
Արմավիրի մարզի խաղողագործները հիմնականում մշակում են այն սորտերը, որոնք մեծ պահանջարկ ունեն և հեշտ են իրացվում: Մշակման դժվարություններից ու մեծ ծախսերից խուսափելու համար այգեգործների մի մասն կրկին սկսել է ցրտադիմացկուն Մեղրաբույր սորտի խաղողը աճեցնել: Այն միջսորտային հիբրիդ է, որը դիմանում է խիստ սառնամանիքներին: Այն կիրառվում է գինու, կոնյակի և օղու արտադրությունում, սակայն ոչ բոլոր երկրներում է թույլատրված:
Արմավիրի մարզի 600 հա խաղողի այգիների շուրջ 20 տոկոսը սեղանի սորտեր են, մնացածը՝ տեխնիկական: Մասնագետներն ասում են՝ օղու ստացման համար սորտերի տարբերություն չկա, բոլորն էլ կարելի է թթվեցնել ու թորել: Իսկ գինու և կոնյակի արտադրության մեջ հիմնականում տեխնիկական սորտերն են օգտագործում:Մարզի այգիներում գերակշռողը սպիտակ սորտերն են՝ Ռկածիթելի, Կանգուն, սակայն քիչ չեն նաև վարդագույն և կարմրահյութ սորտերը, որոնք հիմնականում գինենյութի հումք են հանդիսանում: Ձմռանը խաղողի որթը ցրտից պաշտպանելու համար շատ աշխատանք ու ծախս է պահանջվում։ Դրանից խուսափելու համար այգեգործների մի մաը ցրտադիմացկուն Մեղրաբույրն են մշակում:

«Չթաղելու համար եմ հիմնել, որը շատ ծախսերի հետ է կապված: Կես հեկտար ունեմ, պետք է ժողովուրդ բերեմ, լարերից պոկեն, թաղեն, 200 հազար դրամից ավելի փող է ծախսվում: Նույնը գարնանն է՝ պիտի բերեմ, բացել տամ՝ բացեն, կապեն և այլն: Լրիվ փող է, աշխատուժն էլ հիմա թանկ է»:
Մեղրաբույրը դիմանում է 20 աստիճանից ավելի ցրտին և լավ բերքատվություն ունի: Արմավիրի մարզում այդ սորտը պահպանվել է Լենուղի, Ամասիա, Շենավան, Գետաշեն գյուղերում: Ողկույզը վարդագույն է, պտղամիսը՝ սպիտակ: Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Սիմոն Ասատրյանն թվարկում է այդ սորտի որակները գինեգործության համար:
«Մեղրաբույրից լավ գինի է լինում, բայց չգիտես ինչու, մեր գինեգործները խուսափում են սարքել, չգիտեմ: Իր պտղամիսը սպիտակ է, եթե ուզում ենք կարմիր գինի ստանալ, ապա խաղողը պիտի ճզմել, կեղևով թողնել 5 օր մնա տակառի մեջ, որ կարմրավուն գինի դառնա»:
Արմավիրի մարզի գինու և կոնյակի գործարաններից մի քանիսն ընդունում են Մեղրաբույր խաղողը: Կարեն Գաբրիելյանը երկարամյա այգեգործ-գյուղատնտես է, նաև կոնյակագործության ու գինեգործության մեծ փորձ ունի: Ուսումնասիրել է Մեղրաբույր սորտը:
«Դա միջտեսակային հիբրիդ է, տարբեր տեսակներ խաչասերել են ու ստացել ցրտադիմացկուն սորտ, բայց դրանից ստացված սպիրտները կանցերոգեն են: Դրա մեջ շաքարներ կան, որոնք չեն խմորվում մինչև վերջ»:
Կարեն Գաբրիելյանը մեծ տնտեսություն է վարում, հմտացած է այգեգործության մեջ, սակայն վտանգներից ելնելով, այգեգործներին խորհուրդ չի տալիս մշակելու խաղողի Մեղրաբույր սորտը:

«Ես երկար տարիներ տնկարան ունեի, երբ ինձ պատվիրում էին Մեղրաբույրի տնկիներ աճեցնել՝ չէի անում: Ասում էի՝ գալու է մի ժամանակ, որ այդ խաղողը չեն ընդունի: Սկզբնական տարիներին մի երկու անգամ ԵԿԳ-ն ընդունեց , հետո սկսեց շատ քիչ տոկոս ընդունել, դրա համար էլ այդ այգիները քանդեցին»:
Այգեգործն ասում է՝ շատ երկրներ հրաժարվել են այն ոգելից խմիչքներից, որոնց մեջ միջտեսակային հիբրիդների սպիրտ կա:
«Արդեն ամբողջ աշխարհը՝ Եվրոպան 1930-ականներից, իսկ մենք նոր, մերժում են այդ սորտերը: Գենային ինժեներիա է, էլի, դրանց սպիրտները քաղցկեցածին են: Օրինակ՝ մեր կոնյակի մեջ չի թույլատրվում Մեղրաբույր սորտի խաղողի սպիրտ: Արդեն Ռուսաստանն էլ ունի լաբորատորիաներ, որ մերժում է Մեղրաբույրի սպիրտը ցանկացած ձևով՝ օղու մեջ կլինի, գինու մեջ, թե կոնյակի»:
Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանն ասում է, որ այգեգործների մի մասը նորից վերադառնում է ցրտադիմացկուն Մեղրաբույր սորտին: Նա համաձայն չէ, որ Մեղրաբույրի սպիրտը վտանգավոր է:
«Ո՛ր տարին խաղողի պիկ է լինում, ապա այդ ժամանակ, այո՛, ապացուցված է լինում, իսկ ո՛ր տարին խաղողի պահանջարկ է լինում, այդ տարիներին ապացուցված չի, պահանջարկը կա, պետականորեն գնվո՞ւմ է: Ո՞նց հասկանանք՝ ասո՜ւմ են»:
Մի կողմ թողնելով Մեղրաբույրի հետ կապված խնդիրները, գյուղատնտեսական գիտվությունների թեկնածու Սիմոն Ասատրյանը փաստում է՝ գյուղացին հիմա աճեցնում է այն սորտերը, որոնք իրացվում են:




