
Լոռու մարզի Ջրաշեն գյուղի միջնակարգ դպրոցում համադասարանցիների կողմից ծեծի ենթարկված անչափահասի վիճակը գնահատվում է կայուն։ Նախօրեին հանրության շրջանում բուռն քննարկման թեմա դարձած՝ դպրոցահասակ երեխայի ծեծի ենթարկելու դեպքի մասին նոր մանրամասներ են ի հայտ գալիս, բայց նաև տարբեր նոր հարցեր են առաջանում։ Լուրջ մտահոգություններ հարուցող այս դեպքն այս տարվա միակը չէ։
Ծեծկռտուքը, այո, տեղի է ունեցել Ջրաշեն գյուղի դպրոցի տարածքում՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում հաստատում է Ջրաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Արմինե Մխիթարյանը։ Թեմային առնչվող շատ մանրամասներ հայտնելուց հրաժարվում է, բացատրում ընթացող նախաքննությամբ, բայց նաև հասցնում նեղսրտել՝ հայտնվել է լրագրողների հարցերի տեղատարափի տակ։ Ամեն դեպքում կարևորը երեխայի վիճակն է՝ ասում է։
Անչափահասի առողջական վիճակի մասին Առողջապահության նախարարությունը «Ռադիոլուր»-ին հայտնել էր՝
«Վիճակը կայուն է, փոքր վիրահատության կարիք կա, ռիսկեր չկան»։
Որդուն ծեծի ենթարկելու մասին մայրն էր հայտնել իրավապահներին, տեղեկացրել, որ 13-ամյա տղային հիվանդանոց հասցնողը համադասարանցիներն են, ինչն անպատիժ թողնել չի կարող։
Նախօրեին ոստիկանությունը պաշտոնապես հաստատեց՝ ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները պարզել են, որ դասարանում վիճաբանության ժամանակ պատանուն ծեծի են ենթարկել երեք համադասարանցիները, մինչդեռ դպրոցի մանկավարժական կազմը թաքցրել է իրականությունը:
Ոստիկանության օգտագործած «թաքցրել է» ձևակերպումը դպրոցի տնօրեն Արմինե Մխիթարյանը չի ընդունում, «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշում է՝ դեպքից անմիջապես հետո իրենք զանգահարել են շտապ օգնություն․ իրավապահ մարմիններին չեն տեղեկացրել, բայց գաղտնի էլ չեն պահել
Ոստիկանության ձևակերպումից անակնկալի են եկել, տնօրենն ասում է՝ դիմել են ՆԳՆ՝ իր ձևակերպմամբ՝ ճշգրտելու «դպրոցի մանկավարժական կազմը թաքցրել է իրականությունը», ձևակերպման նպատակը։
Թեև թեման բուռն կերպով քննարկվում է մամուլում, սակայն դրա մասին առանձնապես հակված չեն խոսել դեպքին տեղյակ անձինք։ Չձայնագրվելու պայմանով «Ռադիոլուրին» փոխանցում են իրենց հայտնի տեղեկություններ, թե դեռահասների միջև տարաձայնությունները հայտնի են եղել դպրոցի ղեկավարությանը։ Ասում են՝ միջադեպի օրը Սպիտակի համայնքապետարանի աշխատակիցներ են եկել դպրոց՝ ինչ-որ միջոցառում անցկացնելու համար ու դպրոցի տարածքում ականատես եղել, որ շտապօգնությունը երեխային տեղափոխում է հիվանդանոց։ Ըստ լուրերի՝ նրանց ճշտող հարցին պատասխանել են, թե երեխան ձնագնդի խաղալիս վնասվածք է ստացել։

Միջադեպին առնչվող հարցերի ֆոնին ՆԳ նախարարը մամուլի ասուլիսում «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան նախ ավելի ընդհանուր անդրադարձավ ուսումնական հաստատություններում գրանցվող այսօրինակ դեպքերին և մտահոգվեց՝ իրավապահ համակարգի հետ օպերատիվ շփումներում բացեր կան․ ուսումնական հաստատություններից միշտ չէ, որ խնդիրների մասին ազդակներ են ստանում։
Արփինե Սարգսյանն ասում է՝ երեխայի լավագույն շահը չպիտի շփոթել տարբեր իրավիճակներում ճիշտ արձագանքի հետ։
«Եթե կան այնպիսի իրավիճակներ, երբ ուսումնական հաստատությունը չի տեղեկացնում իրավապահ համակարգին դեպքի մասին, սա ոչ թե պիտի գովաբանենք, ասենք, որ շատ լավ է, պետք չի այս մասին բարձրաձայնել իրավապահ համակարգին, այլ հակառակը՝ պիտի ռեակցիա լինի, որովհետև մենք բոլորս ենք պատասխանատու հատկապես այս փուլում անչափահասների ճիշտ վարքագծի, ճիշտ կենսակերպի կազմակերպման առումով, որովհետև առաջիկա տարիներին հենց այս անձանց վարքագծի ճիշտ չկառավարման արդյունքում մենք հանցավորության շրջանակներում կնկատենք տարբեր դրսևորումներ»։
Նախարարը նկատում է՝ իրավիճակներ են լինում, երբ ծնողներն իրենք են թաքցնում իրականությունը իրավապահ մարմիններից՝ խուսափելով ինչ-ինչ հետևանքներից։ Ըստ էության՝ դեպքի մասին իրենք տեղեկանում են օպերատիվ աշխատանքի միջոցով, երբ փորձում են արդեն համացանցից հայտնի դարձած դեպքից հետո պարզել տեղի ունեցածը։
«Նույնիսկ հայրը, մայրը կամ տղան ասում են, որ վայր ընկնելու հետևանքով է միջադեպը եղել, բայց, բնականաբար, մենք բոլոր դեպքերի հետևից գնում ենք, և սրա արդյունքում է, որ պարզում ենք օպերատիվ ճանապարհով, որ ոչ թե ուղղակի սայթաքել է անձը և վնասվել, այլ եղել է ծեծկռտուք, որի հետևանքով, օրինակ, մեր անչափահասը ունի կոտրվածք կամ հարցականով ցնցում»։
Դպրոցում երեխաների անվտանգությունը շղթայական աշխատանք է պահանջում՝ դպրոցի, ոստիկանների ու կրթական գերատեսչության, անպայման նաև՝ ծնողների համատեղ ջանքերը՝ շեշտում ՆԳՆ նախարարը։ Ընդ որում՝ գերհոգատարությունն էլ միշտ չէ, որ ճիշտ արդյունք է տալիս։ Ոստիկանությունը վերջին շրջանում ակտիվացրել է դպրոցներ այցերը, բայց սա էլ միանշանակ չի ընկալվում՝ անկեղծանում է Սարգսյանը։
«Ունեցանք նաև որոշակի խոսակցություններ էս ֆոնին, որ այո ոստիկանը ինչ իրավունք ունի մտնի դպրոց, ի՞նչ իրավունք ունի ոստիկանը առհասարակ հորդորով հանդես գալու և էսպես շարունակ։ Ես կարծում եմ, որ մենք էստեղ իրականում ընկալումների խնդիր ունենք, որովհետև եթե մենք ուզում ենք, որ դպրոցում երեխաների կողմից վարքը լինի վերահսկելի և ցանկացած իրավիճակ լինի մեր տեսադաշտում, այո ոստիկանն էլ պետք է հաճախակի այցելի դպրոց, ծնողն էլ պիտի այցելի հաճախակի դպրոց, համայնքային ծառայություններն էլ պիտի հաճախակի այցելեն դպրոց»։
Թե ՆԳՆ-ում, թե ոլորտը վերահսկող կրթության տեսչական մարմնում ակնկալում են, որ ուսումնական հաստատություններում խնդիրների հարցում դպրոցներն ու ծնողներն իրենց հետ ավելի անկեղծ պետք է լինեն, այլապես կառավարելի վիճակ ապահովելն ավելի բարդ կլինի։
Մանկավարժ Քրիստինե Խաչիկյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում դեռահասների շրջանում սրվող կոնֆլիկտները լուրջ հասարակական խնդիր է համարում՝ պատկերացրածից ավելի բարդ խնդիր։
«Պետք է սկսել մանկապարտեզներից, որպեսզի դա չհասնի դպրոց և հետո՝ բանակ»։
Մանկավարժն ընդգծում է, որ նման դեպքերում հաճախ թիրախավորվում են դպրոցն ու ուսուցիչը, սակայն ուսուցչի պատասխանատվությունը սահմանափակվում է դպրոցական միջավայրով։ Դպրոցից դուրս երեխան այլևս ուսումնական հաստատության վերահսկողության տակ չէ։
«Հավատացեք, ուսուցիչը այդքան էլ կապ չունի, հասկանո՞ւմ եք, ուսուցիչը իր տեղում, իր գործը անում է։ Երեխաները դպրոցից դուրս են գալիս, և նրանից հետո էլ արդեն և դպրոցի ենթակայության տակ չեն։ Ոստիկանությունը գալիս է, տանում է բաժին, ծնողին ոչ մի տույժ չի հասնում։ Այդ երեխան ի՞նչ պետք է սովորի»։
Հայաստանյան ուսումնական հաստատություններում 2025-ին արձանագրվել է բուլինգի դեպքերի աճ։ Կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը սա նաև իրազեկման բարձրացմամբ է պայմանավորում, ասում է՝ մարդիկ արդեն գիտեն` ինչ է բուլինգը և բողոքները ներկայացնում են այդ թեմայով։ Տեսչականն անցյալ տարի ստացել է 195 դիմում-բողոք, որոնց ծանրակշիռ մասը՝ 159-ը, վերաբերել է դպրոցներին։ Դիմում-բողոքներից 77-ը բավարարվել է, 42-ը վերահասցեագրվել է այլ մարմինների, իսկ 64-ի ուղղությամբ տրվել են պարզաբանումներ։ Բողոքների մի մասն ուղարկվել է իրավապահ մարմիններին։
Վերադառնալով Ջրաշենում տեղի ունեցած դեպքին․ Քննչական կոմիտեն հայտնում է՝ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու և երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ։




