
Օրերս հայտնի դարձավ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի՝ Հայաստան այցելելու ժամկետը։ Նա Հայաստանում կլինի երկու օր՝ մարտի 19-20-ը։ Հայաստանում Եվրամիության դեսպանությունից հայտնում են, որ Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ։
Հետագա գործակցության ուղղությամբ ԵՄ-ն 2026-ի հենց սկզբում արեց իր հերթական քայլը՝ հաստատեց Եվրոպական խաղաղության հիմնադրամի երկրորդ փուլի աջակցությունը։ Ուշագրավ է, որ առաջիկա ամիսներին Հայաստանում սպասվում են մեծ միջոցառումներ ԵՄ անդամ երկրների մասնակցությամբ։ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը նախատեսված է մայիսի 4-ին, իսկ մայիսի 5-ին տեղի կունենա ԵՄ–Հայաստան առաջին գագաթնաժողովը։
Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի այցին ընդառաջ հանձնակատարի գրասենյակից բացառիկ մանրամասներ են փոխանցել «Ռադիոլուրին» երկկողմ համագործակցության, ինչպես նաև «Խաղաղության գործիքի» երկրորդ փուլի աջակցության մասին։
Եվրոպական խաղաղության հիմնադրամի աջակցությունը Հայաստանի անվտանգությանը «Խաղաղության գործիքի» միջոցով ընդհանուր առմամբ կազմելու է 30 միլիոն եվրո։ 2024-ին հաստատվել էր 10 միլիոնի ծրագիրը, ևս 20 միլիոն եվրոյի աջակցության երկրորդ փաթեթը ԵՄ խորհուրդը հաստատեց այս հունվարի 29-ին։ Հունգարիան, որն ավելի վաղ իր վետոյով արգելափակել էր Հայաստանին աջակցությունը, փոխել է դիրքորոշումը, ինչը թույլ է տվել ընդունել որոշումը 27 անդամ երկրների կոնսենսուսով:
Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի գրասենյակից «Ռադիոլուր»-ին պարզաբանել են, որ 2024-ի առաջին փաթեթով սահմանված 10 մլն եվրոյի հատկացումը դեռ շարունակվում է, իսկ արդեն հունվարին հաստատված 20 միլիոն եվրոյի փաթեթի հատկացումը նախատեսված է որոշումն ընդունելուց հետո 30 ամսվա ընթացքում։
Այսինքն՝ այսպիսով որոշակիանում է, որ առաջիկա 2.5–3 տարվա ընթացքում ԵՄ-ն Հայաստանի հետ աշխատելու է ՀՀ զինված ուժերի կարողությունների ամրապնդման, մասնավորապես, տեխնիկական և պաշտպանական ոլորտներում: Մարթա Կոսի գրասենյակի խոսնակի պարզաբանմամբ` երկրորդ փուլի աջակցության միջոցը կհամալրի 2024 թվականին մեկնարկած ընթացիկ աջակցությունը, որը ներառում է վրանային ճամբարի տեղադրում։ Կրկնապատիկ ավելացող աջակցության շրջանակում ճամբարը կընդլայնվի` դարձվելով բրիգադ։
Հայաստանի անվտանգային ուժեղացմանն ուղղված աջակցության ծրագրով հատուկ ուշադրություն է դարձվելու լոգիստիկ կարողություններին՝ ամրապնդելու քաղաքացիական բնակչության պաշտպանունակությունը ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում։
«Այն նաև միտված է բարձրացնելու Հայաստանի դիմակայունությունը և արագացնելու Զինված ուժերի համագործունակությունը միջազգային ռազմական առաքելություններին և գործողություններին հնարավոր ապագա մասնակցության դեպքում, այդ թվում՝ ԵՄ կողմից տեղակայվող առաքելություններին»։
«Խաղաղության գործիքի» միջոցով Հայաստանին տրամադրվող աջակցության նպատակները մանրամասնել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։
«Սա իսկապես լուրջ ձեռքբերում էր, և մենք ունենք արդեն առաջին միջոցառումը, որը համաձայնեցրել ենք, վերջնականացրել ենք, և հիմա գնում ենք կատարում Հայաստանի զինված ուժերի համար։ Սա ոչ մահաբեր աջակցության միջոց է։ Անվտանգությունը միայն բանակի մասին չէ, և բանակն էլ միայն մահաբեր տեխնիկայի մասին չէ։ Կան նաև բաներ, որոնք անհրաժեշտ են գործառնական ֆունկցիոնալության, թիկունքային ապահովման, բուժծառայության համար, և մենք նաև անվտանգության ոլորտի բարեփոխմանն ենք ուշադրություն դարձնում Ազգային անվտանգության խորհրդի և այլ համապատասխան մարմինների հետ։ Խորհուրդ է տրվել աջակցել Եվրամիության մեր փորձառությամբ կիսվելով, և համաձայնել ենք ապահովել Հայաստանի մասնակցությունը անվտանգության ճգնաժամային կառավարման առաքելություններին, որոնք ուղարկում է Եվրամիությունը։ Այսինքն` դրա միջոցով Հայաստանը նաև կդառնա անվտանգություն ապահովող։ Մեր ռեսուրսները պետք է միավորենք, և իրական գործընկերությունը հենց դրա մասին է»։

«Ռադիոլուր»-ին Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատարի գրասենյակից պարզաբանել են նաեւ, որ «Խաղաղության գործիք»-ով աջակցությունը ենթադրում է նաև պարտավորություններ շահառու կողմի համար։ Ամենակարևոր սկզբունքն է՝ տրամադրված սարքավորումները օգտագործել բացառապես նախատեսված նպատակներով։
Տրամադրվող աջակցությունը ստանալու պայմաններում Հայաստանը պարտավորված է պահպանել միջազգային մի շարք իրավունքներ, մասնավորապես, մարդու իրավունքներ, միջազգային հումանիտար իրավունք, ինչպես նաև` ռազմական նշանակության սարքավորումների մատակարարման ոլորտում կիրառվող միջազգային և ԵՄ կանոնները և քաղաքականությունների վրա հիմնված իրավական գործիքները։
2025-ի ավարտին, երբ Հայաստանն ու ԵՄ կնքում էին ռազմավարական գործակցության պայմանագիրը, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հաստատել էր, որ անվտանգային հարցերը քննարկված կարևոր կետերի թվում են։
«Անվտանգության և պաշտպանության ոլորտում ընդլայնված համագործակցություն․օգնության առաջին մասը Հայաստանը ստացավ «խաղաղության գործիքի» շրջանակներում։ Դա համագործակցության նոր հորիզոններ է բացում։ Բարձր ներկայացուցիչ Կալասի այցի ժամանակ մենք ստորագրեցինք համաձայնություններ, խոսեցինք նաև Հայաստանի` ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականությանը միանալու մասին։ Անվտանգությունը, պաշտպանությունը կարևոր ուղղություն են մեր համագործակցության համար»։
Եվրոպական խաղաղության հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականի մարտին՝ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության ֆինանսավորման նպատակով՝ հակամարտությունների կանխարգելման, խաղաղության պահպանման և միջազգային անվտանգության ու կայունության ամրապնդման համար։
Եվրոպական խաղաղության հիմնադրամը ԵՄ-ին հնարավորություն է տալիս ֆինանսավորել գործողություններ, որոնք ուղղված են երրորդ երկրների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների կարողությունների ամրապնդմանը՝ ռազմական և պաշտպանական ոլորտներում։
Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատարի գրասենյակը միաժամանակ շեշտում էր, որ այս աջակցությունը նաեւ ԵՄ-Հայաստան գործընկերության շրջանակում է, որը հիմնված է ընդհանուր արժեքների վրա և ուղղված է Հայաստանում և Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարօրության խթանմանը։
ԵՄ-ն հանձնառու է խորացնել Հայաստանի հետ համապարփակ քաղաքական և տնտեսական գործընկերությունը՝ հիմնվելով ԵՄ-Հայաստան գործընկերության նոր ռազմավարական օրակարգի վրա, որը նոր փաստաթղթով ավելի ընդլայնված է, քան նախկինում գործող CEPA-ն՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։




