
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ՏԱՍՍ-ին ասել է, որ Հայաստանի՝ երկաթուղիների կառավարման գործում Ռուսաստանին փոխարինելու մտադրությունը «վատ մտածված» քայլ է և կարող է վտանգել համակարգի կայունությունը։
Նրա խոսքով՝ ռուսական ընկերությունը շուրջ երկու տասնամյակ արդյունավետորեն ապահովել է երկաթուղային փոխադրումները Հայաստանում, և դժվար է պատկերացնել, որ որևէ այլ կառույց կարողանա այն ամբողջությամբ փոխարինել։
Շոյգուն նաև նախազգուշացրել է, որ նման որոշումների դեպքում երկաթուղային համակարգը կարող է «մեկ գիշերվա ընթացքում փլուզվել», իսկ դրա հետևանքների համար ոչ մի «բարեկամ երկիր» պատասխանատվություն չի կրի։
Ռուս պաշտոնյան հույս է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները կարևոր որոշումներ ընդունելիս առաջնորդվելու են երկրի քաղաքացիների շահերով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ասել էր, որ կարևոր է վերականգնել Տավուշի հատվածում, գոնե առաջին փուլում, մինչև Իջևան երկաթուղային կայարանը, Ախուրիկի հատվածում Հայաստան-Թուրքիա սահմանից մինչև գործող երկաթուղային հատվածը, Հայաստան-Ադրբեջան-Նախիջևանի սահմանից մինչև Երասխ հատվածը։
Վարչապետը ՌԴ նախագահի հետ հանդիպման ընթացքում բարձրացրել էր դրանք վերականգնելու հարցը, հետո տեղեկացրել՝ ռուսական կողմին նաև գրավոր են դիմել, ու եթե Մոսկվան այդ աշխատանքները պատշաճ ժամկետում չիրականացնի, Երևանը պատրաստ է պետական միջոցներով վերականգնել ենթակառուցվածքները:
Նիկոլ Փաշինյանը նաեւ առաջարկել էր, որ Ռուսաստանը վաճառի Հայաստանի երկաթուղիների իր կոնցեսիոն իրավունքը Մոսկվային և Երևանին բարեկամ պետությանը՝ առաջարկելով Ղազախստանի, ԱՄԷ-ի և Կատարի թեկնածությունները։




