ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

«Խաղաղության խորհրդի» առաջին գագաթնաժողովի ուշագրավ դրվագները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ Վաշինգտոնում կայացել է «Խաղաղության խորհրդի» առաջին գագաթնաժողովը։

ԱՄՆ նախագահի անունից ուղարկված շուրջ 50 հրավերին ի պատասխան խորհրդին միացել է մոտ երկու տասնյակ երկիր, այդ թվում՝ նախկին խորհրդային երկրներից Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ադրբեջանը։ Թուրքիան նույնպես միացել է նախաձեռնությանը որպես լիիրավ անդամ։

Ի սկզբանե նախատեսված էր, որ Թրամփի նախագահությամբ խորհուրդը կգործի որպես համաշխարհային առաջնորդների փոքր խումբ, որը կվերահսկի Գազայի հրադադարի ծրագիրը: Սակայն նախաձեռնության մշակման ընթացքում հավակնություններն ընդլայնվեցին։ ԱՄՆ առաջնորդը հայտարարեց, որ խորհուրդը հավակնում է աշխարհում հակամարտությունների միջնորդի դերին:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում երեք տասնյակի հասնող շփումներ և կարճատև զրույցներ է ունեցել տարբեր երկրների ղեկավարների հետ։ Տեսախցիկներն արձանագրել են նաև Հայաստանի վարչապետի ու Միացյալ Նահանգների նախագահի, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի հետ ոչ պաշտոնական շփումները։

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալ Թրամփը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն իր միջնորդությամբ արդեն դարձել են ընկերներ։ 32 տարի պատերազմող պետությունների խաղաղության հաստատման հաջողության պատմությունը Միացյալ Նահանգների նախագահի համար լավ օրինակ էր «Խաղաղության խորհրդի» առաջին գագաթնաժողովի բացման ներածական խոսքում ներառելու։ Թրամփը նշեց, որ երբեք չի մոռանա այդ ակնթարթները, Հայաստանն ու Ադրբեջանը կարևոր երկրներ անվանեց  և հորդորեց հպարտանալ կատարվածով։  

«Խաղաղության խորհրդի» առաջին գագաթնաժողովի այս հատվածն ավարտվեց Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի ձեռքսեղմումով։

«Խաղաղության խորհրդի» առաջին գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար նախատեսված  տեղը Կամբոջայի և Պակիստանի ղեկավարների կողքին էր, իսկ լուսանկարվելիս՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի թիկունքում։ Միջոցառման շրջանակում փոխնախագահ Վենսը Փաշինյանին ու Ալիևին ասաց, որ վերջիններս ցույց տվեցին, թե ինչ արդյուքն կարող է տալ իրական առաջնորդությունը։ Նա հիշեց մեկ շաբաթ առաջ Երևանում և Բաքվում ունեցած հանդիպումներն ու շնորհակալություն հայտնեց։

Վաշինգտոնից Երևան գալու ճանապարհին Հայաստանի վարչապետը սոցցանցում գրառումով տեղեկացրեց, որ վերադառնում է խաղաղության ավելի մեծ վստահությամբ։

Թեև Վաշինգտոնում այս անգամ տեղի չունեցավ Հայաստանին ուղղակիորեն առնչվող որևէ առանձնազրույց կամ քննարկում, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը վաշինգտոնյան ազդակները ծանրակշիռ է համարում։

«Վերջին մեկ ամսվա մեջ Հայաստանի վարչապետը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպել է երկու անգամ, իսկ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մեկ անգամ այցելել է Հայաստան։ Սա աննախադեպ բան է։ Սա նշանակում է, որ Հայաստանի միջազգային կշիռը շեշտակիորեն աճել է, ու հիմա կան Հայաստանում մարդիկ, ովքեր ասում են` Հայաստանը կործանվում է։ Բա կործանվող երկրի վարչապետի հետ Միացյալ Նահանգների պես երկրի նախագահը մեկ ամսվա մեջ երկու անգամ հանդիպում է, որ ի՞նչ անի։ Բա կործանվող երկրի հետ Միացյալ Նահանգները համագործակցության փաստաթղթե՞ր է ստորագրում, բա կործանվող երկրում Միացյալ Նահանգների պես երկիրը միլիարդավոր դոլարների ներդրո՞ւմ է պատրաստվում անել»։

Խաղաղության հաստատման ճանապարհին փոքր քայլերի կարևորությունը ամերիկյան ARTN հեռուստաընկերության եթերում ներկայացրել է Հայաստանի վարչապետի խորհրդական Լիլիթ Մակունցը, որը 2021-2025 թվականները Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանն էր։

«Խաղաղության գագաթնաժողովին մասնակցությունը գիտեք, որ նախագահ Թրամփի հրավերով է տեղի ունենում։ Մեզ համար կարևոր է նման հարթակներում մասնակցություն ունենալը։ Մենք ջատագովն ենք ոչ միայն Հայաստանի և իր հարևանների միջև կարգավորման, այլ նաև աշխարհի տարբեր ծայրերում։ Որովհետև խաղաղությունը կապ չունի, թե որտեղ է այն հաստատվում, դա մարդկության նվաճումն է` անկախ նրանից` մեզ անձամբ առնչվում է, թե՝ ոչ։ Եթե մեզ պետք է խաղաղություն, ուրեմն պետք է գտնել բոլոր մեթոդները, բոլոր միջոցները դրան հասնելու համար, անկախ նրանից, թե դիմացինի նպատակները ինչպիսին են»։

Արձանագրվել են նաև  «Խաղաղության խորհրդի» առաջին գագաթնաժողովի առաջին որոշումն ու առաջին տարաձայնությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խորհրդի առաջին նիստում հայտարարել է, որ մի խումբ երկրներ, ներառյալ՝ Ղազախստանը, Ադրբեջանը, ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան, ավելի քան 7 միլիարդ դոլար են հատկացրել Գազայի վերականգնման փաթեթին։

Ավելի ուշ Բաքուն հերքել է Թրամփի պնդումը։ Ադրբեջանը չի մասնակցի Գազայի համար 7 միլիարդ դոլարի ֆինանսական նախագծին՝ X-ում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։ Նա պարզաբանել է, որ որպես հիմնադիր անդամ՝ Ադրբեջանն աջակցում է Խաղաղության խորհրդի նպատակներին, բայց նախագծին չի մասնակցում։

«Խաղաղության խորհրդի» առաջին գագաթնաժողովի ժամանակ գրանցվեց նաև առաջին սկանդալը։

Արդեն մեկ օր համացանցում տեսանյութ է շրջանառվում, որտեղ երևում է, թե ինչպես են Ադրբեջանի նախագահի թիկնապահները Վաշինգտոնի կենտրոնում ծեծի են ենթարկում մի քանի անձանց։  Նրանք ադրբեջանցի ընդդիմադիրներ են , որոնք  հյուրանոցի մոտ բողոքի ակցիա են անցկացրել՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչերով։   

Մի շարք երկրների մասնակցությունը «Խաղաղության խորհրդի» առաջին գագաթնաժողովին տեղի չունեցավ տարբեր պատճառներով։ Բելառուսում, օրինակ դժգոհ են․ Միացյալ Նահանգները մերժել է վիզա տրամադրել Բելառուսի արտգործնախարար Մաքսիմ Ռիժենկովի գլխավորած պատվիրակությանը։

Փոխարենը՝ Թրամփը կցանկանար Ռուսաստանին և Չինաստանին տեսնել Խաղաղության խորհրդի կազմում։ Սա նախագահ Թրամփի բարձրաձայնած ցանկությունն է, այդ մասին նա ասել է Ջորջիա մեկնելիս նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։ ԱՄՆ ղեկավարը բացատրել է, որ այն խորհրդում, որը կոչված է լուծել աշխարհում շարունակվող հակամարտությունները, պետք է ներկայացված լինեն ամենատարբեր ուժեր: «Ոչ մի խտրականություն»,-հավելել է նա։

«Խաղաղության խորհրդի» մասնակիցների առումով Վաշինգտոնում նաև ափսոսանք կա։ ԱՄՆ վարչակազմն ափսոսում է, որ Վատիկանը հրաժարվել է մասնակցել Գազայի հատվածում իրադրության կարգավորման համար ստեղծված Խաղաղության խորհրդի աշխատանքներին՝ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ Սուրբ Աթոռի որոշման մասին ավելի վաղ հայտարարել էր Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը: Նա նշել էր, որ կան հանգամանքներ, որոնք «տարակուսանքի մեջ են գցում, կան նաև կրիտիկական հարցեր, որոնք պարզաբանում են պահանջում»:

«Խաղաղության խորհրդի» առաջին գագաթնաժողովի աշխատանքներին զուգահեռ Ամերիկայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպել են Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ու խորհրդական Լիլիթ Մակունցը՝ նոր իրողություններում աշխատանքները ներկայացնելու համար։

Ամերիկյան AMGA հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Արայիկ Հարությունյանն ասել է․ «Մենք Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերություններում այնպիսի մեխանիզմներ ենք ստեղծում երկուստեք, որոնք թույլ կտան, որ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները միշտ զարգացում ապրեն, և մենք դա ապացուցել ենք։ Դա եղել է և դեմոկրատական կառավարության օրոք, և հիմա շարունակվում է արդեն հանրապետականների օրոք»։

Իսկ մինչև Երևան ուղևորվելը, ՀՀ վարչապետը նախընտրել է Վաշինգտոնից ամերիկյան ոճով հրապարակել ավանդական դարձած սրտիկները։

 

 

 

 

Կարդացեք նաև

Back to top button