
Մասնագիտական վերապատրաստումներ, փոխայցեր ու միջազգային լավագույն փորձի տեղայնացում․ այս տեսլականով է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի գլխավոր դերակատարը՝ Զանգեզուրի պղնձամոլինդենային կոմբինատը դառնում Կանադա-Եվրասիական առևտրատնտեսական պալատի անդամ։ Կոմբինատի գլխավոր տնօրենի տեղակալ, Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանն ասում է՝ Կանադայի ընտրությունը պատահական չէ, այդ երկիրը հանքարդյունաբերության ոլորտի առաջատարներից է։
«Իրականում, երբ մենք համեմատություններ ենք անում, կա մի քանի երկիր՝ լավագույն փորձով, դրանցից մեկը Կանադան է և հաշվի առնելով հայ-կանադական ջերմ հարաբերությունները և Կանադայի պատրաստակամությունը՝ օգնել Հայաստանին, այդ թվում հանքարդյունաբերական ոլորտում, ներդնել լավագույն ստանդարտները, լավագույն տեխնոլոգիաները, մենք այս քայլով այդ համագործակցությունը ավելի խորացնելու ենք։ Իրականում հանքարդունաբերությունը շատ կարևոր է Հայաստանի տնտեսության համար, բայց կարևորության հետ ունի շատ խնդիրներ, որոնց լուծման ամենաէֆեկտիվ, արդյունավետ ճանապարհը լավագույն փորձը ներդնելն է»։
Թեև հուշագիրը ուղիղ ներդրումներ չի ենթադրում, Ջհանյանի խոսքով՝ այն կնպաստի նաև ոլորտում հայ-կանադական բիզնեսների՝ ոլորտով ավելի հետաքրքրվելուն։
«Առանց այսպիսի քայլերի բիզնեսի համար շատ դժվար է լինելու, որովհետև իրենք գալու են զրոյից, մաքուր թղթից, այսպես ասած, սկսեն իրանց քայլերը անել։ Իսկ երբ կա այսպիսի համագործակցություն, կա այսպիսի արդեն ստեղծված լավ հարաբերություններ, ավելի հեշտ է լինելու և ավելի պատրաստակամ են լինելու բիզնեսներդրողների ներկայացուցիչները»։

Կանադա-Եվրասիական առևտրատնտեսական պալատի նախագահ Վարդգես Ավագյանի խոսքով՝ ԶՊՄԿ-ի ներկայացուցիչներն առանց խոչընդոտների կայցելեն Կանադա։
«Մեր Կանադա —Եվրասիական տնտեսական պալատի միջոցով այնտեղ արդեն կազմակերպված են տարբեր բիզնես հանդիպումներ, և մեր աջակցությունն է տրվել, որ իրանք ավելի հեշտությամբ կարողանան ներ գործուղել դեպի Կանադա և ստանան թե վիզաների հետ կապված հարցերը, թե այնտեղ ունենան գործնական հանդիպումներ»։
Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներն ընդգծում է, որ հանքարդյունաբերությունը բարդ ու ինչ–որ առումով խնդրահարույց ոլորտ է։ Կանադական փորձը կարող է հետաքրքիր լինել ոչ միայն ոլորտը զարգացնելու, այլև հասարակության հետ բաց խոսելու տեսանկյունից։
«Մենք ունենք տարիների փորձ, առաջատար տեխնոլոգիական զարգացումներ, մասնագիտական պատրաստվածություն, ինչպես նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բնապահպանական բարձր չափանիշների կիրառման փորձ, որոնք կարող են նպաստել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ամրապնդմանը՝ ի շահ երկու երկրների։ Հասկանալի է, որ հանքարդյունաբերությունը հաճախ կարող է լինել վիճահարույց թեմա։ Այդ պատճառով չափազանց կարևոր է հասարակության հետ բաց և վստահելի երկխոսությունը։ Այստեղ հատկապես կարևոր է կանադական ընկերությունների փորձը՝ բնապահպանական ազդեցության կարգավորման և վերահսկման խիստ մեխանիզմների կիրառման հարցում»։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդգծում է՝ նախորդ տարի են ասոցիացիայի անդամների հետ այցելել Կանադա, և տեղի հանքարդյունաբերական ընկերությունների աշխատանքը, հագեցվածությունն ու ժամանակակից տեխնոլոգիաներն իսկապես տպավորիչ են եղել․
«Մասնավորապես, տպավորիչ էր հատկապես լաբորատորիան, երբ անցած անգամ այց կատարեցինք լաբորատորիա, թե ինչպիսի տեխնոլոգիաներ, ինչպիսի գիտական փորձ ունեն, և մենք էս մասով մեր լաբորատորիայի կարողություններն ենք ցանկանում մեծացնել և կարող ենք նաև մեր առաջիկա այցի ընթացքում քննարկել կանադական կողմի հետ հնարավոր լաբորատորիայի զարգացման մասով, մասնագետների վերապատրաստման մասով և տեխնոլոգիաների մասով հնարավոր ուղղություններ»։

Ոլորտի ներկայացուցիչները համոզված են՝ Կանադա-Եվրասիական առևտրատնտեսական պալատին անդամակցելով ԶՊՄԿ-ն ոչ միայն հնարավարություն կունենա մասնակցելու միջազգային բիզնես համաժողովներին, նպաստելու ոլորտի նորարարական զարգացմանը, այլև կբարձրացնի Հայաստանի տեղը համաշխարհային հանքարդյունաբերության և բիզնես ցանցերում։




