
Paramount Skydance-ը մեկ շաբաթ ունի Netflix-ին հաղթելու համար՝ այսպիսի գլխագրերով հոդվածներ են հրապարակում աշխարհի մի շարք առաջատար լրատվամիջոցներ։ Բանն այն է, որ Warner Bros. Discovery ընկերությունը վերսկսել է մեկ այլ կինոգիգանտի՝ Paramount-ի հետ միավորվելու շուրջ բանակցությունները։ Քննադատները համոզված են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մտերիմ միլիարդատիրոջ գլխավորած Paramount-ը պայքարի մեջ է մտել Netflix-ի դեմ, որպեսզի կարողանա վերահսկել մեդիադաշտն ու տիրանա ամերիկյան ֆիլմարտադրության 100 տարվա արխիվին:
Միացյալ Նահնագների նախագահ Թրամփի մտերիմ միլիարդատերերից մեկի գլխավորած Paramount Skydance ընկերությունը դեռ անցած տարվա դեկտեմբերից պայքարում է Netflix-ի դեմ Warner Bros. Discovery-ին տիրանալու համար։
Paramount Skydance ընկերությունը 2025 թ․ դեկտեմբերին Warner Bros. Discovery-ի համար 108,5 մլրդ դոլար առաջարկեց: Paramount-ը ցանկանում էր ձեռք բերել Warner Bros. Discovery-ն ամբողջությամբ՝ ներառյալ CNN-ը և մալուխային այլ ալիքներ։ Բանն այն է, որ մինչև այս առաջարկը Netflix-ը արդեն շահավետ առաջարկ էր ներկայացրել ու համաձայնություն ստացել Warner Bros․ Discovery-ից։
Paramount-ը սակայն հայտարարում է, որ իր առաջարկը Netflix-ի գործարքից ավելի լավն է, քանի որ այն բաժնետերերին ոչ միայն ավելի բարձր գին է առաջարկում, այլև կարգավորող մարմինների հաստատման ավելի մեծ հնարավորություն է ընձեռում: Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ առաջարկվող գործարքում Paramount-ի ֆինանսական գործընկերների շարքում է նաև ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները։
Netflix-ը մտադիր էր Warner Bros․ Discovery կինոընկերությունը և հոսքային ցանցերը գնելու 72 մլրդ դոլարով։ Գործարքը նախատեսվում էր կնքել ենթադրաբար՝ 2026 թվականի երրորդ եռամսյակում։
Թրամփը, սակայն, դեմ է եղել այդ գործարքին։ Նա կարծում է, որ դա կարող է խնդրահարույց լինել, քանի որ Netflix-ի և Warner Bros․ Discovery-ի վերահսկվողության տակ գտնվող շուկայական մասնաբաժնի շուրջ մրցակցությունը մտահոգիչ է։
Paramount-ի սեփականատեր Դեյվիդ Էլիսոնը, որը ԱՄՆ նախագահի մտերիմներից է համարվում, CNBC-ին տված հարցազրույցում ընդգծել է իր առաջարկած ծրագրի առավելությունները ողջ մեդիաոլորտի համար։ Նա ասել է, որ եթե Netflix-ը գնի Warner Bros․ Discovery-ն, ապա չափազանց շատ իշխանություն կկենտրոնանա մեկ ընկերության ձեռքում։ Էլիսոնի կարծիքով՝ դա սարսափելի գործարք կլինի Հոլիվուդի համար։
Միջազգաին մամուլը գրում է, սակայն, որ Paramount-ը արդեն իսկ վերահսկում է այնպիսի հեռարձակող ցանցեր, ինչպիսիք են Nickelodeon-ը, CBS-ը և Comedy Central-ը: Warner Bros․ Discovery–ին տիրանալով՝ այն իր վերահսկողության տակ կվերցնի նաև CNN–ը, Food Network–ը և մի շարք սպորտային ալիքներ: Բացի այդ՝ Paramount-ը կսեփականացնի նաև Warner Bros-ի ֆիլմերի գրեթե 100 տարվա հսկայական արխիվը՝ սկսած «Կասաբլանկա»-ից մինչև «Հարրի Փոթեր» կինոնկարները։
BBC-ին գրում է, որ Netflix-ը աշխարհի ամենամեծ հոսքային ծառայությունն է և ունի ավելի քան 300 մլն բաժանորդ, իսկ Paramount-ը՝ 79 մլն։
Պարբերականն ընդգծում է, որ Netflix-ին հաղթելու և Warner Bros․ Discovery-ն ձեռք բերելու համար Paramount-ն ունի ընդամենը մեկ շաբաթ։
Բանակցությունները կտևեն մինչև փետրվարի 23-ը։ Այդ ընթացքում Paramount-ը պետք է ներկայացնի իր լավագույն և վերջնական առաջարկը:
Հակառակ բանակցություններին՝ Warner Bros․ Discovery-ն շեշտում է, որ կողմ է Netflix-ի հետ գործարքին և քվեարկության համար արդեն բաժնետերերի հատուկ ժողով է նշանակել մարտի 20-ին։
«Տնօրենների խորհուրդը չի կարծում, որ ձեր առաջարկը կարող է հանգեցնել ավելի լավ գործարքի, քան մեր միաձուլումը Netflix-իմ»,-նշել են Warner Bros․ Discovery-ի նախագահ Սամուել ԴիՊիցա կրտսերը և գործադիր տնօրեն Դեյվիդ Զասլավը Paramount-ին ուղղած նամակում: «Մենք շարունակում ենք լիովին հավատարիմ մնալ Netflix-ի հետ մեր գործարքին»,-նշվում է նամակում։
Netflix-ի սեփականատերերը համոզված են, որ իրենց գործարքը հասել է նշանակալի հանգրվանի, և Warner Bros․ Discovery-ի բաժնետերերը մարտին կքվեարկեն իրենց հետ միավորվելու օգտին։
«Մենք վստահ ենք մեր գործարքի ուժին և հուսալիությանը, և գիտակցում ենք, որ Paramount-ի վարքագիծը շեղում է Warner Bros․ Discovery-ի բաժնետերերի ուշադրությունը»,-հայտարարել է Netflix-ը։ Ի դեպ, ընկերության առաջարկը չի ներառում հեռուստատեսային ստորաբաժանումների ձեռքբերումը, ինչպիսիք են CNN-ը և Discovery-ն։
Այս մրցակցությունն սկսվել է 2025 թ․ հոկտեմբերի վերջին, երբ Warner Bros․ Discovery-ն՝ Միացյալ Նահանգների ամենամեծ հեռուստատեսային և կինոընկերությունը, հայտարարեց, որ բաց է ձեռքբերման առաջարկների համար։
Քննադատներից ոմանք պնդում են, որ Netflix-ը չափազանց մեծ վերահսկողություն կստանա հոլիվուդյան կինոարտադրության նկատմամբ, եթե սեփականացնի Warner Bros․ Discovery-ն։
Մյուս կողմից էլ մեդիա և ֆիլմարտադրության հսկաների մրցակցության մեջ քաղաքական կողմնակալության մտահոգություններ կան։ Դրանցից մեկն այն է, որ խոշորագույն մեդիահոլդինգը՝ CNN-ը, կանցնի Paramount-ի վերահսկողության տակ, որը սերտ կապեր ունի Թրամփի վարչակազմի հետ։
Միջազգային մամուլն ընդգծում է, որ Paramount-ի սեփականատեր Դեյվիդ Էլիսոնի կողմից CBS-ի նկատմամբ վերահսկողությունը ստանձնելուց հետո ցանցի խմբագրական քաղաքականությունը զգալի փոփոխությունների է ենթարկվել։ Ոմանք նույնիսկ մեղադրում են նրան Թրամփի վարչակազմի քննադատներին գրաքննելու համար։




