
Ժնևը կրկին դարձել է ճգնաժամերի կառավարման լաբորատորիա․ այսպես են բնութագրում Ժնևում այսօր տեղի ունեցող իրադարձությունները միջազգային լրատվամիջոցները։ Շվեյցարական այս քաղաքում գրեթե միաժամանակ երկու կարևոր բանակցություններ են ընթանում. մեկը՝ Իրանի միջուկային ծրագրի, մյուսը՝ Ուկրաինայի պատերազմի կարգավորման շուրջ։
Չնայած ձևաչափերը տարբեր են, երկու հարթակներն էլ ուղղակիորեն առնչվում են միջազգային անվտանգության ճարտարապետությանը։ Միջազգային լրատվամիջոցներն առայժմ վերջնական պայմանավորվածությունների մասին չեն հաղորդում, սակայն շեշտում են, որ դիվանագիտական ուղին ամբողջությամբ փակված չէ։
Ժնևում Իրանի միջուկային ծրագրի շուրջ Թեհրանի հետ Վաշինգտոնի հանդիպումից ժամեր առաջ Թրամփի թիմը հայտարարում է՝ ապացույցներ կան, որ Իրանը փորձում է ստեղծել միջուկային զենք, ինչպես նաև վերականգնել Ամերիկային հարվածելու ունակ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների ծրագիրը։ Այդ մասին նախ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Սակայն սկզբունքը շատ պարզ է։ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Եթե նրանք փորձեն վերականգնել միջուկային զենքը, դա խնդիրներ կառաջացնի։ Իրականում մենք տեսել ենք ապացույցներ այդ փորձերի մասին»։
ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն էլ բանակցություններից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է.
«Միջուկային ծրագրի ոչնչացումից հետո նրանց ասվել է չփորձել այն վերսկսել։ Եվ ահա նրանք այստեղ են։ Դուք կարող եք տեսնել, թե ինչպես են նրանք միշտ փորձում վերականգնել դրա տարրերը։ Նրանք այս պահին չեն հարստացնում, բայց փորձում են հասնել այն կետին, որից ի վերջո, կարողանան։ Նրանք ունեն այս սովորական զենքերը, որոնք նախատեսված են բացառապես Ամերիկային հարվածելու և ամերիկացիների վրա հարձակվելու համար, եթե նրանք այդպես որոշեն անել»։
Իրանի ներկայացուցիչները մինչդեռ տարակուսում են․ ամերիկացի պաշտոնյաների պնդումները չեն տեղավորվում բանակցային տրամաբանության մեջ։ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հանդիպումից առաջ հայտարարել է, որ իրենք Ժնևում են «կառուցողական տրամադրվածությամբ, և եթե մյուս կողմը ցուցաբերի քաղաքական իրական կամք, համաձայնությունը հնարավոր կլինի կարճ ժամկետում»։

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային նշել է, որ ամերիկյան կողմից արվող «հակասական հայտարարությունները չեն նպաստում դիվանագիտական գործընթացին»։ Խոսնակի ձևակերպմամբ՝ իրանական կողմը լրջորեն է տրամադրված ԱՄՆ-ի հետ բանակցելու հարցում, իսկ Թեհրանի դիրքորոշումը թե՛ պատժամիջոցների վերացման, թե՛ Իրանի կողմից միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման իրավունքի վերաբերյալ փոխանցվել է միջնորդ կողմին՝ Օմանի ներկայացուցիչներին։
Վերլուծաբանները նկատում են, որ Թեհրանն ու Վաշինգտոնը շարունակում են խառնել դիվանագիտությունը, այսպես ասած, «ձիթենու ճյուղերը» պատերազմի չարագուշակ նախազգուշացումների հետ։ Բանակցությունների հերթական փուլի ֆոնին Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Ղալիբաֆը հայտարարել է.
«Եթե դուք ընտրեք դիվանագիտության այն ուղին, որտեղ հարգվում են Իրանի արժանապատվությունը և փոխադարձ շահերը, մենք կմնանք բանակցությունների սեղանի շուրջ։ Բայց եթե ձեր որոշումը նախորդ փորձը կրկնելն է՝ խաբեության միջոցով, կեղծ տեղեկություններով, ապա, անկասկած, դուք կզգաք իրանական ազգի հզոր հարվածը»։
Մինչև բանակցությունները նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսում «Երկրի վիճակի մասին» իր ելույթում հայտարարել էր, որ նախընտրում է դիվանագիտությունը, բայց նաև Իրանին համաշխարհային ահաբեկչության թիվ մեկ հովանավոր էր անվանել և պնդել՝ Վաշինգտոնը պարզապես թույլ չի տա, որ Թեհրանը միջուկային զենք ունենա։
Ժնևում զուգահեռաբար քննարկվում է նաև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը։ Բանակցություններն ԱՄՆ-Ուկրաինա ձևաչափով են, իսկ Ռուսաստանի մասնակցությամբ հետագա եռակողմ բանակցությունները նախատեսվում են մարտի սկզբին։ Միջնորդ ամերիկյան կողմը հույս ունի, որ Ժնևյան ձևաչափը հնարավորություն է քայլ առ քայլ մոտենալու քաղաքական լուծման։
Ուկրաինացի բանակցողները ԱՄՆ պաշտոնյաների հետ կքննարկեն երկրի հետպատերազմյան վերականգնման հարցերը, այսպես կոչված «բարգավաճման փաթեթը»՝ այսպես է ձևակերպել ժնևյան բանակցությունների օրակարգը Ուկրաինայի նախագահը WhatsApp-ում կազմակերպված մեդիա-զրույցի ընթացքում։
«Խնդիրը այս պատերազմը դադարեցնելու քաղաքական կամքի և տարածքների հարցի մեջ է։ Սրանք այն դժվարություններն են, որոնց բախվում ենք․ նոր բան չկա։ Նրանք կփորձեն խոսել, և կարծում եմ՝ մարտի առաջին օրերին նաև եռակողմ ձևաչափով։ Հուսով եմ, որ հանդիպում կունենանք։ Եվ, իհարկե, գերիների փոխանակում։ Այս կետում ենք գտնվում հիմա։ Բայց վստահ չեմ, որ տարածքների հարցում կոնկրետ արդյունքներ կունենանք, որովհետև բազմիցս ասել եմ՝ այս հարցը պետք է քննարկվի առաջնորդների մակարդակով»։
Այս փուլում ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հիմնական խնդիրներն են հնարավոր հրադադարի պայմանները, անվտանգության միջազգային երաշխիքները, ռազմաճակատում վերահսկվող գծերի հարցը։ Ռուսական կողմը պնդում է, որ տարածքային հարցերը չեն կարող դուրս մնալ բանակցային օրակարգից։ Փորձագետների գնահատմամբ՝ կողմերի դիրքորոշումները շարունակում են էականորեն տարբերվել, սակայն բանակցությունների փաստն ինքնին կարևոր ազդակ է։




