ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Եվրոպան շունչ է քաշում, Իրանը պատրաստվում է նոր բանակցությունների․ Մյունխենյան համաժողովի շեշտադրումներն ու գլխավոր թեմաները

«Եվրոպան մի փոքր շունչ է քաշել»,— գրում է միջազգային մամուլը՝ հիմնվելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այն խոսքերի վրա, որ Միացյալ Նահանգները չի լքում ՆԱՏՕ-ն և թշնամաբար չի տրամադրված։ Այս հայտարարությունն արել է Մյունխենի անվտանգության համաժողովում։ Սրանից ելնելով՝ վերլուծաբանները Վաշինգտոնի որդեգրած դիրքորոշումների որոշակի մեղմացում են նկատում։ Համաժողովի քննարկման առանցքային թեմաներից են եղել ռուս–ուկրաինական պատերազմը և Իրանի միջուկային ծրագիրը։

Մյունխենի անվտանգության համաժողովին այս տարի մասնակցել են շուրջ 60 պետությունների և կառավարությունների ղեկավարներ՝ ներառյալ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Համաժողովի կենտրոնական թեմաներից մեկը ռուս–ուկրաինական պատերազմն էր։

Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին ու Եվրամիությանը Ուկրաինան ռուսական հարձակումներից պաշտպանելու համար։ Բայց նա նկատել է նաև, որ խաղաղության հասնելու ճանապարհին Վաշինգտոնը շատ է շեշտադրում Կիևից ակնկալվող զիջումները, սակայն չի նշվում, թե որն է լինելու Մոսկվայի զիջումը։  Զելենսկին Մյունխենում կրկնել է իր պատկերացրած անվտանգության երաշխիքների կարևորությունը․

«Մենք ասում ենք, որ պետք է լինեն անվտանգության իրական երաշխիքներ Ուկրաինայի և Եվրոպայի համար, անվտանգության ուժեղ երաշխիքներ, և մենք հստակ գիտենք, թե ինչ պետք է ներառեն դրանք: Մենք ունենք պատրաստի ուժեղ համաձայնագրեր և պատրաստ ենք դրանք ստորագրելու Միացյալ Նահանգների և Եվրոպայի հետ։ Կարծում եմ, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնագիրը պետք է լինի պատերազմը դադարեցնելու յուրաքանչյուր համաձայնագրից առաջ:

Այդ երաշխիքները պատասխանում են գլխավոր հարցին․ որքա՞ն երկար  պատերազմ չի լինի: Եվ մենք հույս ունենք, որ նախագահ Թրամփը կլսի մեզ: Հույս ունենք, որ Կոնգրեսը կլսի մեզ: Շնորհակալ ենք ամբողջ իրական օգնության համար»:

Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը, մինչդեռ, ընդգծել է, որ Եվրոպան պետք է ստանձնի իր սեփական անվտանգության համար առաջնային պատասխանատվությունը։ Նա հայտարարել է, որ անհրաժեշտ է ավելի շատ գումար ծախսել սեփական՝ եվրոպական անվտանգությունն ամրապնդելու համար։ Ասել է նաև, որ  ԱՄՆ–ն Եվրոպայի անփոխարինելի դաշնակիցն է, և որ ԱՄՆ ներդրումը եվրոպական անվտանգության գործում աննախադեպ է։

Իրանի թեման ևս կարևորներից էր Մյունխենում։  Բայց համաժողովն ընթացել է առանց իրանական կողմի։ Այդ կապակցությամբ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցում Գերմանիայում անցկացվող համաժողովը կոչել է մյունխենյան կրկես, որտեղ խոսվում է Իրանի մասին առանց իրանական պատվիրակության։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ձգտում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու բանակցությունների միջոցով։

«Ես չեմ խոսելու Իրանի վրա հարձակումների կամ նմանատիպ բաների մասին, քանի որ նախագահը հստակորեն նշել է, որ նախընտրում է դիվանագիտությունը և բանակցային կարգավորման արդյունքը։ Հիմա մենք գործ ունենք արմատական շիա հոգևորականների հետ: Գործ ունենք մարդկանց հետ, որոնք քաղաքական, աշխարհաքաղաքական որոշումներ են կայացնում աստվածաբանության հիման վրա, և դա բարդ բան է։ Այսինքն՝ ոչ ոք երբեք չի կարողացել հաջող գործարք կնքել Իրանի հետ, բայց մենք փորձելու ենք»։

Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին ի պատասխան հայտարարել է, որ Թեհրանը միջուկային ծրագրի շուրջ համաձայնության կհանգի, եթե Վաշինգտոնը վերացնի պատժամիջոցները։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, սակայն, կրկին կասկածի տակ է դրել ԱՄՆ–Իրանի համաձայնագրի հնարավորությունը։

Նա պահանջում է ոչ միայն դադարեցնել ուրանի հարստացումը, այլև կանխել դրա բոլոր հնարավորությունը Իրանի համար։ Նեթանյահուն պահանջում է նաև Իրանից հեռացնել հարստացված ուրանի ողջ պաշարը։

Փետրվարի 16-ին Ժնևում նախատեսված է ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը։ Դրանից առաջ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ։

ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել փետրվարի 6-ին Օմանում։

Կարդացեք նաև

Back to top button