ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ո՞վ է վճարելու անորակ աշխատանքի համար․ Երևանի քաղաքապետարանն արձագանքել է փոսալցման հետ կապված խնդիրներին

Երևանի քաղաքապետարանն ընդունում է, որ փողոցների վնասված ծածկույթի փոսալցման աշխատանքներում կան շինարարական նորմերի խախտումներ ու խոտան և վստահեցնում է, որ թերացումները կվերացվեն շինարարի հաշվին:

Մինչ պաշտոնյաները պարզաբանում են բյուջետային ծախսերն ու ավտոտնակների ապամոնտաժման օրինականությունը, ընդդիմությունն ու ակտիվիստները հայտարարում են, որ ոտնահարվում են քաղաքացիների իրավունքները, իսկ ասֆալտապատումն արվում է այսպես ասած՝ «թեյնիկով»:

Երևանի Վարդանանց փողոցի վնասված ծածկույթի փոսալցումը արվել է առանց բիտումի․ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հաստատում է «Ռադիոլուրի» հնչեցրած ահազանգը։

Փոխքաղաքապետը լրագրողներին հայտնեց, որ փոսալցման ընթացիկ աշխատանքները շինարարները պատշաճ չեն կատարել, բազմաթիվ խախտումներ են արձանագրվել։

«Հայտնում եմ, որ այդ ասֆալտը քանդվելու է՝ ամբողջությամբ շինարարի հաշվին, այսինքն՝ քաղաքապետարանն այդտեղ գումար չի ծախսելու, և պետք է ստանանք այն փոսալցումը, որը նախատեսված է ավագանու որոշումներով և ընթացակարգերով»։

Մինչ փոխքաղաքապետը պարզաբանում էր բյուջեի ծախսերն ու Վարդանանց փողոցում արձանագրված խախտումները, ակտիվիստ Արթուր Չախոյանը տեսանյութով ցուցադրում էր անորակ աշխատանքի ընթացքը։

Տեսանյութում երևում է, թե ինչպես են փոսերը բիտումապատում սովորական թեյնիկով, մինչդեռ, դա պետք է արվի հատուկ տեխնիկայով։

«Ասֆալտապատման աշխատանքներն իրականացվում են անորակ, քաղաքաշինական նորմերի կոպիտ խախտումով։ Հողի վրա առանց տակը փոշեզրկման, առանց բիտումի նորմալ տարածման ասֆալտապատման աշխատանքներ են անում»։

Փոխքաղաքապետը համաձայն չէր լրագրողների այն պնդմանը, որ քաղաքապետարանն աշխատում է միայն հանրային բողոքից հետո, թեև ընդունում է որ կան թերացումներ։

«Բայց դա չի նշանակում, որ քաղաքապետարանը սպասում է, թե որևէ բլոգեր կամ մեր հարգելի լրագրողներից մեզ մատնանշեն խնդիրը։ Մենք նաև ունենք «Ակտիվ քաղաքացի» հարթակը, որտեղ մեր քաղաքացիներն անձամբ են խնդիրները նշում, որովհետև քաղաքապետարանն իր անձնակազմով, նաև վարչական շրջանները չեն կարող նկատել փոքր կամ  միջին խնդիրները, միգուցե իրենց աչքից վրիպի, բայց մեր քաղաքացիները, քանի որ ուշադիր են, իրենք տեսնում են, նկարում, ուղարկում, և այդ խնդիրներին տրվում են լուծումներ»։

Ըստ Արմեն Փամբուխչյանի՝ արդեն շուրջ 10 հազար քմ փոսալցում է կատարվել է։ Տարեկան բյուջեով նախատեսված է 200 հազար քմ փոսալցում, աշխատանքները շարունակվում են։

Տարեկան ծրագրով նախատեսված  է նաև բակերի բարեկարգում։ Այդ ծրագրով քաղաքապետարանը հաճախ ստիպված է լինում ավտոտնակներ ապամոնտաժել, ասում է Երևանի փոխքաղաքապետը։ Եթե ավտոտնակները չեն խանգարում բակային միջավայրին կամ նոր նախագծեր չկան, վարձակալության պայմանագրերը կերկարացվեն նոր սակագներով, ասում է Փամբուխչյանը։ Սակագներն այժմ հստակեցվում են:

«Այն ավտոտնակները, որոնք չկան նախագծերի մեջ, այդ ավտոտնակների պայմանագրերը քննարկման արդյունքում, միգուցե, հողի վարձակալության վճարները երկարացվում են 2 կամ 3 տարով։ Իսկ այնտեղ, որտեղ մենք ունենք հստակ նախագծեր, այդ ավտոտնակները, միանշանակ, քանդվում են»։

2026-ի փետրվարի 9-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ քաղաքապետարանը պարբերաբար ստանում է հայտեր՝ օրինականացնելու այն հողերը, որոնց վրա կառուցված կամ տեղադրված են ավտոտնակները։

Ավինյանն ասել էր, որ ընդհանուր օգտագործման տարածքներում գտնվող ավտոտնակները սեփականաշնորհման ենթակա չեն։ Կառավարության որոշմամբ՝ դրանք պետք է քանդվեն:

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանն բարձրացրել է ավտոտնակների քանդման խնդիրը՝ նշելով, որ որոշ սեփականատերեր քանդման որոշումը ստացել են աշխատանքների մեկնարկից ընդամենը մեկ օր առաջ։

«Քաղաքապետի որոշման մեջ գրված է, որ քաղաքացիները ունեն բողոքարկելու իրավունք և պետք է ունենան նաև հնարավորություն բողոքարկելու և՛ քաղաքապետին, և՛ դատական կարգով, սակայն քաղաքացիները ծանուցվել են տվյալ որոշման մասին ընդամենը երեկ, որոշումը կայացվել է երեկոյան, և վաղ առավոտից արդեն եկել են քանդման աշխատանքներ են իրականացրել, այն պարագայում, երբ ավտոտնակների տերերը եղել են աշխատավայրում և չեն էլ ունեցել հնարավորություն պաշտպանվելու»։

Թեև քաղաքային ընդդիմությունն ու քաղաքացիները հայտարարում են, որ ավտոտնակների ապամոնտաժման մասին նախապես չեն տեղեկացվել և բողոքարկման հնարավորություն չեն ունեցել, քաղաքային իշխանությունները պնդում են, որ ամն ինչ արվել է օրենքին համապատասխան:

Կարդացեք նաև

Back to top button