
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացառել է հնարավորությունը, որ Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն ազատ արձակվի։ France 24-ի հետ զրույցում Ալիևը հաստատել է, որ Ադրբեջան այցելած ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը խոսել է նաև հայ գերիների հարցի մասին, ինչին ի պատասխան վերջինս ներկայացրել է իրենց դիրքորոշումը, թե նրանց դատավարություները եղել են, իր ձևակերպմամբ, «բացարձակապես թափանցիկ և ապացուցվել են հանցագործությունները»․
«Այդ մարդիկ լուրջ հանցանքներ են կատարել մարդկության դեմ: Պատկերացրեք, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին՝ Նյուրնբերգյան դատավարությունից երկու ամիս անց, ոմանք գային և ասեին՝ խնդրում ենք ազատ արձակել մահվան դատապարտված նացիստ առաջնորդներին»:
Ալիևի այս հայտարարությանը գրեթե զուգահեռ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց՝ հայկական կողմը չի դադարեցնելու աշխատանքը, քանի դեռ վերջին հայը չի վերադարձել Հայաստան։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը համոզված է, որ հայ գերիների վերադարձի համար կառավարությունն աշխատում է ամենօրյա ռեժիմով։
«Իհարկե ոչ մեր ցանկալի ժամանակամիջոցում, ոչ մեր ցանկալի ձևով, բայց ամեն դեպքում զուգահեռաբար ունենալով Ձեր մատնանշած խոսույթը, դրան զուգահեռ նաև մենք ունենում ենք հաջողություններ, հետևաբար կխնդրեմ գերիների թեմայի վերաբերյալ իմանալ վստահաբար, որ ամենօրյա աշխատանք է տարվում այս իմաստով, և մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր հայրենակիցները վերադառնան Հայաստան»։
Հովհաննիսյանի խոսքով՝ տարբեր իրավիճակներ են եղել, երբ Բաքվից հնչել է կոշտ հռետորաբանություն, սակայն գործընթացն առաջ է մղվել, Հայաստան են վերադարձել գերիներ։ Խորհրդարանական ընդդիմությունը մինչդեռ պնդում է՝ Ալիևի հայտարարությունն այն մասին է, որ գերիների հարցը հայ-ադրբեջանական օրակարգի առաջնահերթություններից չէ։ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան․
«Այս թեման չի եղել լուրջ քննարկումների առարկա, և ԱՄՆ փոխնախագահն ուղղակի զուտ ֆորմալ առումով թեման բարձրաձայնել է՝ հաշվի առնելով Հայաստանում առկա տրամադրությունները, կամ եղել է որոշակի պայմանավորվածություն տարբեր պաշտոնյաների միջև, որպեսզի այս թեման խնամքով շրջանցվի, որովհետև Ալիևի հայտարարությունները որոշակի առումով զարմանալի են այն տեսանկյունից, որ Ադրբեջանի ղեկավարը, ըստ էության, ցույց տվեց, որ այդ թեման, ըստ էության, առաջնային քննարկման առարկա չի եղել»։

Ալիևը մեկ այլ վիճահարույց հայտարարություն էլ արել էր Մյունխենի անվտանգության համաժողովին։ Պատասխանելով հայ փորձագետի հարցին՝ ասել էր, թե «ինչ վերաբերում է, այսպես կոչված, «Խաղաղության խաչմերուկին», ինչպես գիտեք, երբ նախագահ Թրամփը վերադարձավ, գործարկեց TRIPP-ը, ուստի երբ նախագահ Բայդենը վերադառնա, նա կվերսկսի ձեր «Խաղաղության խաչմերուկը»։ Արդյոք Ալիևի այդ հայտարարությունը չի հակասում ապաշրջափակման գաղափարին․ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյան․
«Հայաստանի Հանրապետության ամբողջական ապաշրջափակման հարցը լուծվելու է։ Հայաստանի Հանրապետությունը «Խաղաղության խաչմերուկի» վերաբերյալ ունի շատ կոնկրետ պայմանավորվածություններ, ստորագրված փաստաթղթեր ներդրումների վերաբերյալ, և, ըստ էության, ես Ալիևի խոսքը որևէ կերպ չեմ ուզում գնահատել և մեկնաբանել, ես մեկնաբանում է մեր գործողությունները։ Մեր գործողություններն այն մասին են, որ Հայաստանի Հանրապետությունը ապաշրջափակվելու է և, ըստ էության, արդեն իսկ ապաշրջափակվել է որոշ չափով, եթե հաշվի առնենք այն լոգիստիկ լուծումները, որ արդեն կան»։
Լոգիստիկ լուծումներին ու մասնավորապես երկաթուղու շինարարության հարցում ռուսական կողմի մասնակցությանը վերջին ասուլիսին անդրադարձել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ ընդգծելով, որ հայկական կողմի պատկերացումն այն է, որ Հայաստանին ու Ռուսաստանին բարեկամ որևէ երկիր ՌԴ-ից գնի կառավարման իրավունքը․
«TRIPP-ի շրջանակում կան ուժեր, որոնք ասում են, որ եկեք այնպես անենք, որ Մեղրիից հետո, երբ մտնում է Նախիջևան, չմտնի Նախիջևան և շրջանցի Հայաստանը: Բնականաբար, մեր միջազգային գործընկերներն ասում են՝ «ոնց շրջանցի Հայաստանը, Հայաստանը մեր գործընկերն է»: Այդտեղ նրանք, ովքեր ուզում են Հայաստանը շրջանցել, ասում են՝ Հայաստանի երկաթուղին Ռուսաստանի կառավարման ներքո է: Մենք ամեն ինչ անում ենք համոզելու համար, որ, այո, Ռուսաստանի կառավարման ներքո է, բայց Հայաստանի սեփականությունն է ու Ռուսաստանը որևէ ձևով չի ցանկանում ու գործնականում էլ խոչընդոտ չի հարուցի տարածաշրջանային նախագծերի վերաբերյալ: Սրա մասին ես Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ էլ եմ խոսել, գիտեմ, որ նա աջակից է այս բոլոր ծրագրերին»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, պատասխանելով հարցին, թե ինչ երաշխիքներ կան, որ վարչապետի նշած երրորդ երկրի կառավարման դեպքում կփարատվեն բոլոր մտահոգությունները, ընդգծում է՝ ռուսական կողմի հետ քննարկումը հենց այդ երաշխիքների մասին է։
«Վարչապետի խոսքը, ըստ էության, վերաբերում է նրան, որ կառավարումը հանձնվի մի կողմի, որը ունի լավ հարաբերություններ և ո Արևմուտքի հետ և Ռուսաստանի հետ։ Ինչ վերաբերվում է նրան, թե՝ այդ գործողությունը կերաշխավորի՞ արդյոք դրա հետագա դրական ընթացքը, ապա մենք չենք գնում գործողությունների, որի վերաբերյալ երաշխիքներ չենք ունենում, և եթե վարչապետը խոսել է սրա մասին, եթե մենք մեր ռուս գործընկերների հետ նաև քննարկում ենք այ հարցը, ապա այս քննարկումները հենց ձեր նշած երաշխիքների մասին են, որ որևէ խոչընդոտ չլինի Հայաստանի Հանրապետության շուրջ ապաշրջափակվող կամ Հայաստանի Հանրապետությունում ստեղծվող որևէ ենթակառուցվածքի մասով»։
Փաշինյանն ընդգծել էր, որ երկաթուղու՝ Ռուսաստանից կառավարման բերումով Հայաստանը ռազմավարական դիրքերի և մրցակցային առավելության կորուստ է ունենում։ Թե որ ուժերի կամ երկրների մասին է խոսքը, վարչապետը չի բարզաբանել՝ նշելով, որ «կան ներդրումային հետաքրքրություն ունեցող կողմեր, որոնք մտածում են, թե որտեղ արժի փող դնել»:




