտրատրանսպորտի կառավարման համակարգի թվայնացումը։ Ակնկալվում է, որ այդկերպ հնարավոր կլինի խնայել առնվազն 100 մլն դրամ։
Երևանի քաղաքապետարանն ակնկալում է տարեկան մոտ 100 մլն դրամ տնտեսել էլեկտրատրանսպորտի քարշի ենթակայանների թվայնացման շնորհիվ։
«Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերության տնօրեն Սարգիս Բեջանյանը վստահեցնում է, որ թվայնացման ծրագիրն ամբողջությամբ իրականացվել է։
Մայրաքաղաքի տրոլեյբուսներն էլեկտրամատակարարվում են 23 ենթակայաններից։ Ըստ Սարգիս Բեջանյանի՝ դրանց կառավարման թվային համակարգը բազմաթիվ նոր հնարավորություններ է ընձեռում․
«Նոր համակարգը թույլ է տալիս հեռավար կարգով հետևել ենթակայանների աշխատանքին, գնահատել տեխնիկական պարամետրերը, միջամտել սարքավորումների աշխատանքին, իրականացնել հսկողություն ենթակայանների հակահրդեհային անվտանգության և կողմնակի անձանց մուտք գործելու դեպքերում»։
Այս ոլորտը միակը չէ, որում փոփոխություններ են կատարվում, նկատում է Երևանի քաղաքապետը։ Տիգրան Ավինյանը նշում է, որ բարեփոխումներ են արվում նաև քաղաքապետարանի այլ հիմնարկներում, սակայն դրանք երբեմն աննկատ են մնում։ Ուստի, այդ փոփոխությունների մասին պետք է պարբերաբար խոսվի և արդյունքը ներկայացվի՝ կարծում է քաղաքապետը․
«Շատ կարևոր է նաև, որ աշխատանքները պարբերաբար ներկայացվեն։ Ինչպես նշեց պարոն Բեջանյանը, այս գործընթացների թվայնացման շնորհիվ Երևան քաղաքը տարեկան տնտեսելու է մոտ 100 մլն դրամ»։
«Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերության հաշվեկշռում 60 տրոլեյբուս կա, որոնք 5 երթուղի են սպասարկում։ 2026–ի հունվար-փետրվար ամիսների համար պլանավորված եկամուտը գերակատարվել է 1,5 մլրդ դրամով կամ 12,1 %-ով։ 12 մլրդ 936 մլն դրամի փոխարեն քաղաքապետարանը 14 մլրդ 495 մլն դրամ եկամուտ է ստացել՝ ասում է քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը։ Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ պաշտոնյան ներկայացնում է նաև այն ոլորտները, որոնք ապահովում են մայրաքաղաքի սեփական եկամուտների առյուծի բաժինը։
«Մասնավորապես՝ անշարժ գույքի հարկի կշիռը կազմում է 23 %, շինարարության և նախագծման թույլտվություններինը՝ 16 %, փոխադրավարձը՝ 15%, փոխադրամիջոցների գույքահարկը՝ 13 %, և աղբահանության վճարը՝ 9 %»։
Ըստ հաշվետվության՝ սեփական եկամուտների հավաքման ցուցանիշով առաջին տեղում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանն է՝ 148,2 % կատարողականով, երկրորդում՝ Նոր Նորքը, 144,5 %-ով, երրորդ տեղում Դավթաշենն է՝ 126,4 %-ով։ Ցանկը եզրափակում է Քանաքեռ-Զեյթունը՝ 104,8 % կատարողականով։
«Գերակատարումը հիմնականում պայմանավորված է չավարտված բազմաբնակարան շենքերի համար անշարժ գույքի հարկի վճարումներով»։
Ըստ Դավիթ Հակոբյանի՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Երևանի քաղաքապետարանի սեփական եկամուտները ավելացել են ավելի քան 3 մլրդ 700 մլն դրամով։




