
ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում այսօր ելույթ է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նա մասնավորապես համոզմունք է հայտնել, որ Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների հենասյունը պետք է ավելի ամրապնդվի և բավարար ռեսուրսներով ապահովված լինի՝ կանխարգելելու մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի խախտումները և չարաշահումները։ Աճող հակամարտությունները և հումանիտար ճգնաժամերը, ըստ Միրզոյանի, վճռական մոտեցում են պահանջում։ ՀՀ ԱԳ նախարարը խոսել է նաև տարածաշրջանում խաղաղություն հաստատելու կարևորության և Ադրբեջանում դատապարտված հայերի մասին։
Ժնևում ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի ելույթում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը միջազգային հանրությանը տեղեկացրել է, որ Հայաստանը և Ադրբեջանը, հակառակ երկարատև հակամարտությանը, քայլեր են անում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Նա խոսել է անցած տարվա օգոստոսին Վաշինգտոնում Հայաստանի, ԱՄՆ–ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնության մասին․
«Տասնամյակներ տևած դաժան հակամարտությունից և մարդասիրական արտակարգ իրավիճակներից հետո Հայաստանը Ադրբեջանի հետ մեծածավալ միջոցներ ձեռնարկեցին մեր տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Անցյալ տարի Վաշինգտոնում գումարված Խաղաղության գագաթնաժողովը ոչ միայն խաղաղություն հաստատեց երկու երկրների միջև, այլև հարթեց առևտրային կապերի և մարդկանց միջև շփումների ճանապարհը՝ կառավարությունների միջև համաձայնագրերից այն կողմ այս ճանապարհով գնալու համար։ Մենք նաև ցանում ենք իրական երկխոսության և վստահության սերմեր մեր հասարակությունների, նաև տուժած բնակչության միջև»։
Արարատ Միրզոյանը խոսել է նաև Ադրբեջանում ցմահ և երկարատև ազատազրկման դատապարված հայերի մասին, նաև ընդգծել է անհետ կորածների ճակատագրերը պարզելու կարևորությունը։
«Թեև հակամարտության մարդասիրական ցավոտ հետևանքները դեռևս պետք է լուծվեն, և հեռավոր ու մոտ անցյալի վերքերը դեռ մնում են, մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին։ Սա անհրաժեշտ է, դժվար է, սրանք, իսկապես, դժվարին ջանքեր են, քանի որ Բաքվում դեռևս պահվում են 19 հայ կալանավորներ, և անհրաժեշտ է պարզաբանել անհետ կորած անձանց և բռնի անհետացման դեպքերի ճակատագիրը»։
Հակառակ բարդ խնդիրների առկայությանը՝ Հայաստանը, ըստ Արարատ Միրզոյանի, այն մոտեցումն է որդեգրել, որ խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումը ավելի բարենպաստ միջավայր ստեղծի հակամարտության հետևանքները վերացնելու համար։
ՀՀ արտգործնախարարը միջազգային հանրությանը տեղեկացրել է, որ Հայաստանի հասարակությունը ենթարկվում է հիբրիդային հարձակումների և արտաքին միջամտության․
«Ինչպես մեր օրերում շատ այլ ժողովրդավարություններ մեր հասարակությունը ևս ենթարկվում է հիբրիդային սպառնալիքների հզոր ալիքի՝ ապատեղեկատվության, մանիպուլյացիաների և արտաքին միջամտության։
Դրանք բոլորը նպատակաուղղված թշնամական արշավներ են մեր քաղաքացիների վստահության և ժողովրդավարական ինստիտուտների դեմ»։ Արարատ Միրզոյանը վստահեցրել է, որ Հայաստանը քայլեր է անում արտաքին սպառնալիքները և հիբրիդային պատերազմի մարտահրավերները չեզոքացնելու համար։




