ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Երևանում «բումը» դադարեց․ Հայաստանի անշարժ գույքի շուկայում նոր դրսևորումներ են ի հայտ եկել

Հայաստանի անշարժ գույքի շուկայում նոր միտումներ են նկատվում։ Երևանում նախորդ տարիների՝ բնակարան ձեռք բերելու աննախադեպ ակտիվությունը 2025-ին հանդարտվել է, իսկ մերձակա մարզերում՝ ակտիվացել։ Փորձագիտական դաշտում սա պայմանավորում են 2025 թ․ հունվարի 1-ից չեղարկված եկամտային հարկի վերադարձի դրույթով։ Գործող ծրագրերի համար եկամտային հարկի վերադարձը պահպանվում է, բայց նոր շինթույլտվությունների դեպքում մայրաքաղաքում արտոնություն այևս չկա։ Սա իր ազդեցությունն է թողել ոչ միայն անշարժ գույքի շուկայի, այլև հիփոթեքային վարկավորման վրա։  

2025-ին Հայաստանի անշարժ գույքի շուկայում առկա «բումը», կարելի է ասել, դադարեց։ Վիճակագրական տվյալները փաստում են, որ գործարքները տարեկան կտրվածքով նվազել են 1,6 %-ով։ «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Մերի Բոյաջյանը, վերլուծելով Կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալները, ընդգծում է, որ անցյալ տարի գործարքների ամենաբարձր մասը՝ ավելի քան 30 %-ը, բաժին է ընկել մայրաքաղաքին, մարզերի կտրվածքով առաջատարը Կոտայքն է, այնուհետև Արարատը և Արմավիրը։

«Ընդհանուր առմամբ,  2021-2024 թթանշարժ գույքի շուկայում ռեկորդային ակտիվության համեմատ, այսօր, կարելի է ասել, որոշակի հավասարակշռություն է հաստատվել։ 2025-ին առքուվաճառքի տեմպերն աճել են 3,4-4 %-ով․ սա մեծավ մասամբ պայմանավորված է Երևանում գործարքների 26,4 %, Արմավիրի մարզում 5,5 %,Շիրակիմարզում4,7 % ևԿոտայքիմարզում2,9 % աճով։ Մյուս մարզերում անկում է նկատվել։ Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, գլոբալ փոփոխություն չի արձանագրվել․ ավանդաբար հենց այս երկու մարզերը՝ Երևանին հարակից Արմավիրն ու Արարատը, եղել են առաջատարը»։

Ըստ փորձագետի՝ Հայաստանի անշարժ գույքի շուկան նոր փուլ է մտել։ Ընդհանուր շուկայում վերջին տարիների գնաճից հետո՝ 2025-ին, որոշակի պասիվություն է արձանագրվել։ Մասնագետը դա պայմանավորում է պահանջարկի նվազմամբ, հատկապես անշարժ գույքի առաջնային շուկայում։

«Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների գները տարեկան կտրվածքով աճել են չնչին՝ 0,3 %-ով: Ամենաբարձր գներն ըստ վարչական շրջանների եղել են Կենտրոնում, Արաբկիրում և Դավթաշենում։ Կենտրոնում 1 մ2 բնակարանի միջին գինը տարեկան կտրվածքով նվազել է 1,4 %-ով։ Երևանում համեմատաբար ցածր գնաճը մեծ մասամբ բացատրվում է «Եկամտային հարկի վերադարձի» օրենքի չեղարկմամբ, ինչը դրական խթան էր քաղաքացիների համար անշարժ գույքի առաջնային շուկայից բնակարանների ձեռքբերման առումով։ Օրենքի ընդունման պահից ի վեր ավելացել է շահառուների թվաքանակը, ինչպես նաև հիփոթեքային պորտֆելը»։

2025–ի տվյալներով՝ բանկային համակարգի ընդհանուր ակտիվները կազմել են շուրջ 12,8 տրլն, վարկային ներդրումները՝ 7,5 տրլն դրամ։ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը փաստում է՝ հիփոթեքային վարկերի առումով ռիսկեր չկան, բայց ուշադիր հետևում են բոլոր փոփոխություններին․

 «Թվերով մենք վարկային պորտֆելի որոշակի վատթարացում չենք տեսնում, այսինքն՝ դեռևս բավական լավ զոնայում են, բայց արդյո՞ք պետք է ավելի ուշադիր լինենք որոշակի սեգմենտների․ անշուշտ։ Օրինակ՝ հիփոթեքային վարկավորման շինարարության և սպառողական վարկերի հետ կապված սեգմենտները մեր ուշադրության կենտրոնում են էս պահի դրությամբ, ու մենք դրանց անընդհատ, կարելի է ասել, հետևում ենք»։

Բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանն ընդգծում է՝ վարկերի մասնաբաժնում սպառողական վարկերն են, որոնք կազմում են բանկային պորտֆելի մոտ 23 %-ը։ Երկրորդ տեղում հիփոթեքային վարկերն են։ 2025-ին պորտֆելը կազմել է 1,6 տրլն դրամ՝ ընդհանուրի  21,3 %-ը։ Անցյալ տարի հիփոթեքային վարկերի ծավալն ավելացել է, բայց ոչ նախկին ծավալով՝ շուրջ 13 %-ով։

«Երևանում ծավալներն աճել են 7,4 %-ով։ Իհարկե, պետք է հաշվի առնենք, որ Երևանում հիփոթեքային վարկերի բացարձակ ծավալը գրեթե երեք անգամ ավելի է՝ 1,18 տրլն դրամ՝ 480 միլիարդի դիմաց»։

Ի տարբերություն նախորդ տարիների՝ 2025-ին մարզերում ևս հիփոթեքային վարկերի աճ է արձանագրվել։ Բայց այստեղ էլ առաջատարը մայրաքաղաքի մերձակա մարզերն են։ Բոլոր փոփոխությունները պայմանավորված են առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելիս եկամտային հարկի վերադարձով՝ ասում է փորձագետ Մերի Բոյաջյանը․

 «Եթե 2024-ին ծրագրից օգտվել է մոտ 50 հզր շահառու, ապա 2025 թ․ հոկտեմբերի տվյալներով՝ 62 հզր շահառու օգտվել է ծրագրից։ 2025-ին ծրագրի տարեկան ֆինանսավորումը նախատեսված է եղել 97 մլրդ դրամ։ Սա ամենաբարձր ցուցանիշն է եղել ծրագրի մեկնարկից ի վեր»։

2025-ին շինարարության ոլորտին տրված վարկերը ավելացել են մոտ 30 %-ով։ Դա պայմանավորված է ոլորտի երկնիշ աճով։ Ոլորտի համար խթան է նաև պետության կողմից իրականացվող 16 մլն դրամի ծրագիրը։ Ընտրված վայրերում բնակարան կառուցելիս Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 16 մլն դրամ է հատկացնում։ Այս պահին ծրագրի հայտերը փակ են, վերլուծում են՝ հասկանալու համար՝ ինչպես շարունակեն։

Կարդացեք նաև

Back to top button