
Վաղը՝ փետրվարի 19-ին, Վաշինգտոնում տեղի կունենա Թրամփի ստեղծած Խաղաղության խորհրդի առաջին նիստը։ Այն անցկացվելու է ԱՄՆ գործող նախագահի անունով վերանվանված Խաղաղության ինստիտուտի շենքում։ Մի շարք երկրների առաջնորդներ ու պատվիրակություններ են մասնակցելու անդրանիկ նիստին՝ կենտրոնանալով մասնավորապես Գազայի վերականգնման և համաշխարհային հաշտեցման ծրագրերի վրա։
Տարբեր աղբյուրներ նշում են, որ 20-ից ավելի երկրների ղեկավարներ ու պատվիրակություններ են մեկնել Վաշինգտոն։ Աշխատանքային այցով ԱՄՆ է մեկնել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ի սկզբանե նախատեսված էր, որ Թրամփի նախագահությամբ խորհուրդը կգործի որպես համաշխարհային առաջնորդների փոքր խումբ, որը կվերահսկի Գազայի հրադադարի ծրագիրը: Սակայն նախաձեռնության մշակման ընթացքում հավակնություններն ընդլայնվեցին. ԱՄՆ առաջնորդը հրավեր ուղարկեց մոտ հինգ տասնյակ երկրների՝ ակնարկելով խորհրդի ապագա դերի մասին՝ որպես հակամարտությունների միջնորդի:
Խորհրդին միացել է մոտ երկու տասնյակ երկիր, այդ թվում՝ նախկին խորհրդային երկրներից Բելառուսը, Ղազախստանը, Ադրբեջանն ու Հայաստանը։ Թուրքիան նույնպես միացել է նախաձեռնությանը որպես լիիրավ անդամ և Վաշինգտոնի առաջին համաժողովին մասնակցելու է արտգործնախարար Հաքան Ֆիդանի դեմքով։ Մեր երկիրը խորհրդին միացել է առանց անդամավճարի։
«Խաղաղության խորհրդի» գագաթնաժողովն անցկացվեց 2025-ի հոկտեմբերին Եգիպտոսում, որին մասնակցեց նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Խորհրդի կանոնադրությունն ընդունվեց այս տարվա հունվարին Դավոսում։
Հայաստանում համոզված են, որ Խաղաղության խորհուրդը ԱՄՆ նախագահի նախաձեռնած խաղաղության գործընթացի շարունակությունն է։ Այս կարծիքին է, օրինակ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
«Սա, ըստ էության, այդ պրոցեսի շարունակությունն է, նախևառաջ նպաստելու Գազայի հատվածում խաղաղության հաստատմանը, բայց նաև՝ նպաստելու միջազգային խաղաղության ջանքերին, իսկ Հայաստանը, գիտեք, որ մշտապես պատրաստ է մասնակից լինել միջազգային այդ գործընթացներին։ Խաղաղությունը նաև գործընթաց է, մեկօրյա իրադարձություն չէ։ Դա պրոցես է, որը շենքի պես պիտի կառուցվի՝ քար առ քար»։
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի դիտարկմամբ՝ երեք տարով կառույցին անդամակցելը Հայաստանին դժվար թե մեծ օգուտներ տա, սակայն այն կարևոր հարթակ կարող է լինել մեկ այլ՝ ԱՄՆ գործող վարչակազմի հետ հարաբերություններ զարգացնելու տեսանկյունից։
«Միգուցե այս կապերը հետագայում կարող են օգտակար լինել ինչ-որ կոնկրետ հարցերով խնդիրներ լուծելու համար։ Մոտավորապես այս տրամաբանությամբ պետք է դիտարկել այս կազմակերպությունը»։
Ֆրանսիան, Նորվեգիան, Շվեդիան հայտարարել են խորհրդին առայժմ չմիանալու իրենց որոշման մասին։ Նման անհրաժեշտություն չեն տեսել նաև Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ռուսաստանը, Գերմանիան, Եվրոպական միության գործադիր մարմինը։
Եվրոպական միությունը հայտնել է, որ իրենց ներկայացուցիչները կբավարարվեն դիտորդի կարգավիճակով, քանի որ պաշտոնապես չեն անդամակցել խորհրդին։ Իտալիան նույնպես նման հայտարարություն է արել։
Խաղաղության խորհուրդին չմասնակցելու մասին է հայտարարել նաև Վատիկանը։ Այդ մասին խորհրդի նիստի նախօրեին հայտարարել է Վատիկանի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինը.
«Սուրբ աթոռը չի մասնակցի Խաղաղության խորհրդին իր առանձնահատուկ բնույթի պատճառով, որն ակնհայտորեն տարբերվում է այլ պետությունների բնույթից»։
Վատիկանի պետքարտուղարը նկատել է նաև, որ ճգնաժամային իրավիճակների կարգավորման ջանքերը պետք է կառավարի Միավորված ազգերի կազմակերպությունը։
Ի դեպ, Լևոն 14-րդը, որն ամերիկյան արմատներով առաջին պապն է և մի շարք հարցերում Թրամփի կոշտ քննադատը, հունվարին էր խորհրդին միանալու հրավեր ստացել։
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի դիտարկմամբ՝ Արևմուտքում շատերն են կարծում, որ նախաձեռնությունն ուղիղ մարտահրավեր է ՄԱԿ-ին։
«Արևմուտքում շատերը կարծում են, որ սա ուղիղ մարտահրավեր է ՄԱԿ-ին։ Նախագահ Թրամփը ևս մի քանի անգամ ուղիղ տեքստով քննադատել է ՄԱԿ-ին՝ նշելով, որ այն անարդյունավետ կազմակերպություն է դարձել, և պետք է ավելի արդյունավետ մեխանիզմներ ստեղծել։ Այս փուլում նա նշում է, որ այս երկու կառույցները կարող են համագործակցել, բայց ակնհայտ է, որ սա հերթական քայլն է ՝ ուղղված հենց այդ կանոնների վրա հիմնված միջազգային կարգին մարտահրավեր նետելուն»։
ԱՄՆ նախագահի այս դիրքորոշումը հաստատվել է հերթական հայտարարությամբ․ Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին ընդառաջ Թրամփը նորից կասկածի տակ է դրել ՄԱԿ-ի գործունեությունը՝ միաժամանակ նշելով, որ Խաղաղության խորհուրդը Գազայում գործակցելու է կառույցի հետ։
Այս համատեքստում ԱՄՆ առաջնորդը հայտարարել է․ «Միավորված ազգերն այնտեղ են։ Նրանք մեծ ներուժ ունեն, բայց չեն ռեալիզացրել իրենց ներուժը։ Կարծում եմ, որ նրանք կարող են օգնել մեզ»։
Խաղաղության խորհրդի երկրները պատրաստ են հազարավոր աշխատակիցներ ուղարկելու Գազա՝ ՄԱԿ-ի կայունացման ուժերի և տեղական ոստիկանության կազմում անվտանգություն ապահովելու համար։ Այդ գործակցության մանրամասները, սակայն, դեռ հստակ չեն։
ՄԱԿ-ը պաշտոնապես հայտարարել է, որ չի մասնակցում Թրամփի՝ խաղաղության նոր պլանին և իրեն չի համարում դրա մասը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը շեշտել է, որ կառույցը կողմ չէ իր լիազորությունները զիջելուն, բայց և պատրաստ է աջակցելու խաղաղությանն ուղղված համատեղ ջանքերին։




