ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Հայկական կնիք՝ ադրբեջանական անձնագրերում․ Կիրանցում գործարկվել է սահմանային ռեժիմը

Հայկական և ադրբեջանական մամուլի գլխագրերում այն տեղեկությունն է, որ Տավուշի մարզի Կիրանցի հատվածով ադրբեջանցի փորձագետների մի խումբ անցել է Հայաստանի սահմանը սահմանազատված տարածքով՝ անցնելով անձնագրային ստուգում և փաստաթղթերում ստանալով ՀՀ սահմանապահ ծառայության մուտքի կնիքը։

Միջազգային մամուլն ու փորձագետները սա գնահատել են որպես  պատմական և իրավական նախադեպ՝ նկատելով, որ հակամարտող երկրների միջև առաջին անգամ պաշտոնապես գործարկվել է սահմանային ռեժիմը։

Առաջին անգամ ադրբեջանական անձնագրերում դրվել է սահմանային մուտքի հայկական կնիք։ Փետրվարի 13-ի վաղ առավոտյան «Ռադիոլուրի» տեսախցիկն արձանագրել է՝ ադրբեջանական պատվիրակությունը Հայաստան է մտել ցամաքային սահմանով՝ սահմանազատված և սահմանագծված հատվածով, անցնելով սահմանային բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը։ Տավուշի մարզի Կիրանցի սահմանային հատվածից Ադրբեջանից Հայաստան են եկել քաղհասարակության ներկայացուցիչներ։  

Փորձագետների փոխայցերի մակարդակում երկուստեք շփումները համակարգում է  «Հայկական խորհուրդ» կազմակերպությունը՝ սա դիտարկելով որպես կարևոր գործնական քայլ երկու երկրների միջև վստահության ձևավորման ուղղությամբ։

Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները մեր երկրում կլինեն փետրվարի 13-14-ին «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում, հայ փորձագետների հետ կմասնակցեն կլոր սեղան քննարկումների։ Օրակարգում 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հաստատված խաղաղության օրակարգից բխող գործընթացներն են։

Առանձին նիստերում քննարկումներ կլինեն տարածաշրջանային անվտանգության նոր համակարգի ստեղծման շուրջ,  կփորձեն հասկանալ, թե ինչպես են հասարակություններն ընկալում միմյանց ու ինչպես ավելի փոխըմբռնելի ու վստահելի դարձնել  հանրային ընկալումները։ Քննարկումները կկենտրոնանան նաև տնտեսական ծրագրերի հեռանկարների վրա։

20-ական մասնակցից բաղկացած խմբերում քաղաքագետներ են, լրագրողներ, ակտիվիստներ, մամուլի ու ՀԿ-ների ներկայացուցիչներ, ընդ որում՝ զգալի թվով՝ կանայք։
Սա, փաստացի, հայ և ադրբեջանցի փորձագետների երկրորդ նման շփումն է։ Նախորդ անգամ փոխայցեր էին կատարվել օդային հաղորդակցության միջոցով, անգամ իրար երկիր մեկնելու նպատակով ինքնաթիռ էր տրամադրվել։  

Փորձագետները ցամաքային սահմանի հատումը պատմական են համարում, բայց նաև զգուշանում են սա համարել խաղաղության վերջնական ցուցիչ։ Հասարակական մակարդակում ավելի հեշտ է միմյանց լսելն ու հասկանալ փորձելը՝ ընդգծում են։  

Միջազգային մամուլը ևս շտապել է անդրադառնալ տեղի ունեցածին։ Associated Press –ը հիշեցնում է 2025-ի ամռանը մեծ աժիոտաժ առաջացրած  խաղաղության համաձայնագիրը, ընդգծում է 2 ժողովուրդների շրջանում փոքր հույսը, բայց նաև մտավախությունները։ « Հայերն ու ադրբեջանցիները հույսով, բայց նաև զգուշությամբ են ողջունում ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված խաղաղության համաձայնագիրը», վերնագրված է AP-i հոդվածը։

Իսկ ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ  հանդիպումը ներկայացնում են որպես վստահության կառուցման   միջոց։ Օրինակ՝ News.Az-ը հանդիպումը գնահատում է որպես գործնական  քայլ, որը ցույց է տալիս կողմերի պատրաստակամությունը՝ մուտք գործելու միմյանց միջավայր սահմանային իրավակարգի շրջանակում։ Իսկ AzerNEWS-ը նշում է, որ երկկողմ քննարկումները վերաբերում են ոչ միայն վաշինգտոնյան խաղաղության օրակարգի առաջընթացին, այլև հասարակական ընկալումների փոփոխությանը, ինչպես նաև տնտեսական համագործակցության հնարավորություններին։ Baku.news-ն էլ ադրբեջանական պատվիրակության այցը Հայաստան դիտարկում է իրավական կարգավորումների տեսանկյունից։

Կարդացեք նաև

Back to top button