Սպորտ

Հակոբյան եղբայրները նվաճեցին եզրափակիչի ուղեգիր

Արամ Մանուկյան
«Ռադիոլուր»

«Դինամո»  մարզադահլիճում շարունակվում է հայկական բռնցքամարտի երախտավորներից մեկի ՝ Խորհրդային Միության արծաթե մեդալակիր, Արցախի հերոս Վաչիկ Մկրտչյանի անվան բռնցքամարտի մրցաշարը: Մրցումների 2-րդ օրը ռինգ դուրս եկան 56 կգ, 64 կգ, 69 կգ, 81 կգ, 91 կգ և +91 կգ քաշային կարգի մարզիկները:
56 կգ քաշային կարգում Հայաստանի գործող չեմպիոն  Հենրիկ Մոքոյանը առավելության հասավ «Աշխատանքային հերթափոխներ» մարզական ընկերության սան Վահան Սարգսյանի նկատմամբ: Նույն քաշային կարգում Էրիկ Պետրոսյանը հաղթեց Խաչիկ Խաչատրյանին, Արսեն Պողոսյանը ՝ Սուրեն Առաքելյանին, Գառնիկ Հարությունյանն էլ Տարոն Սողոմոնյանին:

64 կգ քաշային կարգում  գյումրեցի Հովհաննես Բաչկովը դժվարին պայքարում հաղթեց Ռադիկ Գրիգորյանին, Շավարշ Սողոյանն էլ ուժեղ գտնվեց Վարդան Հովհաննիսյանի հետ մենամարտում:

69 կգ քաշային կարգում դինամոյական Վլադիմիր Մարգարյանը վստահ հաղթանակ տարավ արմավիրցի Մովսես Թորոսյանի նկատմամբ, գյումրեցի Ռաֆայել Բարսեղյանն էլ պարտության մատնեց Մելքոն Մելքոնյանին:

81 կգ քաշային կարգում 2012 թվականի երիտասարդների աշխարհի չեմպիոն Նիկոլ Արությունովը գրագետ մարտավարության շնորհիվ հաղթեց Լևոն Բաբայանին և նվաճեց եզրափակչի  ուղեգիր:

Եզրափակչի ուղեգիր նվաճեց  նաև վանաձորցի Վազգեն Շահվերդյանը, ով պարտության մատնեց Արամ Ջավադյանին: 91 կգ քաշային կարգում Ռազմիկ Հարությունյան- Ռաֆայել Սիմոնյան դիմակայությունում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակը շնորհվեց Վանաձորը ներկայացնող Ռաֆայել Սիմոնյանին: Այս քաշային կարգի մյուս մենամարտում Հենրիկ Սարգսյանը առավելության հասավ Արթուր Համբարձումյանի նկատմամբ:

Գերծանր քաշային կարգում եզրափակչի ուղեգիր նվաճեցին Հակոբյան եղբայրները: Կիսաեզրափակչում ավագ եղբայրը՝ Հակոբ  Մելքոնյանը հաղթեց Ազատ Դավթյանին, իսկ  Նարեկ Մելքոնյանն էլ առավելության հասավ Արկադի Հարությունյանի նկատմամբ:

Back to top button