ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Նավթ, գազ և պատերազմ․ համաշխարհային տնտեսությունը նոր ճգնաժամի շեմին է

Համաշխարհային տնտեսության կարևորագույն էներգետիկ ուղիներից մեկը՝ Հուրմուզի նեղուցը, փակ կմնա այնքան, քանի դեռ տարածաշրջանում ռազմական գործողությունները չեն ավարտվել։ Թեհրանը հայտարարում է, որ լիովին վերահսկում է նեղուցը և զգուշացնում, որ նեղուցով անցնել փորձող ցանկացած նավ կարող է հայտնվել իր անօդաչուների թիրախում։

Այդպիսով՝ համաշխարհային նավթի հոսքի մոտ 20 տոկոսը կանգ է առել։ Աշխարհ էներգետիկ շուկաներում լուրջ ցնցումներ են առաջացել։ Միջազգային շուկաներում նավթի և գազի գները աճել են, իսկ տնտեսագետները զգուշացնում են հնարավոր նոր էներգետիկ ճգնաժամի մասին։

Փորձագետները զգուշացնում են

«Օքսֆորդ Էկոնոմիքս»-ի վերլուծաբանները նկատում են՝ բիզնեսի և ներդրողների հիմնական հարցն այս օրերին տնտեսական և շուկայական ռիսկերի աճի արագությունն ու մասշտաբն է։ Տնտեսագետների գնահատմամբ՝ եթե ԱՄՆ-Իսրայել-Իրան հակամարտությունը երկարաձգվի, դա միանշանակ կբարձրացնի էներգակիրների համաշխարհային գները, կմեծացնի գնաճային ճնշումները՝ դանդաղեցնելով համաշխարհային տնտեսական աճը։

«Օքսֆորդ Էկոնոմիքս»-ի վերլուծաբանների հաշվարկներով՝ միայն էներգակիրների թանկացումը կարող է ավելացնել համաշխարհային գնաճը մոտ 0.8 տոկոսով, եթե մատակարարումների խափանումները շարունակվեն։

Մասնագետների գնահատմամբ՝ անցած 6 օրվա ռազմական գործողությունների պատճառով Brent տեսակի նավթի գինն արդեն աճել է մոտ 17 տոկոսով՝ հասնելով շուրջ 85 դոլարի մեկ բարելի համար։ Փորձագետների գնահատմամբ՝ երկարատև բախումների դեպքում այս աճը կշարունակվի։

RBC Capital Markets-ի էներգետիկ շուկաների փորձագետ Հելիմա Քրոֆթն այսպիսի կանխատեսում է արել. «Եթե տարածաշրջանում մատակարարումների խափանումները շարունակվեն, նավթի գինը կարող է արագորեն բարձրանալ մինչև 100 դոլար և ավելի մեկ բարելի համար»։

Bloomberg-ի տնտեսական վերլուծաբանները, մինչդեռ, կարծում են, որ աշխարհը պետք է պատրաստ լինի կա՛մ երկարատև պատերազմի, կա՛մ համաշխարհային շուկաների վրա ճնշում գործադրող անկանխատեսելի քաոսի: Այս մասին նշել է միջազգային տնտեսական վերլուծաբան Ջենիֆեր Ուելչը. «Մեր գնահատմամբ, եթե տարածաշրջանում՝ Հորմուզի նեղուցում, էներգետիկ օբյեկտներում լինեն կայուն, մշտական ​​խափանումներ, դրանք կարող են իրականում հանգեցնել նավթի գների 100 դոլարից բարձրացմանը, մենք գնահատում ենք, որ դրանք կհասնեն մինչև 108 դոլարի մեկ բարելի համար»։

Միաժամանակ, Goldman Sachs-ի վերլուծաբանների գնահատմամբ՝ նման լարվածությունը շուկաներում առաջացնում է գների կտրուկ փոփոխություններ, քանի որ ներդրողների շրջանում աճում են էներգակիրների մատակարարումների երկարատև խափանման հետ կապված մտավախությունները։ Վերլուծական կենտրոնների գնահատմամբ՝ արդեն այժմ բենզինի և վառելիքի ֆյուչերսների գներն աճել են շուրջ 10 տոկոսով, ինչը պայմանավորված է հենց համաշխարհային շուկայում մատակարարումների շարունակվող կրճատմամբ։ Ֆյուչերսները ապագայի համար կնքվող պայմանագրերն են, որոնցով շուկայի մասնակիցները նախապես պայմանավորվում են էներգակիրների գնի մասին։

Գազի շուկայի ռիսկեր

Այս շաբաթ եվրոպական բնական գազի ֆյուչերսների գները մոտ 50%-ով են աճել՝ հաղորդում են հեղինակավոր լրատվամիջոցները՝ նկատելով, որ շարունակվող պատերազմի հետևանքով էներգետիկ լարվածությունը անդրադառնում է ինչպես բնական, այնպես էլ հեղուկ գազի շուկայի վրա։ Իսկ դրանից փորձում է օգտվել Մոսկվան։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ էներգակիրների համաշխարհային գների աճի պայմաններում Ռուսաստանը կարող է վերանայել եվրոպական շուկա գազ մատակարարելու քաղաքականությունը։

Պուտինը հայտարարել է, որ համաշխարհային էներգակիրների գների կտրուկ աճը իր երկրի համար ավելի շահավետ գազի շուկաներ է բացում։ Չորեքշաբթի օրը Պուտինը պետական ​​հեռուստատեսությամբ հայտարարել է, որ Ռուսաստանի համար ավելի շահավետ կլինի հիմա դադարեցնել Եվրոպային գազի մատակարարումը, քան սպասել, որ եվրոպական երկրները մինչև 2027 թվականը լիովին հրաժարվեն ռուսական վառելիքից։

«Հիմա այլ շուկաներ են բացվում։ Եվ գուցե մեզ համար ավելի շահավետ կլինի հենց հիմա դադարեցնել եվրոպական շուկայի մատակարարումը, շարժվել դեպի այն շուկաները, որոնք բացվում են և հաստատվել այնտեղ։ Ուզում եմ, որ հասկանալի լինի՝ այստեղ չկա ոչ մի քաղաքական ենթաշերտ։ Դե, եթե բոլոր դեպքերում նրանք մեկ կամ երկու ամսից դադարեցնելու են, ապա ավելի լավ է մենք ինքներս հիմա դադարեցնենք»։

Ավելի ուշ Կրեմլը հայտնել է, որ պետության ղեկավարը կառավարությանը հանձնարարել է միայն ուսումնասիրել գազի այլընտրանքային շուկաներին անցնելու հնարավորությունները, և որ վերջնական որոշում դեռևս չի կայացվել։ Չինաստանն էլ հայտարարել էր, որ Պուտինը խափանել է ԵՄ-ի՝ ռուսական գազից հրաժարվելու ծրագրերը։

ԵՄ-ն ավելի վաղ ՌԴ-ի դեմ սահմանած պատժամիջոցների շրջանակներում նախատեսել էր 2026-ի ապրիլից նոր սահմանափակումներ մտցնել ռուսական գազի գնման հարցում, իսկ մինչև 2027 թվականը լիովին արգելել ռուսական գազի ներմուծումը ԵՄ երկրներ։

Կարդացեք նաև

Back to top button