
Մարտի 8-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որը Նախիջևանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո աննախադեպ քննադատությամբ էր հանդես եկել Թեհրանի հասցեին՝ պնդելով, որ դա ահաբեկչական հարձակում է եղել և հարվածի համար մեղադրել է Իրանին։
Իրանական իշխանությունները հերքել են հարձակմանը իրենց մասնակցությունը՝ մեղադրելով Իսրայելին։
Հռետորաբանությունը կտրուկ փոխվել է, գրում է BBC-ն։
Ըստ AZERTAC պետական լրատվական գործակալության՝ «Ալիևը կրկին իր ցավակցությունն է հայտնել Իրանում վերջին իրադարձությունների ժամանակ բազմաթիվ քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ»։
Ադրբեջանի նախագահը «շեշտել է Նախիջևանում տեղի ունեցած միջադեպի հետաքննության կարևորությունը», և «երկու պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել համատեղ տնտեսական նախագծերի մշակման հեռանկարների վերաբերյալ»։ Ավելի վաղ՝ Բաքուն հայտարարել էր Իրանից Ադրբեջանի ողջ դիվանագիտական կորպուսի տարհանման մասին։
Ըստ ադրբեջանական կողմի՝ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Ալիևին Ադրբեջանում Իրանի դեսպանատուն այցելելու և Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի և քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ ցավակցություն հայտնելու, ինչպես նաև Իրանին մարդասիրական օգնություն տրամադրելու մտադրության համար։
Իրանի նախագահը, ըստ տեղեկությունների, կրկին հայտարարել է, որ «Նախիջևանի օդային հրետակոծության հետ կապված միջադեպը» կապ չունի Թեհրանի հետ՝ խոստանալով հետաքննություն անցկացնել։




