
Նախօրեին Աջափնյակում տեղի ունեցած ողբերգական միջադեպին անդրադարձել են Մարդու իրավունքների պաշտպանը, արդարադատության և առողջապահության նախարարները։ Հիշեցնենք՝ փետրվարի 18-ին՝ ժամը 15-ի սահմաններում Աջափնյակ վարչական շրջանի բակերից մեկում վիճաբանություն էր տեղի ունեցել, կրակոցներ էին հնչել, որոնց հետևանքով հիվանդանոց էր տեղափոխվել 7 քաղաքացի: Նրանցից մեկը մահացել էր։ Պաշտոնյաները տեղի ունեցածը մտահոգիչ են որակում, ակնկալում են արդյունավետ քննություն և համոզված են, որ նման միջադեպերը կանխելու հարցում անելիք ունեն ոչ միայն պետական կառույցները, այլև հասարակությունը։
Փետրվարի 18-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանի բակերից մեկում հնչած կրակոցների հետևանքով յոթ մարդ տեղափոխվել էր հիվանդանոց։ Նրանցից մեկը մահացել էր, մյուսների վիճակը, ըստ Առողջապահության նախարարության, ծանր է կամ ծայրահեղ ծանր։
Օրը ցերեկով մայրաքաղաքում տեղի ունեցած հրաձգությունը դարձյալ քննարկման առարկա է դարձրել Հայաստանում ապօրինի զենքի շրջանառության, հանցավորության դեմ պայքարի արդյունավետության հարցերը։
Նման դեպքերը խոր արմատներ ունեն՝ կարծում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։ Ըստ նրա՝ Արցախյան վերջին պատերազմից հետո շուրջ 10 հզր միավոր զենք դեռևս չի հայտնաբերվել․ մեջբերում․
«Մեր երկրում ապօրինի զենքի առկայության համար պատիժը պետք է անհապաղ խստացվի՝ այն վեր դասելով ծանր հանցագործությունների շարքում՝ ներկայիս «ոչ մեծ ծանրության» դասի փոխարեն»։
Առաքելյանի կարծիքով՝ միջադեպը փաստում է, որ յուրաքնաչյուր կենցաղային վեճ կարող է վերածվել մահացու հրաձգության։ Տեղի ունեցածը հանրային հոգեբանության տեսանկյունից դիտարկելով ՝ հոգեբան Անի Ապիտոնյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում նկատում է՝ պատերազմներից հետո հասարակությունները հաճախ հետտրավմատիկ իրավիճակում են հայտնվում, որը տարբեր դրսևորումներ է ունենում։
«Շատ կարևոր է, որպեսզի հասարակությունում նվազեն այն հետևանքները, որոնք բերում է պատերազմը, պետական աջակցություն է պետք հասարակությանը։ Այս դեպքում այս ամեն ինչի նվազում կլինի, բայց եթե դա տեղի չի ունենում, տեղի է ունենում այս ամեն ինչի էսկալացիայի, և բնական է, որ նաև կարող է հանցագործությունների թվի աճ տեղի ունենալ»։
Անի Ապիտոնյանը նկատում է նաև, որ հասարակության մեջ կա սոցիալական վերահսկողության թուլացում։ Հիշում է, որ նախկինում սպանության կամ վիճաբանության դեպքերը տեղի էին ունենում հատուկ ընտրված տարածքներում՝ գերեզմանատների շրջակայք կամ ամայի վայրեր, իսկ հիմա դրանք անգամ բակային տարածքներ են տեղափոխվել։
Աջափնյակում տեղի ունեցած միջադեպից շուրջ մեկ ամիս առաջ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը տարեկան ամփոփիչ ասուլիսում շեշտել էր՝ 2025–ին մարդու դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 23 %-ով, իսկ զենք–զինամթերքի առգրավումն աճել է 42 %-ով։
«Եթե մենք ունենք նվազումներ, կարևորագույն խումբ հանցագործությունների, դա չի կարող վատ լինել, դա շատ դրական արդյունք է, որը վկայում է, իմ դեպքում գոնե թե, Ներքին գործերի նախարարության համակարգի ավելի արդյունավետ, ես չեմ ասում 100 %-անոց արդյունավետ, ավելի արդյունավետ աշխատանքի մասին 2025 թվականի կտրվածքով»։
Նախարարն ընդունել էր, որ կանխարգելման տեսանկյունից դեռ անելիք կա՝շեշտելով, որ հասարակության բոլոր շերտերի մասնակցությունը կարևոր է։ Արփինե Սարգսյանը կենցաղային վեճի օրինակ էր բերել։
«Մենք ունենք իրավիճակ, որ խոհանոցային դանակով սպանություն է կատարել, ի՞նչ անենք, խոհանոցային բոլոր դանակները հավաքե՞նք, արգելե՞նք խոհանոցային դանակների օգտագործումը»։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը իրավապահների կանխարգելիչ քայլերի արդյունավետությունը գնահատել չի ցանկանում, բայց համոզված է, որ նման միջադեպերը չեն կարող նորմալ դիտարկվել որևէ հասարակությունում։
«Այն, որ մենք ունենք այդպիսի իրավիճակ, դա արդեն իսկ նշանակում է, որ կան խնդիրներ, այսինքն՝ բավարար չէ բոլորիս կատարած աշխատանքը։ Որովհետև, օրինակ, այն կոնտենտը, որ տարածում ենք, այդ թվում հրապարակային եղանակով տարբեր հարաբերությունների, հարցերի հետ կապված, այն լեզուն, որն ամեն օր կիրառում ենք, միանշանակ, նպաստում է նաև նման երևույթների ավելի զարգացման»։
Անահիտ Մանասյանը վստահ է, որ նման միջադեպերը կանխելու հարցում անելիք ունեն ոչ միայն պետական կառույցները, այլև հանրությունն ու քաղաքացիները։ Այս մոտեցումն, ի դեպ, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի խոսքով, կարտացոլվի հանցավորության կանխարգելման նպատակով առաջիկայում ընդունվելիք ռազմավարության մեջ։
«Դուք էլ անելիք ունեք, ես էլ անելիք ունեմ որպես հասարակության անդամ և որպես Ներքին գործերի նախարար, առողջապահական բլոկն ունի անելիք, կրթական բլոկը, մեր ընտանիքները, համայնքի ներկայացուցիչները, մենք ինքներս, որպես պոտենցիալ հանցանք կատարող անձինք, որոնք որոշակի պահի կարող են էլի այդ պոռթկման շեմն անցել, և այսպես շարունակ»։
Վատ է, որ նմանատիպ միջադեպեր են գրանցվում, բայց դրանք հատուկ են բոլոր ժամանակներին ՝ կարծում է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Անձնական հարաբերություններին միջամտելու իրական հնարավորություն պետությունն ու կառավարությունը չունեն։ Ամեն դեպքում՝ գործի քննությունը և ելքը պետք է իրականացվեն բարձր արդյունավետությամբ»։
Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ սպանության, խուլիգանության, հրազենի ապօրինի շրջանառության հատկանիշներով։




