ԿարևորՀասարակություն

Սուրբ Վարդանանց տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Փետրվարի 12-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչել է Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակը:

Այս առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ․ Հուսիկ աբեղա Սմբատյանը։

Սրբազան արարողությանը ներկա են եղել թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ և բազմաթիվ հավատավոր հայորդիներ:

Պատարագիչ Հայր Սուրբն Իր քարոզում անդրադարձել է տոնի խորհրդին՝ մասնավորապես նշելով. «Սրբոց Վարդանանց տոնը այն եզակի օրերից է, երբ պատմությունն ու հավատքը միաձուլվում են մեկ վկայության մեջ։ Պարսից թագավորը փորձում էր ջնջել հայ ժողովրդի հոգևոր ինքնությունը՝ ստիպելով հրաժարվել Սուրբ խաչից և Սուրբ Ավետարանից։ Բայց հայ ժողովուրդը հասկանում էր, որ եթե կորցնի հավատքը, կկորցնի նաև իր ինքնությունը, իր կոչումը և իր ապագան։ Այդ պատճառով Վարդանանց պայքարի կարևոր իմաստը ամփոփվում է հայտնի խոսքի մեջ՝ «Մահ իմացյալ անմահություն»»։

Ապա Հոգեշնորհ Հայր Սուրբը, դիմելով ներկաներին, հորդորել է Սրբոց Վարդանանց օրինակով ուժ ստանալ, ամուր կառչել մեր հավատքին, սիրել Հայրենիքն ու Եկեղեցին՝ հավատարիմ մնալով Աստծուն բոլոր փորձությունների մեջ։

«Սուրբ Վարդան Մամիկոնյանի և Սրբոց Վարդանանց տոնը թող մեզ համար լինի ոչ միայն պատմական հիշատակ, այլև կենդանի կանչ՝ ապրելու հավատքով լեցուն կյանք և վերանորոգելու մեր ուխտը Աստծո, հայրենիքի և միմյանց հանդեպ»-հավելեցլ է Հուսիկ աբեղան։

Հայր Սուրբը նաև միաբանության և ներկա հավատացյալ ժողովրդի անունից շնորհավորել է Վեհափառ Հայրապետին անվանակոչության օրվա կապակցությամբ:

Սուրբ Պատարագի ավարտին Իջման Սուրբ Սեղանի առջև, հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի, կատարվել է Հայրապետական մաղթանք:

Եկեղեցականաց դասն ու հավատացյալ ժողովուրդն աղոթք են բարձրացրել առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության, հավերժ պայծառության և Նորին Սրբության կենաց արևշատության ու արդյունաշատ հովվապետության համար:

Կարդացեք նաև

Back to top button