ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Իշխանությունն ու ընդդիմությունը պատրաստ են փոխել Սահմանադրությունը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են աշխատանքային իրավունքներին վերաբերող հարցերը, արտակարգ դրության սահմանման և ընտրական իրավունքի իրականացման կառուցակարգերին վերաբերող դրույթները:

Խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՀ սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության  մասին խոսում է նաև ընդդիմությունը, սակայն՝ այլ դրդապատճառներով։

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը սկսել է ավելի հաճախ  նիստեր  հրավիրել ու հանդիպել ամենշաբաթյա պարբերականությամբ․ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը վերջերս խոստացել էր՝ Սահմանադրության տեքստը կհրապարկվի մարտին։ Դրանից հետո կսկսվի փաստաթուղթը հանրությանը ներկայացնելու և քննարկելու փուլը։  

Խնդրահարույց հարցերը հանձնաժողովը թողել է վերջին փուլին։ Խոսքն առավելապես նախաբանում անկախության Հռչակագրին հղումը պահպանել–չպահպանելու որոշման մասին է։ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արուսյակ Ջուլհակյանը այս պահի դրությամբ փոխանցում է ոչ թե խորհրդի, այլ իր արձնական կարծիքը․

«Մենք այդ հարցը չենք քննարկել, եթե իմ կարծիքն եք հարցնում, ապա չպետք է լինի, որովհետև այն պատմական փաստաթուղթ է, որի արդիականությունը անցել է։ Այսինքն` այն այլևս արդիական չէ, բայց դա չչեղարկվող փաստաթուղթ է, այն կա և մնալու է Հայաստանի Հանրապետության պատմության մեջ։ Նորանկախացած շրջանում մենք չունեինք սահմանադրություն, և անկախության Հռչակագիրն էր հիմքը այն օրենքների, որոնք ընդունվում էին պետական կառավարումը և քաղաքացի–պետություն հարաբերությունները ապահովելու համար։ Հետո, երբ ընդունեցինք Սահմանադրությունը, այնտեղի շատ դրույթներ, որոնք անկախության Հռչակագրում կային, այլևս դարձան ոչ արդիական»։

Ընդդիմությունն այս հարցում մեղադրում է իշխանությանը Ադրբեջանի նախապայմանները կատարելու համար։ Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը վստահ է, որ նոր Սահմանադրությունից դուրս կմնա անկախության Հռչակագիրը և ոչ միայն․

«Ես վստահ եմ, որ նիկոլական սահմանադրական նախագծում նաև տեղ է գտնելու Արարատ լեռան չեղարկումը որպես զինանշանի բաղկացուցիչ մաս։ Ալիևն ասաց, որ սա իրենց վերջին նախապայմանն է` հանել Սահմանադրությունից անկախության հռչակագիրը»։

Արմեն Աշոտյանը հղում է անում է Ադրբեջանի նախագահի՝ Մյունխենի գագաթնաժողովում արած հայտարարությանը, որում հերթական պնդումն էր արվել  Հայաստանի սահմանադրության փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ։ France 24-ին տված հարցազրույցում էլ Ալիևը հայտարարել էր, որ «առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության խաղաղության համաձայնագրի ստորագրումը չի կայանա»։ Միաժամանակ հավելել էր, որ գիտի Հայաստանում նախատեսված հանրաքվեի մասին։ Ադրբեջանը տարածքային նկրտումներ է տեսնում  ԼՂ-ի մասին հիշատակում պարունակող  անկախության Հռչակագրին Հայաստանի մայր օրենքում արվող հղման մեջ։

Հայաստանի իշխանությունը այս հարցով բազմիցս ներկայացրել է պաշտոնական դիրքորոշումը։ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը կրկնում է․

«Այո, մեզ անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, բայց դա բացառապես Հայաստանի ներքին գործն է, և որևէ արտաքին ուժ, անձ, երկիր իրավունք չունի միջամտելու այդ հարցին։ Դա մեր ներքին գործն է, որով մենք զբաղվում ենք, և առաջիկայում նաև այդ ուղղություններով նորություններ կլինեն, որոնք մեր հանրության հետ մենք կկիսվենք»։

Մյունխենի հարթակից հնչած հերթական հայտարարություններին պատասխանում է նաև Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Մենք կարծում ենք, որ մեր Սահմանադրությունը խոչընդոտ չէ խաղաղության պայմանագիրը կնքելու համար, և մենք պատրաստ ենք հենց վաղն էլ կնքել խաղաղության պայմանագիրը, որովհետև մեր Սահմանադրական դատարանը տվել է հստակ գնահատական, որ դա չի հակասում»։

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի վերջին  նիստում քննարկվել են աշխատանքային իրավունքներին վերաբերող հարցերը, արտակարգ դրության սահմանման և ընտրական իրավունքի իրականացման կառուցակարգերին վերաբերող դրույթները:

Իշխող ուժը պնդում է, որ նոր Սահմանադրություն ունենալու հարցն օրակարգային էր դեռ 2018–ից, աշխատանքն անավարտ է մնացել պատերազմի, քովիդի և քաղաքական տարբեր խնդիրների պատճառով։ Բայց եթե գործընթացի սկզբում  իշխանությունը քննարկման առարկա էր համարում, օրինակ, կառավարման համակարգի փոփոխության հարցը, ապա այսօր արդեն հստակ է՝ խորհրդարանական կառավարման գործող կարգը Հայաստանում չի փոխվելու, Սահմանադրության այդ դրույթը մնալու է անփոփոխ։

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ, պատգամավոր Արուսյակ Ջուլհակյան․

«Մենք գրում ենք նոր Սահմանադրություն, և բնականաբար, մենք հիմա խոսում ենք այն մասին, թե ինչ պետք է լինի Սահմանադրության մեջ։ Դա բացառապես ներհայաստանյան հարց է, ներքաղաքական օրակարգ է։ Ողջունում եմ այն հանգամանքը, որ նաև այլ քաղաքական ուժեր, որոնք հայտ են ներկայացնում ընտրություններին մասնակցելու, սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին են խոսում, և կարծում եմ, որ դա շատ լավ առիթ է նախընտրական քարոզչությունը նաև վերածել բանավեճի սահմանադրության փոփոխության վերաբերյալ։ Շատ լավ է, որ այդ ներքաղաքական օրակարգը, որը մենք տարիներ ի վեր առաջ էինք մղում, հիմա կարծես թե ընդլայնում է ստանում քաղաքական ուժերի մեջ, և նաև այլ քաղաքական ուժեր սկսում են խոսել դրա անհրաժեշտության մասին»։

Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերը, սակայն, սահմանադրական փոփոխությունների մասին խոսում են բոլորովին այլ դիրքերից։ Օրինակ, նորաստեղծ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համար հարցն արդիական է  ընտրություններում հաղթելու դեպքում  միայն։ Ոչ թե հանրաքվեով, այլ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի 2/3–ի ձայներով կարող են փոխվել Սահմանադրության այն դրույթները, որոնք  սահմանում են վարչապետին ու կառավարության անդամներին առաջադրվող պահանջները՝ ասում է  Արամ Վարդևանյանը։

«Օրինակ` 148-րդ հոդվածը, որը ներկայացնում է կառավարության անդամներին ներկայացվող պահանջների վերաբերյալ կարգավորումները։ Ի դեպ, սահմանադրության մեջ նշված հոդվածը պարզապես հղում է տալիս պատգամավորին ներկայացվող պահանջներին։ Կարծում եմ` մեր հայրենակիցներից և որևէ մեկը երբևէ իրեն հարց չի տվել, թե արդյո՞ք պատկերացնում է, որ օրինակ, կառավարության անդամ, ի դեպ, այդ շարքում է նաև վարչապետի պաշտոն զբաղեցնող անձը, կցանկանա, որ լինի 25 տարին լրացած անձը։ Այս պահի դրությամբ կարգավորումները այնպիսինն են, որ իսկապես 25 տարին լրացած մեր հայրենակիցը կարող է դառնալ վարչապետ կամ փոխվարչապետ կամ նախարար։ Ինքս կարծում եմ, որ այս հոդվածը ունի խնդիրներ»։  

Արդյո՞ք ընդդիմությունը պատրաստ է փոխել Մայր օրենքը՝ Սամվել Կարապետյանին իշխանության բերելու համար․ հարցին Հանրապետական կուսակցության անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ուղիղ պատասխան չի տալիս։ Նախ՝ հաջողություն է մաղթում իրական ընդդիմության բոլոր ներկայացուցիչներին․

«Ես համարում եմ, որ բարերար Սամվել Կարապետյանի կյանքը, գործունեությունը այնքան է փոխկապակցված անկախ Հայաստանի հետ, որ իրենց առաջարկի ներկայացման և դրան բավարար քանակով քվեների ստանալու պարագայում նշում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ոչ ԱՄՆ փոխնախագահը, ոչ Թուրքիայի արտգործնախարարը, ոչ այլ բոլոր պաշտոնյաները, որոնք վերջին շրջանում կարծիք են հայտնում Հայաստանում, թե ով պետք է ընտրվի, կորոշեն, թե արդյո՞ք այդ առաջարկը սահամդրական է, թե՝ ոչ։ Ըստ իրենց ներկայացրածի, մի չորս, հինգ  իմ կողմից շատ հարգված սահմանդրագետներ ասացին, որ այդտեղ որևէ իրավական խնդիր չկա»։

Սահմանադրության փոփոխության այս տարբերակն ազնիվ չեն համարում իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում։ Արուսյակ Ջուլհակյան․

«Մի հարց է, երբ Սահմանադրությունը փոխվում է պետության առաջնահերթությունները սպասարկելու, լեգիտիմություն տալու համար, որովհետև բոլոր հանրաքվեները, որ ունեցել ենք,  հանրության լայն զանգվածների շրջանում  կասկածներ են առաջացնում։ Ըստ այդմ՝ հանրության վերաբերմունքը Սահմանադրությանն այդքան էլ լուրջ կարող է չլինել, որովհետև ինքն իրենը չի համարում այս Սահմանադրությունը, իրենից անկախ ինչ–որ պրոցեսի արդյունքում ձևավորված սահմանադրություն է համարում և ի սկզբանե նպատակը սահմանադրություն փոխելու եղել է հենց լեգիտիմ սահմանադրություն ունենալը։ Այդ նպատակը չի եղել երբևէ՝ որևէ մեկի հագով նոր սահմանադրություն ձևելը»։

Երկու դեպքում էլ՝ թե  իշխանության, թե ընդդիմության առաջարկած տարբերակներում, հանրաքվեն  դիտարկվում է խորհրդարանական ընտրություններից հետո, քանի որ օրենսդրորեն հանրաքվեն և համապետական  ընտրությունները միաժամանակ կազմակերպվել չեն կարող։ 

Կարդացեք նաև

Back to top button