
Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թեհրանը հրթիռային հարված է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան ավիաբազային։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մոտ կանգնած Fars գործակալության հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են պայթյունի ալիքները հարվածում հեռավոր թիրախներին։
Գործակալությունը նշում է, որ անօդաչու սարքերի եւ հրթիռների համակցված հարվածը ավերել է Բահրեյնի Շեյխ Իսայի շրջանում գտնվող ավիաբազայի հրամանատարական կետն ու շտաբի շենքը, ինչպես նաեւ առաջացրել է վառելիքի պահեստարանների պայթյուն։
ԱՄՆ-ը առայժմ չի մեկնաբանել այս հարձակման վերաբերյալ տեղեկությունները։ Պետդեպարտամենտը ամերիկացի քաղաքացիներին հրահանգել է անհապաղ լքել Բահրեյնը, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքի մի շարք այլ երկրներ, հայտնում է BBC-ին։
Իր հերթին Իսրայելի բանակը` ՑԱՀԱԼ-ը, հայտնել է, որ հարվածել է Իրանի մայրաքաղաք Թեհրանին եւ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին։
«Ներկայումս ՑԱՀԱԼ-ը միաժամանակ նպատակային հարվածներ է հասցնում Թեհրանում եւ Բեյրութում գտնվող ռազմական թիրախներին»,- նշված է հայտարարության մեջ։
Հարվածներից առաջ իսրայելական զինուժը Բեյրութի հարավային արվարձանների եւ տասնյակ գյուղերի բնակիչներին «հրատապ նախազգուշացրել» էր լքել բնակավայրերը։
ՑԱՀԱԼ-ը պնդում է, որ հարվածների թիրախը «Հեզբոլլահ»- ի հրամանատարական կենտրոններն ու պահեստներն են։




