
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
ՀՀ պաշտպանության նախարարության հովանավորությամբ Հայաստան է տեղափոխվել 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ ժողովրդի մղած ազգային ազատագրական պայքարի, ապա Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի կայացման նվիրյալ, ռազմական ու պետական գործիչ Զորավար Սեպուհի՝ Արշակ Ներսիսյանի աճյունասափորը: Արդեն ընթերցողի սեղանին է դրվել նրա կյանքին ու գործունեությանը նվիրված պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Ներսիսյանի հեղինակած մենագրությունը: Վաղն էլ Եռաբլուրում կամփոփվի զորավարի աճյունը:
Չնայած իր ապրած հերոսական կյանքին, որն էլ պսակվել է միայն ու միայն հաղթանակներով, այնուամենայնիվ զորավար Սեպուհի (Արշակ Ներսիսյանի) մասին քչերը գիտեն: Հայ ազատագրական շարժման գործիչ, Էրզրումի նահանգի Բաբերդի գավառակում ծնված Զորավար Սեպուհն իր ամբողջ կյանքով այրվել է հայոց ազատագրության սրբազան խորանի վրա: Պատանեկության տարիներից նետվել է հայդուկային շարժման գիրկը, որտեղ էլ կրել է փայլուն հաղթանակների դափնիները: Առաջին աշխարհամարտի սկզբին 21 հոգուց բաղկացած խմբով միացել է Անդրանիկին: Եղել է հայկական 1-ին կամավորական գնդի 2-րդ վաշտի հրամանատար:
Սեպուհ զորավարը մեկն էր նրանցից, ով կազմակերպեց մայիսյան հերոսամարտերը: Անկախության ազատության նվիրյալներից էր: Մասնակցել է 1918 թվականի Սարդարապատի ճակատամարտին, ապա օգնության գնացել Բաքվում կռվող հայկական ուժերին: Հայաստանի խորհրդայնացումից հետո մեկնել է Կ.Պոլիս, ապա Ամերիկա: 1940 թվականին ՝մահից առաջ, թողել է կտակ, որտեղ էլ հայտնել է իր փափագը՝ այրել իրեն, աճյունն էլ տեղափոխել Հայաստան: 75 տարի անց զորավարի փափագն ի կատար է ածվել: Աճյունասափորը Հայաստանի պաշտպանության նախարարության հովանավորությամբ և հարազատների աջակցությամբ արդեն Հայաստանում է և վաղն այն կամփոփվի Եռաբլուրում կառուցված հուշարձանի խորշում:
Սեպուհ զորավարի հերոսական կերպարն օրինակելի է մեր մատաղ սերնդի համար, ասում է Մայր Հայաստան զինվորական թանգարանի տնօրեն Ավագ Հարությունյանը և նշում, որ աճյունասափորի ամփոփումը Հայաստանում կարևոր է նրանով, որ այն միախառնվում է արդեն արցախյան պատերազմի մերօրյա հերոսների հետ: Զորավարի զարմիկ Մարտիրոս Անաստասյանի խոսքով՝ Սեպուհի ցանկությունը ոչ միայն պատերազմի միջոցով Հայաստանին ազատություն պարգևելն էր, այլև վերջինիս նպատակներից էր հայապահպանումը: Բաբերդում բացել է հայկական դպրոց, քանի որ թուրքի դեմ մեր զորավոր դեմքը հայկական դպրոցն է:
Սեպուհի թոռ Էդվարդ Պիրանյանն էլ շնորհակալ է Հայաստանի կառավարությանը պապի ցանկությունը 75 տարի հետո ի կատար ածելու համար: Նրա խոսքով՝զորավարը լավ հայր է եղել իր մոր և մյուս մորեղբայրների համար:
Այսքան տարի սպասել ենք, քանի որ մորեղբայրներս համաձայն չէին աճյունի տեղափոխման հետ և կարծում էին, որ դեռ դրա ժամանակը չէ: Սակայն մայրս, գիտակցելով որ արդեն մեծանում է, ինքը որոշեց որ այս հարցին լուծում տա: Նախաձեռնությունը նրանն է:




