ԿարևորՀասարակություն

Երևանում մեկնարկում է փոսային նորոգման ծրագիրը․ քաղաքապետը խնդրել է համբերատար լինել

Երևանում այսօրվանից մեկնարկում է փոսային նորոգման ընթացիկ տարվա հիմնական ու լայնածավալ ծրագիրը, ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Սիրելի՛ երևանցիներ: Գիտենք, որ այս պահին Երևանում առկա է փոսերի խնդիր, և դա ձեզ համար անհարմարություն է պատճառում։ Փոսերը հիմնականում առաջացել են ձմեռային սեզոնի ընթացքում՝ բազմակի սառչել–հալվել ցիկլերի, ճանապարհային ծածկի մեջ ջրի ներթափանցման և ձյան դեմ կիրառված աղի ազդեցության հետևանքով։ Ջուրը սառչելիս ընդլայնվում է, թուլացնում է ասֆալտի կառուցվածքը, իսկ ծանր երթևեկությունը վերջնականորեն քանդում է այդ հատվածները։ Երևանում այսօրվանից մեկնարկում է փոսային նորոգման ընթացիկ տարվա հիմնական ու լայնածավալ ծրագիրը։ Կիրականացվի 200 հազար քմ աշխատանք»,- գրել է Ավինյանը։

Բոլոր վարչական շրջաններում գործընթացը կկազմակերպվի գիշերային ժամերին՝ հետևյալ կերպ. նախ կիրականացվի երթևեկելի մասի վնասված ծածկի կտրում, հետո նոր ասֆալտբետոնե նոր ծածկի տեղադրում:

Ապրիլ ամսից էլ կմեկնարկի միջին նորոգման տարեկան ծրագիրը, որն ընդգրկում է նաև անձրևընդունիչների, դիտահորերի նիշերի ուղղում:

«Խնդրում եմ համբերատար լինել։ Աշխատանքները լինելու են ինտենսիվ և հետևողական»,- եզրափակել է քաղաքապետը։

Կարդացեք նաև

Back to top button