2026 թվականին «Երեմյան» ընկերությունների խումբը նշում է հիմնադրման 20-ամյակը։ Երկու տասնամյակի ընթացքում ընկերությունը մեծ ծավալի աշխատանքներ է իրականացրել հյուրընկալության, գյուղատնտեսության և մասնագիտական կրթության ոլորտներում։ Ընկերությունն ամփոփել է անցած 20 տարիների գործունեությունը ու նախանշել հոբելյանական տարվա անելիքները։ «Երեմյան» ընկերությունների խումբն ունի 27 բիզնես ուղղություն, 18 ռեստորան՝ 13 հայեցակարգով։ 2 գյուղատնտեսական համալիր՝ Վայոց Ձորում և Լոռու մարզում։ Վերջինը ամենամեծն է Հայաստանում։ Այն նաև եզակի է տարածաշրջանում՝ իր Սերմից՝ սեղան հայեցակարգով։ «Երեմյան» կաթնամթերքի ժամանակակից գործարանն ստացել է FSSC սննդի անվտանգության միջազգային սերտիֆիկատ, մանկական կաթի վկայագիր։ 2600 աշխտակից ունեցող ընկերությունը հյուրընկալության ոլորտում Հայաստանի ամենախոշոր գործատուն և հարկատուն է։
Գինեսի երկու ռեկորդ, 2600 աշխատակից, նոր ավանդույթներ հյուրընկալության ու գյուղատնտեսության ոլորտներում, մասնագիտական կրթության ակադեմիա․ այսպես է «Երեմյան» ընկերությունների խումբը նշում հիմնադրման 20-ամյակը՝ նշանակալի թվերով ու փաստերով։ Բայց իրենց պատմությունը նախ և առաջ մարդկանց մասին է՝ ընդգծում է «Երեմյան» ընկերությունների խմբի հիմնադիր, գլխավորր տնօրեն Դավիթ Երեմյանը․
«3 բառով ներկայացնեմ․ մեր սկզբունքներն են՝ ճիշտ նպատակներ դնել մեր առաջ, հետևողական լինել մեր նպատակներին և բարձր պահել այն նպատակները, այն արժեքները, որոնք ի սկզբանե դրված են մեր առաջ»։
Արժեքները, որոնց շուրջ երկու տասնամյակ հավաքվել են ոլորտի լավագույն մասնագետները, շատ չեն փոխվել․ սահմանել բարձր նշաձողեր, հանրահռչակել հայկական ուտեստները, դիրքավորել Հայաստանն աշխարհի գաստրոքարտեզին ու բարձր որակ ապահովել ընկերությունների խմբի բոլոր՝ ռեստորանային, կաթնամթերքի արտադրության ու գյուղատնտեսության ոլորտներում։
Դավիթ Երեմյան․ «Ի սկզբանե, մեզ համար շատ կարևոր է եղել, որ նախ՝ մեր երկրում արժեք ստեղծենք։ Մեզ համար կարևոր է եղել արժեքներ ստեղծելը, մեզ համար կարևոր է եղել որակով ներկայանալը մեր հյուրերին։ Մեզ համար կարևոր է եղել վերապատրաստումը և թիմի հետ աշխատելը։ Մենք շատ կարևոր և հետաքրքիր խոսույթ ունենք մեր թիմում․ եթե մեր ռեստորան գալիս են և գոհ են գնում, նաև Հայաստանից են գոհ գնում»։
Գյուղատնտեսության ոլորտում «Երեմյան» ընկերությունների խումբը գործունեություն է ծավալում 2019 թվականից՝ «Սերմից՝ սեղան» հայեցակարգով։ Սա նշանակում է, որ սերմը սեփական դաշտերում ցանելուց, բարձր սննդային արժեքներով կեր ստանալուց մինչև ժամանակակից խելացի ֆերմայում կենդանիների խնամքը, կերակրումը, փակ շղթայով կթի իրականացնումը, փոխադրումը գործարան, շշալցումը և առաքումը վաճառակետեր իրականացնում և վերահսկում է ընկերությունը։ Նույն թվականից հիմնվել է «Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան ակադեմիան»։ 7 տարվա ընթացքում ակադեմիայում մշակվել է կրթական 4 ուղղություն՝ խոհարարություն, հրուշակագործություն, հյուրանոցային գործ, մենեջմենթ և սպասարկում։ Ստեղծվել է 70-ից ավելի դասընթաց, համագործակցություն է ծավալվել 60-ից ավելի գործընկեր կազմակերպությունների հետ։ Այս պահին ընկերությունների խումբը Հայաստանում հյուրընկալության ոլորտի ամենամեծ գործատուն և հարկատուն է։ Պատասխանելով «Ռադիոլուրի» հարցին, Դավիթ Երեմյանը շեշտում է՝ բիզնեսի զարգացման համար կարևոր է նաև պետության աջակցությունը․
«Ինչքան բիզնեսն է տնտեսությանը օգուտ տալիս, այդքան ակնկալում է, որ պետությունը պետք է բիզնեսին աջակցի, որ կարողանա բիզնեսը էդ ամենը կյանքի կոչել։ Շատ եմ կարևորել, այն ժամանակ էլ, հիմա էլ, և ես այս պահին չեմ տեսնում խոչընդոտներ, ընդհակառակը, նույն այս գյուղատնտեսական ծրագիրը կյանքի է կոչվել պետության աջակցության շնորհիվ»։
Ընկերությունն ունի 27 բիզնես ուղղություն, 18 ռեստորան՝ 13 հայեցակարգով։ Ունի 2 գյուղատնտեսական համալիր՝ Վայոց Ձորում և Լոռու մարզում։ Վերջինս, ի դեպ, ամենամեծն է Հայաստանում և եզակի՝ տարածաշրջանում իր «Սերմից՝ սեղան» հայեցակարգով։
Երեմյան կաթնամթերքի ժամանակակից գործարանը FSSC սննդի անվտանգության միջազգային սերտիֆիկատ և մանկական կաթի վկայագիր է ստացել։
Ընկերությունը գործում է Հայաստանի 6 մարզերում և Երևանում։
«Երեմյան» ընկերությունների խմբի մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Լուսինե Երեմյանն ասում է՝ ընկերությունը հաջողել է ոչ միայն նեղ մասնագիտական, այլև սոցիալ-հասարակական հարցերում․
«Մեր առաքելություններին հասնելու ճանապարհին մենք փոխել ենք մի շարք հասարակական և սոցիալական նորմեր, մշտապես նպաստել ենք առողջ ապրելակերպի և սովորությունների զարգացմանը։ Դա իրականացրել ենք ինչպես հանրային մեր միջոցառումների շրջանակներում, այնպես էլ հատուկ ծրագրերում»։
Ընկերությունը գինեսի 2 ռեկորդ է գրանցել և դրանք նվիրել է Հայաստանի Հանրապետությանը։ Դրանք են՝ աշխարհի ամենամեծ գաթան և 1 ժամում ամենաշատ թվով բաժակներով կաթի օգտագործումը։ Որպես գյուտ են գրանցվել չիչխանի ուտելի և ըմպելի յոգուրտները։ Ընկերությունը նաև կաթնամթերք է արտահանում Վրաստան և Ռուաստան, սակայն փոքր քանակով․
«Ես միշտ է ընդգծում եմ, որ այս նախագիծը պետք է առաջին հերթին մեր Հայաստանի Հանրապետության բնակիչների համար լինի, հետո նոր, եթե մեծացնենք, մի քիչ էլ նաև կարտահանենք ապագա 10 տարում։ Շատ հետագա պլաններ ունենք։ Ես մեր թիմի ժողովների ժամանակ նշում եմ այն, որ ինչ այսօր մենք անում ենք, դա մեր պլանների 10 կամ 20 %-ն է, այսինքն՝ մենք շատ զարգանալու և զարգացնելու ենք»։
Այսպես՝ «Երեմյան» ընկերությունների խումբը ոչ միայն ամփոփում է անցած 20 տարիները, այլև գործունեության նոր փուլ է սկսում։ Խոստանում են՝ հոբելյանական տարվա անակնկալները, նոր նախագծերն ու ոլորտը զարգացնող գաղափարները շատ են լինելու։




