
Եռացող տարածաշրջանում Հայաստանը հակված է օգտագործելու «փափուկ ուժի» գործիքները․ Հայաստանի անվտանգային կառուցվածքի մասին խոսելիս Հայաստանի վարչապետը անդրադարձել է դրա փոփոխություններին և այդ հարցում դիվանագիտության ու ԶՈՒ փոխատեղությանը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր հերթին հայտարարել է, որ Հայաստանի քաղաքականությունը հասել է նրան, որ պաշտոնական Երևանին վստահում է թե՛ Իրանը, թե՛ Արևմուտքը։ Հայաստանյան ընդդիմությունը այս հարցում զանգվածային քննադատության ալիք չի բարձրացրել։ Խորհրդարանական ընդդիմությունը, օրինակ, ավելի շատ քննարկում է ներքաղաքական հարցերը՝ բաց թողնելով տարածաշրջանային իրադարձությունները։
Պաշտոնական Երևանը ամենաբարձր մակարդակով հավաստիացնում է, որ Հայաստանը Իրանի դեմ որևէ քայլ չի անի։ Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս միտքն ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Մյուս կողմից նա հաստատել է, որ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները ընկալելի են Արևմուտքի համար։ ԱԺ նախագահը հարկ է համարել հերթական անգամ ընգծելու Հայաստանի դիրքորոշումը։
«Այն ապրանքները, որոնց հետ կապված մտահոգություններ կան, այդ մասով, բնական է, որևիցե առևտուր Իրանի հետ չենք արել և չենք անելու։ Բայց Իրանը մեր անմիջական հարևանն է, և մենք գտնվում ենք փաստացի երկու կողմից փակված վիճակում, և Իրանի հետ մեր հարաբերությունները մշտապես ընկալելի է եղել թե՛ եվրոպացի գործընկերների, թե՛ ԱՄՆ գործընկերների համար։ Շատ ցավում եմ այն զոհերի համար, որոնք լինում են, և հույս ունենք, որ հնարավորինս կարճ կտևի, որովհետև անմիջականորեն մեր հարևանի հետ է տեղի ունենում, և դա չի կարող մեզ չանհանգստացնել։ Միևնույն ժամանակ հասկանում ենք, որ դա թերևս ամենամեծ աշխարհաքաղաքական պատերազմներից մեկն է, որը, փառք Աստծո, մեզ հետ որևէ ձևով կապ չունի, և պետք է ամեն ինչ անենք, որ որևիցե ձևով Հայաստանի շահերին դա չդիպչի»։
Արդյո՞ք Իրանի համար Հայաստանը նույնքան ընկալելի կլիներ, եթե TRIPP–ն արդեն կյանքի կոչված լիներ, և ամերիկյան կողմը հաստատված լիներ Հայաստանում։ Անգամ այդ դեպքում Սիմոնյանը վտանգներ Հայաստանի համար չի տեսնում․
«Որովհետև մենք ռազմական բաղադրիչ և բովանդակություն չունենք։ Ինչպես հայտարարեց նաև Իրանի արտաքին գործերի նախարարը, իրենք որևիցե այլ երկրների չեն հարվածել և իրենց հարևաններին չեն հարվածում։ Իրենք հարվածում են ռազմական կառույցներին, որոնք կան այդ երկրներում։ Հայաստանի Հանրապետությունում որևիցե ռազմական կառույց չկա, և ասեմ ավելին` Սյունիքում մենք ունենք նաև Իրանի հյուպատոսություն»։
Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը փորձեց քննադատել երկրի իշխանությանը։ Ընդդիմադիրները համարում էին, որ Թեհրանին պաշտոնական ցավակցական ուղերձների հարցում Երևանը հապաղեց։ Այդպես էր կարծում ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը։ Այս խոսակցությունները դադարեցին, երբ Հայաստանի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց ունեցան, իսկ Հայաստանի վարչապետը ցավակցական ուղերձ հղեց Իրանի նախագահին։ Սակայն, ընդդիմադիրների մյուս մտավախությունները պահպանվում են։ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը, օրինակ, տնտեսական ռիսկերից բացի, բարձրացնում է նաև իրանահայերի խնդիրը։
«Պետք է ունենաս ռեզերվային պլանավորում։ Հիմա պատկերացրեք` վաղը 50 հազար, 100 հազար հոգի Իրանից գալիս է Հայաստան։ Ունե՞ն կարողություն, ծրագիր ունե՞ն պաշտպանելու։ Ո՞նց են պատրաստ։ Որ արցախցիները եկան պատրա՞ստ էին, թե՞ միջազգային օգնությունը չլիներ՝ չէին լինի։ Ինչո՞վ է պատրաստ։ Այնտեղ հայեր կան, տարհանման ծրագիր ունե՞ն, թե՞ պատասխանատվությունը մենակ Արաքսի այս ափով վերջանում է»։
Իշխանությունն այս հարցի պատասխանն ունի։ Ալեն Սիմոնյանի տեղեկություններով՝ այս պահին իրավիճակն այնպիսին է, որ իրանահայերը չեն տեղափոխվում Հայաստան։ Նման միտում չկար նաև 2025 թ․ հունիսին Իսրայելի և Իրանի 12-օրյա պատերազմի ժամանակ՝ ասել է Սիմոնյանը՝ հավելելով, որ նման իրավիճակների իշխանությունը ծրագրեր ունի։
Տարածաշրջանի նոր մարտահրավերներին դիմակայելու համար Հայաստանի ռազմավարությունը վարչապետ Փաշինյանը սահմանեց մարտի 2–ին՝ Դիվանագիտական ծառայության աշխատակցի օրվան նվիրված միջոցառման ժամանակ: Վարչապետն ասաց, որ իր ղեկավարած կառավարությունը անվտանգության ապահովման հարցերում ավելի շատ ապավինում է «փափուկ գործոններ»-ին, քան բանակին:
«Մենք, անվտանգություն ասելիս, սովորաբար միշտ հասկացել ենք առաջին հերթին բանակ, երկրորդ հերթին բանակ, երրորդ հերթին բանակ։ Ավելի ուշ ենք հասկացել, որ ինչքան շատ ենք անվտանգություն ասելիս դա կապում բանակի հետ, այդքան նշանակում է` անվտանգության վիճակը բարվոք չէ, և ընդհակառակը․ինչքան շատ ենք մենք անվտանգություն ասելիս նկատի ունենում «փափուկ գործոններ», նշանակում է` անվտանգության ավելի հուսալի մակարդակ կա։ Մեր տարածաշրջանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնց պատճառահետևանքային կապերը միանգամից չէ, որ տեսնում ու նկատում ենք։ Բայց լավ լուրն այն է, որ մենք գնալով ավելի ու ավելի շատ ենք տեսնում և ավելի ու ավելի շատ ենք նկատում։ Սա նշանակում է, որ ավելի շատ գործիքների ենք տիրապետում մեր շուրջ միջավայրը մեզ համար ավելի կանխատեսելի և կառավարելի դարձնելու ուղղությամբ»։
Վարչապետ Փաշինյանը համոզված է, որ Հայաստանի դիվանագիտական ծառայությունն ունի անհրաժեշտ կարողությունները՝ խնամելու, պաշտպանելու, պահպանելու և զարգացնելու ձեռքբերումները։ Ըստ վարչապետի՝ աշխարհը, գործընթացները, տեղի ունեցող փոփոխությունները և իրադարձությունների պատճառահետևանքային կապը ճանաչելը թույլ է տալիս միջավայրն ավելի կանխատեսելի և կառավարելի դարձնել։
«Կարծում եմ, որ մենք իսկապես հասել ենք մի հանգրվանի, երբ կարողանում ենք պաշտպանվել փոթորիկներից, կարկուտներից և բազում աշխարհաքաղաքական աղետներից։ Բայց սա էլ մենք չպետք է ընդունենք որպես ինքնին հասանելի մի բան։ Սա գիտակցված աշխատանքի արդյունք է։ Այսօր էլ շատերին անհանգստացնում է այն, որ աշխարհում անհանգիստ է և Հայաստանում կասկածելի հանգիստ է։ Ես հասկանում եմ նաև անհանգստությունները, որովհետև դա մեզ համար սովորական վիճակ չէ, դա կարող է նաև օբյեկտիվ անհանգստություններ առաջացնել, թե ինչքանով է այն, ինչը մենք տեսնում ենք, իրականությանը համապատասխանում»։
Վարչապետի ասածը թերևս վերաբերում է նաև ընդդիմությանը։ Պատգամավոր Արթուր Խաչատրյանի համար, օրինակ, ընկալելի չէ, որ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման պահից Հայաստանի իշխանության ներկայացուցիչները անդադար խոսում են հաստատված խաղաղության մասին։
«Խնդիրը ուրիշ է։ Հարյուրամյա պատերազմը 116 տարի է տևել։ Այնպես չէ, որ առավոտը անգլիացիներն ու ֆրանսիացիները արթնանում էին, կռվում էին, գիշերը գնում էին քնելու։ Ցանկացած պատերազմ ունի հանդարտ վիճակ։ Հիմա մենք այդ հանդարտ վիճակում ենք գտնվում։ Պատերազմի ավարտի մեր տեսլականը այլ է»։
Ուշագրավ է, որ հայաստանյան ընդդիմությունը այս հարցում զանգվածային քննադատության ալիք չի բարձրացրել։ Խորհրդարանական ընդդիմությունը, օրինակ, կենտրոնացել է ներքաղաքական հարցերի վրա՝ բաց թողնելով տարածաշրջանային իրադարձությունները։
Ընդդիմադիրները իշխանությանը քննադատում են տարածաշրջանային անկայուն պայմաններում ներքին քարոզարշավ կազմակերպելու համար։ Քննադատությունը, սակայն, երբեմն ստանում է պարզագույն երանգներ՝ կարծում է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ համարելով, որ «կարկանդակ և եգիպտացորեն» ուտելու հակագովազդը հակառակ նպատակի է ծառայել։
«Ես չգիտեմ` այդ տարածողը դա տարածել է որպես բացասական հակագովազդ, թե ոչ։ Բայց ես ձեզ վստահեցնում եմ` դրանից լավ գովազդ չի կարող լինել մեր իշխանության համար, որովհետև մեր ուզածը հետևյալն է․եթե բոլոր տեղերը փոթորիկներ են, մենք այդ փոթորիկներից հեռու և անմասն նստած ուտենք մեր «կարկանդակները»՝ տնտեսական զարգացման տեսքով, հավելյալ տրանսպորտային շարժի տեսքով, հավելյալ ներդրումների տեսքով»։
Հայաստանի իշխանությունը համոզված է, որ տարածաշրջանում լարվածությունը չի խանգարի Հարավային Կովկասում հաստատված ծրագրերի իրականացումը։ Սա առաջին հերթին վերաբերում է «Թրամփի ուղի» նախագծին, ճանապարհային ենթակառուցվածքներին և Հայաստանի ապաշրջափակմանը։




