ԿարևորՄիջազգային

Խաղաղության խորհուրդը կզբաղվի ոչ միայն Գազայի հատվածի, այլ նաև մյուս թեժ կետերի խնդիրներով․ Թրամփ

Խաղաղության խորհուրդը կզբաղվի ոչ միայն Գազայի հատվածի, այլ նաև աշխարհի այլ թեժ կետերի խնդիրներով, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Վաշինգտոնում ԱՄՆ նախաձեռնությամբ ստեղծված Խաղաղության խորհրդի առաջին նիստում։

«Մենք կլուծենք Գազայի խնդիրները, Գազան կդարձնենք շատ անվտանգ։ Եվ մենք, կարծում եմ, կշարժվենք առաջ և կանդրադառնանք աշխարհի մյուս թեժ կետերին։ Մենք, հավանաբար, կարող ենք դա շատ հեշտությամբ անել», — ասել է Թրամփը։

Նա նաև վստահեցրել է, որ Խաղաղության խորհուրդը կհամագործակցի ՄԱԿ-ի հետ։ «Եվ մենք կրկին կաշխատենք ՄԱԿ-ի հետ, կառողջացնենք այն», — նշել է ամերիկացի առաջնորդը։ «Այն օգնության կարիք ունի։ Ունի անհավանական ներուժ, բայց շատ օգնության կարիք ունի», — կարծում է Թրամփը։

Դիմելով հանդիպման մասնակիցներին՝ նա վերահաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը շարունակել համագործակցությունը առաջիկա տարիներին։ «Մենք հանձնառու ենք ձեզ հետ համագործակցել առաջիկա տարիներին բազմաթիվ արժեքավոր մարդասիրական հարցերի շուրջ», — ասել է Թրամփը։

Նա նաև ստորագրել է միաձայն ընդունված Խաղաղության խորհրդի բանաձևը, որում սահմանվում են կոռուպցիայի դեմ պայքարի և ֆինանսական թափանցիկության սկզբունքները։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը հայտարարել է, որ հանդիպման մասնակիցները պարտավորվել են հատկացնել ավելի քան 6,5 միլիարդ դոլար՝ Գազայի հատվածը վերականգնելու և ժողովրդին մարդասիրական օգնություն տրամադրելու համար։

Կարդացեք նաև

Back to top button