ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Տեխնոլոգիական ընկերությունները՝ ռազմական գործողությունների թիրախում․Amazon-ի տվյալների կենտրոնը վնասվել է իրանական հարվածներից

ԱՄՆ-Իսրայել-Իրան ռազմական գործողությունները չեն շրջանցում տեխնոլոգիական ոլորտը։ ԱՄԷ-ում և Բահրեյնում տեղակայված Amazon-ի ամպային տվյալների կենտրոնները վնասվել են իրանական անօդաչու թռչող սարքերի հարվածներից։ Մասնագետներն ասում են՝ առաջին դեպքն է, երբ ամերիկյան խոշոր տեխնոլոգիական ընկերության տվյալների կենտրոնը դառնում է ռազմական թիրախ։ Տարածաշրջանի լարվածությունը ստիպում է ընկերություններին ուշադիր լինել ներդրումների հարցում և մտահոգվել մատակարարման խնդիրներով։

ԱՄՆ-Իսրայել-Իրան ռազմական գործողությունները չեն շրջանցել Amazon-ի ենթակառուցվածքները․ տեխնոլոգիական հսկայի՝ ԱՄԷ-ում և Բահրեյնում տեղակայված ամպային ստորաբաժանման տվյալների կենտրոնները վնասվել են իրանական անօդաչուների հարվածներից։

Reuters գործակալության փոխանցմամբ՝ սա առաջին դեպքն է, երբ ամերիկյան խոշոր տեխնոլոգիական ընկերության տվյալների կենտրոնը ռազմական թիրախ է դառնում։

Amazon-ի տվյալներով՝ խափանումներ են գրանցվել ամպային ծառայությունների աշխատանքում։ Դրանց ամբողջական վերականգնումը, ըստ ընկերության, բարդ գործընթաց է։

«ԱՄԷ-ում մեր երկու օբյեկտներն  անմիջականորեն հարվածի տակ են հայտնվել, իսկ Բահրեյնում մեր օբյեկտներից մեկի մոտակայքում անօդաչու թռչող սարքը ֆիզիկական հարված է հասցրել մեր հարակից ենթակառուցվածքներին»։

Amazon-ը հայտնել է, որ ստեղծված իրավիճակի հետևանքով իշխանությունները ստիպված են եղել անջատել էլեկտրամատակարարումը ԱՄԷ-ում տեղակայված կենտրոնի կլաստերում։

«Այս հարվածները կառուցվածքային վնասներ են պատճառել, խաթարել են մեր ենթակառուցվածքների էլեկտրամատակարարումը, իսկ որոշ դեպքերում պահանջվել են հրդեհաշիջման միջոցառումներ»։

Իրավիճակին անմիջականորեն ծանոթ աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ ամպային ծառայություններից օգտվող ֆինանսական մի շարք հաստատություններ ևս տուժել են այդ անջատումներից։ Հաշվի առնելով հարցի զգայունությունը՝ վերջինս  խնդրել է անանուն մնալ։

Մինչև ԱՄՆ-Իսրայել-Իրան հակամարտության բռնկումը, ամերիկյան տեխնոլոգիական հսկաները ԱՄԷ-ն դիտարկում էին որպես արհեստական բանականության տարածաշրջանային կենտրոն՝ ծառայությունների ընդլայնման համար։

2025 թվականի նոյեմբերին տեխնոլոգիական ոլորտի խոշոր խաղացող Microsoft-ը հայտարարել էր, որ նախատեսում է մինչև 2029 թվականի ավարտը Արաբական Միացյալ Էմիրություններում իր ընդհանուր ներդրումները հասցնել 15 միլիարդ դոլարի։

Սակայն տարածաշրջանում թեժացած  հակամարտությունը փոխում է խաղի կանոնները։ Վաշինգտոնում գործող «Ստրատեգիական և միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի» վերլուծաբանները համոզված են, որ պատերազմը կազդի ներդրումների վրա։ Հրապարակված վերլուծության մեջ նշվում է, որ նախկինում ռազմական գործողությունների ժամանակ տարածաշրջանային հակառակորդները թիրախավորում էին հակամարտող կողմի տարածքում գտնվող խողովակաշարերը, վերամշակման գործարաններն ու նավթահանքերը։ Սակայն այս պատերազմում նկատվում են մարտավարական այլ հնարքներ։

«Հաշվողական տեխնոլոգիաների դարաշրջանում արդեն թիրախ են  տվյալների կենտրոնները, հաշվողական  համակարգերին աջակցող էներգետիկ ենթակառուցվածքները և մանրաթելային խցանման կետերը»։

ԱՄՆ-Իսրայել-Իրան հակամարտությունը կարող է խանգարել կիսահաղորդչային արտադրության համար պահանջվող հումքի մատակարարումներին՝ կարծում է Հարավային Կորեայի իշխող կուսակցության պատգամավոր Կիմ Յոնգ-բենը։ Նրա խոսքով՝ Հարավային Կորեայի չիպերի արդյունաբերությունը, որը ապահովում է համաշխարհային արտադրանքի մոտ երկու երրորդը, նույնպես մտահոգված է Իրանում շարունակվող հակամարտության հետևանքներով։

«Առկա է վտանգ, որ կիսահաղորդիչների արտադրությունը կարող է խափանվել հումքի մատակարարման խափանումների հետևանքով։ Չիպերի արտադրության համար պահանջվող հիմնական նյութերը Հարավային Կորեա են հասնում Մերձավոր Արևելքից»։

Խոսքն առաջին հերթին հելիումի մասին է, որը կարևոր նյութ է կիսահաղորդիչների արտադրության մեջ՝ ջերմաստիճանի վերահսկման առումով։

Այն արտադրվում է միայն մի քանի երկրներում։ Քաթարը հելիում արտադրող խոշոր երկրների ցանկում է։

Հարավային Կորեայի արդյունաբերության նախարարությունը նշել է, որ երկիրը կախված է Մերձավոր Արևելքից մատակարարվող 14 այլ ապրանքներից ևս, այդ թվում՝ բրոմից և չիպերի ստուգման սարքավորումներից, սակայն դրանց մեծ մասը հնարավոր է ձեռք բերել միջազգային այլ աղբյուրներից։

Կարդացեք նաև

Back to top button