
Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անդրադարձել է հանրային հնչեղություն ունեցող մի շարք հարցերի։ Խոսքը մասնավորապես անազատության մեջ գտնվող անձանց պահման պայմանների, իրանցի կնոջ՝ հանրային հնչեղություն ստացած գործի և իրավապահ մարմինների լիազորությունների շրջանակի, ինչպես նաև կրոնական կազմակերպությունների ինքնավարությանը առնչվող քննարկումների մասին է։
Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանությունը պետք է մշտապես լինի հանրային և պետական ուշադրության կենտրոնում՝ համոզված է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Նրա խոսքով՝ խնդիրը վերաբերում է ոչ միայն քրեակատարողական հիմնարկներին, այլ նաև այն բոլոր հաստատություններին, որոնցում ազատությունից զրկված անձինք են պահվում։
«Այս առումով, իհարկե, մեր հանրապետությունում, եթե շենքային պայմանների առումով հիմա խոսենք, որոշակի զարգացումներ տեղի ունեցել են։ Ավելին ասեմ, վերջին տարիներին, օրինակ, Աբովյան քրեակատարողական հիմնարկում, մի շարք այլ քրեակատարողական հիմնարկներում ևս, վերանորոգման լայնածավալ աշխատանքներ իրականացվել են, բայց, բնականաբար, դա չի կարող լինել, այսպես ասած, միակ համակարգային միջոցը խնդիրները լուծելու»։
Մանասյանի խոսքով՝ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի շենքն ամբողջությամբ վերափոխվելու կարիք ունի, քանի որ վերանորոգմամբ հնարավոր չէ լուծել բոլոր խնդիրները։ Նոր շինության կառուցման վերաբերյալ արդեն քննարկումներ են ընթանում՝ հայտնում է ՄԻՊ-ը։
«Պարզապես այս փուլում արդեն կարևորում եմ ոչ միայն հարցի քննարկումը, այլ նաև հարցի հետ կապված վերջնական ոչ թե որոշման կայացումը, այլ փաստացի գործողությունների իրականացումը»։
Պաշտպանը վստահեցնում է, որ բարձրաձայնված խնդիրները, օրինակ՝ քրեակատարողական հիմնարկների վերաբերյալ, արձագանք են ստանում պետական մարմիններից, իսկ Նուբարաշենի հարցը հատուկ քննարկման առարկա է դարձել է։
Մանասյանն անդրադարձել է նաև իրանցի կնոջ գործին՝ ընդգծելով, որ իրենց գրասենյակը ոչ միայն տեղեկացվել, այլ նաև զբաղվել է խնդրով՝ հաշվի առնելով, որ խոսքը զգայուն իրավիճակի մասին է։
«Բնականաբար, որևէ տեղեկատվություն հրապարակային, այդ թվում մեր գործողությունների հետ կապված, չենք տարածել, որովհետև դա կհակասի նաև միջազգային տարբեր կոնվենցիաների, այդ թվում` ապաստան հայցողների, փախստականների և այլ խումբ անձանց հետ կապված»։
Նրա խոսքով՝ առաջնահերթ խնդիրը եղել է անձի իրավունքների խախտում թույլ չտալը և ապահովելը, որ նա չհայտնվի կյանքի համար վտանգավոր իրավիճակի մեջ։ Թեմայի զգայունությունը և միջազգային նորմերով թելադրված պարտավորությունները հաշվի առնելով՝ պաշտպանը չի պարզաբանում՝ իրանցի կինը շարունակում է Հայաստանում մնալ, թե արդեն մեր երկրում չէ։
«Հետևաբար, եթե հարցի հետ կապված ուզում եք տեղեկատվություն ստանալ, թե արդյոք կինը Հայաստանում է, Հայաստանում չէ և այլն, դրա հետ կապված, բնականաբար, իհարկե, տեղեկատվության տիրապետողը հիմնական մենք չենք, բայց կարող ենք անձից հարցնել իր համաձայնությունը և հասկանալ` հնարավո՞ր է նման տեղեկատվություն ձեզ փոխանցել, թե՞ հնարավոր չէ, բայց հրապարակային դրա վերաբերյալ ես չեմ կարող խոսել»։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Հայաստան տեղափոխված իրանցի 35-ամյա Ռեյհանե Մաջիդին տարվել էր ԱԱԾ ու 4 ժամ հարցաքննվել։ Նա լրատվամիջոցներին հայտնել էր, որ իրեն սպառնացել են արտաքսել, եթե շարունակի պայքարը հանուն ազատության։ Իրանցի կինն անցած տարեվերջից երկրի դեսպանատան դիմաց ակցիաներ է անցկացնում՝ բողոքելով Թեհրանի քաղաքականության դեմ։
Իրանցի կնոջ հնարավոր արտաքսման սպառնալիքի համատեքստում Մանասյանն անդրադարձել է նաև ԱԱԾ-ի գործունեությանը և լիազորություններին։ Նրա խոսքով՝ հատկապես հետխորհրդային երկրներում իրավապահ մարմինների գործունեության նկատմամբ ձևավորված, հիշողության տեսանկյունից ինչ-որ տեղ օբյեկտիվ ընկալումները պահանջում են առավել զգայուն մոտեցում։
«Այս մարմինները պետք է ոչ միայն պարզապես զգույշ լինեն, այլ նաև շատ զգայուն լինեն իրենց լիազորությունների իրականացման առումով։ Հետևաբար, ես հրապարակային ոչ միայն հարցի վերաբերյալ խոսել եմ, հիմա էլ կարող եմ հորդորել գործընկերներին, նույնիսկ եթե որևէ լիազորություն իրականացվում է օրենքով սահմանված կարգով, իրավասությունների շրջանակներում, դրանք պետք է իրականացվեն շատ զգայուն եղանակով և բացառապես այն դեպքերում, երբ դա թույլատրելի է օրենքով»։
Մարդու իրավունքների պաշտպանը շեշտում է՝ քննարկումները կարևոր են, սակայն անհրաժեշտ է անցնել կոնկրետ գործողությունների մարդու իրավունքների լիարժեք պաշտպանությունն ապահովելու համար։
Անդրադառնալով Հայ առաքելական եկեղեցու և կաթողիկոսի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և մասնավորապես հարցին, թե արդյոք դրանք միջամտություն չեն կրոնական կազմակերպությունների ինքնավարությանը՝ պաշտպանն ասում է, որ նման ձևակերպմամբ գնահատական որևէ միջազգային կազմակերպությունից չի հնչել։




