ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Սանկտ Փյոլթըն քաղաքում մեկնարկել է Եպիսկոպոսաց հավաքը. Հայաստանից միայն երկու եպիսկոպոս է մեկնել, մյուսները կա՛մ մեղադրյալ են, կա՛մ բոյկոտում են

Առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, բայց նրա առցանց պատգամով Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում մեկնարկել է Եպիսկոպոսաց հավաքը, որ չկոչվեց ժողով, քանի որ եկեղեցու կանոնական-դավանաբանական որոշումներ ընդունող այդ մարմինը պետք է գլխավորեր Ամենայն հայոց կաթողիկոսը, որի նկատմամբ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել՝ երկրից բացակայելու արգելքով։ Կաթողիկոսը մեղադրվում է դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար։ Նույն մեղադրանքով երկրից բացակայելու արգելք է կիրառվել Մակար, Հովնան, Նաթան, Հայկազուն, Մուշեղ և Վահան սրբազանների նկատմամբ։

Քրեական վարույթն առնչվում է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից հեռացված ու կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոսին։ Նա դատարանում վիճարկել էր իրեն պաշտոնից հեռացնելու Մայր Աթոռի վճիռը, դատարանը պաշտոնում վերականգնելու որոշում էր կայացրել։ Մայր Աթոռը, սակայն, ոչ միայն չէր վերականգնել, այլև կարգալույծ էր հռչակել Գևորգ եպիսկոպոսին՝ այն հիմնավորմամբ, որ աշխարհիկ դատարանը չի կարող քննել թեմի առաջնորդի աթոռի հարցը: 

Հայաստանից Ավստրիա են մեկնել միայն Արարատ ու Դանիել սրբազանները։ Մայր Աթոռի տարածած հաղորդագրության համաձայն՝ Եպիսկոպոսաց հավաքին մասնակցում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու քսանհինգ արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ, այդ թվում` Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքություններից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին միացած և Գարեգին Բ-ին անվստահություն հայտնած բարձրաստիճան հոգևորականները դեռ հունվարին հայտարարել էին, որ բոյկոտում են այս իրադարձությունը․ նրանցից միայն Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանն է միացել հավաքին։

Մայր Աթոռը դեռ չի գաղտնազերծել հավաքի օրակարգը, սակայն Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնել է, որ հավաքը չունի բարձրագույն իրավական այնպիսի ուժ, ինչպիսին կունենար ժողովը։

«Հավաքը քննարկումներ է անում, խորհրդակցություններ է անում, և հավաքը կարող է իր քննարկումների եզրակացությունները բերել Մայր Աթոռ, որոշումներ չեն կայացնում, վճիռներ չեն կայացնում»։

Բայց հավաքվածները կարող են ձևավորել օրակարգ, քննարկել հարցեր ու ներկայացնել կաթողիկոսին՝ վերջնական հավանության ու հնարավոր նոր որոշումների համար՝ մանրամասնել է Նաթան արքեպիսկոպոսը։

«Ոչ թե վերդիկտ կամ վճիռ իմաստով է որոշում լինելու, այլ լինելու է մեր եպիսկոպոսների սովորական հավաքը, բնականաբար, ոչ թե հավաքվելու են այնտեղ՝ իրար կարոտած լինելով ինչ-որ ձևով ժամանակ անցկացնելու, այլ շատ հստակ է, որ եպիսկոպոսներն այդ օրերին իրենց աղոթական միասնությամբ քննարկելու են մեր եկեղեցու այսօրվա որոշ հարցեր, և հատկապես, շատ լավ գիտեք, ամենաակտուալ ինչն է»։

Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի խոսքով՝ քննարկման գլխավոր թեման եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն է, պետություն-եկեղեցի լարված հարաբերությունները։ Դրանք, ի դեպ, վերջին շաբաթվա ընթացքում  նոր երանգ ստացան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ունի հիմնավոր տեղեկություններ, թե Եպիսկոպոսաց ժողովը Հայաստանից դուրս կազմակերպելով՝ կաթողիկոսը ցանկանում է երկրից հանել կաթողիոկոսությունն ու «Էջմիածնի գանձերը»․

«Այդ մարդկանց նպատակը կաթողիկոսությունը Հայաստանից հանելն է ՝ Էջմիածնի գանձերի հետ միասին, մենք դա թույլ չենք տալու։ Ես ասում եմ որպես մի մարդ, որ իրանցից մի մասի հետ վերջին շրջանում շփումներ ունեցել է, և մենք ունենք ծառայություններ, որոնք տիրապետում են շարժերին, նպատակներին, պլաններին, քննարկումներին։ Չի լինելու, թռնեն վերև, իջնեն ներքև, չի լինելու»։

Եթե նման փաստեր կան, ինչու քրեական գործ չի հարուցվում, ի պատասխան հարցնում է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

«1441-ից, երբ վերստին Մայր Աթոռը վերադարձավ Հայաստան, 700 տարի է՝ Հայաստանում է, և հավիտենաբար Մայր Աթոռը լինելու է Հայաստանում։ Ես չգիտեմ, թե այդ հայտարարությունը դույզն-ինչ,հիմք ունի՞, թե՞ ոչ։ Եթե կա հիմք, այդ հայտարարությունը չէր արվի, այլ վաղուց ի վեր կոռուպցիոն դատարանում կքննվեր գործը»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչդեռ ընդգծում է՝ անհրաժեշտության դեպքում կոշտ հակազդեցություն կլինի․

«Ուզում եմ զգուշացնել նաև Սփյուռքի որոշ ներկայացուցիչների, որ այս դավադիր պլանում ներգրավվելն արդեն լրջորեն խաթարում է Հայաստանի պետական անվտանգությունը, և Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում դիտորդի նման հետևել։ Հակազդեցություն լինելու և շատ կոշտ հակազդեցություն է լինելու» ։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, նույն՝ փաստերին վերաբերող հարցին անդրադառնալով, հայտարարում է․

«Կան հիմնավորումներ, այն էլ ինչ հիմնավորումներ կան, և դրա մասին պատեհ պահին բոլորդ կիմանաք»։

Մայր Աթոռը փոխանցում է նաև, որ Եպիսկոպոսաց հավաքի օրակարգի քննարկումից և հաստատումից հետո ընտրվել է դիվան՝ վարելու Եպիսկոպոսաց հավաքի հետագա աշխատանքները։ Մասնակիցներին իրենց ուղերձն առցանց հղել են նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը և Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Եթե Եպիսկոպոսաց ժողովը ձախողված չլիներ, նրանք անձամբ կմեկնեին Ավստրիա։ Նաթան արքեպիսկոպոսի խոսքով՝ ըստ արարողակարգի՝ իրենք ևս չեն կարող մասնակցել, քանի որ Ամենայն հայոց կաթողիկոսը չի մասնակցում․

«Վեհափառն այնտեղ չի, մյուս գահակալներն էլ այնտեղ չեն լինի, ամեն բան պայմանավորված է իրարով»։

Ավստրիայում տեղի ունեցող հավաքին զուգահեռ՝ կաթողիկոսը վաղ առավոտյան մասնակցել է Արևագալի ժամերգությանը, նախօրեին էլ ուղերձ է հղել Մեծ պահքի առթիվ։ «Աղոթենք միասին, որ պահեցողության խորհրդավոր այս ժամանակամիջոցը համընդհանուր զղջման և ապաշխարության գեղեցիկ առիթ լինի ամենքիս համար, որպեսզի մեր սխալներն ու թերությունները գիտակցելով և շտկելով՝ կարողանանք միասնաբար հաղթահարել բոլոր դժվարությունները»,-ընդգծել է Ամենայն հայոց կաթողիկոսը։

Կարդացեք նաև

Back to top button