
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել „Defining Eurasia’s Strategic Order The Middle Corridor as a European Security Agenda for Stability, Peace, Security and Connectivity“ թեմայով պանելային քննարկումը, որի հիմնական բանախոսներն են եղել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և ՎԶԵԲ նախագահ Օդիլ Ռենո-Բասսոն։
Ինչպես հայտնում են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից, բանախոսներն ընդգծել են տարածաշրջանում ապաշրջափակման արդյունքում ձևավորվող տնտեսական հնարավորությունների շրջանակում TRIPP-ի կարևորությունը և փոխգործակցության հնարավորությունները։

Կարճ ելույթով մասնակիցներին դիմել է նաև ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, ով խոսել է ապաշրջափակման ներառականության մասին՝ ընդգծելով որ բացվող նոր տնտեսական հնարավորությունները «զրոյական գումարով խաղ» չեն և որ դրանից օգտվել կարող են Հարավային Կովկասի բոլոր երկրները և հարևանները։
ՀՀ դեսպանը նաև ընդգծել է խաղաղության հաստատման շնորհիվ Հարավային Կովկասի երկրների անկախության և ինքնիշխանության ամրապնդման հնարավորությունները։
Միջոցառումը կազմակերպել էր Միջազգային համագործակցության, տեխնոլոգիական դիվանագիտության և հաղորդակցության ինստիտուտը (ICI Institute):




