
Ապրիլի 1-ից կենսաթոշակները բարձրացնելու հիմքում 2025 թվականի տնտեսական աճի ցուցանիշն է՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Այն կառավարությանը թույլ է տվել գնալ այն քայլին, որը մինչև այդ ավելի ռիսկային էր թվում: Նախարարը նշել է, որ գրեթե բոլոր կենսաթոշակները կբարձրանան 10 հազար դրամով։
Ինչո՞ւ կառավարությունը հենց այս փուլում որոշեց բարձրացնել կենսաթոշակը, ի՞նչ հիմնավորումներ են այդ որոշման հիմքում։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ասում է, որ որոշումը բխում է կառավարության 2021-2026 թ-ի ծրագրից։
«Կառավարությունը գործում է մինչև նոր կառավարության ձևավորումը, և ցանկացած գործողություն, որն իրականացնում է կառավարությունը, ըստ էության, լեգիտիմ է և տեղավորվում է այդ ծրագրի շրջանակում կամ բխում է ծրագրից»։
Նախարարի խոսքով՝ որոշման հիմքում նաև տնտեսական ցուցանիշներն են։ Դրանք, ըստ Թորոսյանի, այս փուլում թույլ են տալիս գնալ այն քայլին, որը նախկինում ռիսկային էր գնահատվում։
«Մենք մինչև այս կենսաթոշակները և նպաստները բարձրացրել ենք այլ եղանակով՝ հետվճարի եղանակով, եղել են նաև ուղիղ բարձրացումներ։ Նաև բազմաթիվ առավելություններ են տրվել մեր կենսաթոշակառուներին, օրինակ՝ առողջության ապահովագրությունը և այլն։ Բայց նաև եղել են օբյեկտիվ հանգամանքներ, որոնք նոր են ի հայտ եկել։ Դա մեր տնտեսական աճի ցուցանիշն է, որը մեզ հիմք է տալիս հարկաբյուջետային քաղաքականության այլ հետևություններ անել և նաև որոշումներ կայացնել, որոնք մինչ այս ավելի ռիսկային էին» ։
Նախարարի ներկայացրած այս հիմնավորմանը համաձայն չեն «Հայաքվե» նախաձեռնության անդամները։ Ինչու կառավարությունը հենց այս փուլում նկատեց, որ տնտեսական աճը կանխատեսվածից բարձր է՝ հարցնում է «Հայաքվե»-ի անդամ Աշոտ Մարկոսյանը։
«Եթե հիմք է ընդունվում տնտեսական աճը, ապա նախորդ տարիներին ևս եղել են ավելի բարձր աճի ցուցանիշներ, և տրամաբանական կլիներ, որ հենց այդ ժամանակ բարձրացվեին թոշակները»։
Նախաձեռնության անդամներն այսօր հավաքվել էին Կառավարության շենքի մոտ։ Աշոտ Մարկոսյանը հիշեցնում է, որ դեռ դեկտեմբերից իրենք ստորագրահավաք էին սկսել կենսաթոշակը ավելացնելու պահանջով, սակայն իրենց նախաձեռնությունը պոպուլիզմ էր որակվում։
«Նման առաջարկով հանդես եկողները խաբում են ժողովրդին, նրանք չգիտեն բյուջեի ծախսերի կառուցվածքը և այլն։ Սա պարզապես կիսատ նախընտրական ընտրակաշառք է»։
Բյուջետային ծախսը, որն անհրաժեշտ կլինի կենսաթաշակների ավելացումն այս տարի հոգալու համար, շուրջ 80 մլրդ դրամ է։ Ըստ Արսեն Թորոսյանի՝ մոտ 667 հազար մարդու կենսաթոշակ կբարձրանա 10 հազար դրամով։
«Շատ քիչ դեպքերում այդ բարձրացումը կարող է լինել 7-8 հազար դրամ, խոսքը փոքրաթիվ քաղաքացիների մասին է, որոնք արդեն իսկ շատ բարձր կենսաթոշակ են ստանում։ Ես կարծում եմ, որ այս բարձրացումը շատ էական է մեր հարյուր հազարավոր կենսաթոշակառուների և նպաստառուների համար՝ նաև հաշվի առնելով, որ իրենց կենսաթոշակների ու նպաստների վրա 20 տոկոս հետվճար կարող են ստանալ՝ մինչև 10 հազար դրամի չափով։ Դա, ըստ էության, մոտավորապես բոլորի կենսաթոշակը ու նպաստը բարձրացնում է 20 հազար դրամով»։
Բուն որոշումը կամ որոշումները, ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի, կընդունվեն Կառավարության առաջիկա նիստի ընթացքում։ Դրանք կապահովեն իրավական այն հիմքը, որը թույլ կտա թոշակառուներին ապրիլի 1-ից ավելի բարձր կենսաթոշակ ստանալ։




