
Ալբերտ Ավետիսյան
«Ռադիոլուր»
Մեր առօրյայի մասը դարձած պոլիէթիլենային առարկաները առաջիկա տարիներին դուրս կգան շրջանառությունից։ Կառավարությունը նախատեսում է 2027 թ․ հունվարի 1-ից սահմանափակումներ կիրառել մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի նկատմամբ։
Նախաձեռնությունը, որը քննարկվում Է ԱԺ-ում, միաժամանակ ունի բնապահպանական, տնտեսական և սոցիալական բաղադրիչներ, ասում են հեղինակները։ Այն միտված է նվազեցնելու պլաստիկի բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, սակայն տնտեսվարողների և սպառողների համար հարցեր է առաջացնում՝ կապված գների, արտադրության վերապրոֆիլավորման և վերահսկողության արդյունավետության հետ։
2027 թ․ հունվարի 1-ից ամենայն հավանականությամբ հրաժեշտ կտանք պոլիէթիլենային տոպրակներին․ կառավարությունն առաջարկում է հրաժարվել պլաստիկե տոպրակներից՝ փոխարինելով թղթից կամ գործվածքից պատրաստված արտադրանքով։ Առաջարկվող փոփոխություններով՝ աստիճանաբար կկրճատվի, իսկ հետո նաև կարգելվի մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային արտադրանքի գործածությունը։
ԱԺ-ում առաջարկվող փոփոխությունները ներկայացնելիս շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը թվարկեց այն վայրերը, որտեղ կկիրառվի արգելքը․
«Առևտրի, հանրային սննդի օբյեկտներում, առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում, ցուցահանդես-վաճառքներում, ինչպես նաև բացօթյա առևտրի իրականացման դեպքում արգելել պելիէթիլենային պարկերի և տոպրակների, պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի վաճառքը կամ առկայությունը»։
Արգելքին զուգահեռ կլինեն նաև բացառություններ․
«Բացառություն է սահմանված կշռափաթեթավորման համար օգտագործվող և երկրորդային հումքից արտադրված աղբի պարկերի համար և կշռափաթեթավորման համար օգտագործվող կափարիչով պլաստիկից տարաների համար»։
Ավելի պարզ՝ պոլիէթիլենային արտադրանքը կօգտագործվի միայն ապրանքը կշռելու համար, իսկ աղբի տեղադրման համար կսահմանվի պայման, ըստ որի՝ տվյալ տոպրակը կամ տարան պատրաստված պետք է լինի վերամշակված հումքից։
Նախատեսվող փոփոխություններով գործելու են նաև արգելքներ, որոնք խախտելու համար սահմանվել է պատասխանատվություն։ Առաջին անգամ խախտողը կնախազգուշացվի, իսկ երկրորդ և հետագա խախտումների դեպքում կկիրառվեն տուգանքներ՝ 100 հազարից 150 հազար դրամի չափով։
ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանը մտավախություն ունի, որ օրենքը պարզապես կմնա թղթի վրա գրված։
Պատգամավորի այդ մտավախությանն ի պատասխան՝ փոխնախարար Արա Մկրտչյանը նշեց, որ հաշվի են առել փորձը և իրավախախտումների վերահսկողությունը վերապահել են տեղական ինքնակառավարման մարմիններին ու Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին։
Նախագիծը ներառում է ոչ միայն բնապահպանական, այլև տնտեսական բաղադրիչներ, կարծում է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը։ Ելույթում նա անդրադարձավ տնտեսվարողների, իր ձևակերպմամբ, լեգիտիմ պատճառաբանությանը․
«Իրենց արտադրանքը թողարկելու համար, օրինակ, 2 տարի առաջ, 3 տարի առաջ սարքավորումներ են ներկրել և այդ սարքավորումների ներկրման գործընթացում պետական աջակցություն են ստացել, և ասում են` մեզ համար պետական քաղաքականությունն այս դեպքում մի քիչ հասկանալի չի եղել։ Այսինքն` եթե մեր ոլորտը պիտի գնար սահմանափակումների, ինչի՞ համար է պետությունը մեզ նման արտոնություններ տվել։ Ու այս համատեքստում շատ կարևորվում է, որպեսզի մենք մեր քաղաքականությունների մեջ լինենք սինքրոն ու լինենք մաքսիմալ կանխատեսելի»։
Բաբկեն Թունյանն ասում է, որ մի քանի անգամ հանդիպել են տնտեսվարողերի հետ։ Նախագծի ընդունումը հետաձգվել է նրանց հետ քննարկումներից հետո․ նրանց հնարավորություն է տրվել վերապրոֆիլավորվելու։
Թափոնների կառավարման մասնագետ Հարություն Ալպետյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ևս հիշում է, որ երբ քննարկվում էր այս նախագիծը․ հետաձգումների ենթադրելի պատճառը տնտեսվարողներին տրվող վերապրոֆիլավորման հնարավորությունն էր․
«Արտադրողներն են բողոքել, ասել, որ դե գիտեք, մենք այսքան-այսքան ներդրումներ ենք արել, մեր արտադրությունը կփակվի և այլն։ 3-4 տարի առաջ, երբ որ արդեն այս նախագիծը քննարկվում էր հենց արգելքի կոնտեքստում և, ոնց որ իրենց համար դա արվեց, ավելի շատ, որպեսզի մի հատ անցումային փուլ լինի, որ այդ արտադրությունը կամաց֊-կամաց գնա և արգելվի վաճառքը, արտադրությունը կնվազի վաճառքը արգելելու, տրամադրումը արգելելու միջոցով։ Հա, այսինքն, դրա պահանջարկը մենք նվազեցնում ենք»։
Ո՞րն է այս ամենի այլընտրանքը, պետությունն ի՞նչ է առաջարկում․ Ապլետյանը կարծում է, որ թղթե տոպրակը լավ այլընտրանք չէ։
«Թղթե տոպրակը լավ այլընտրանք չի, լավ այլընտրանքը հենց պոլիստերային պլաստիկ բազմակի օգտագործման պայուսակն է։ Դրանք շատ պինդ պայուսակներ են։ Մենք գիտենք, որ հովանոցի կտորից, մոտավորապես, պայուսակներ կան, որոնք շատ քիչ տեղ են զբաղեցնում, շատ պինդ են և կարող են ծառայել տարիներ։ Ես ունեմ պայուսակ, որը ես արդեն օգտագործում եմ 10 տարի»։
Որոշ գնահատումների համաձայն՝ Հայաստանում տարեկան շուրջ 6 հազար տոննա պլաստիկե թափոն է առաջանում։ Այս ծավալի մի մասը տեղափոխվում է աղբավայր և չի վերամշակվում։
«Դրանք չեն վերանում, դրանք քայքայվում են արևի լույսի տակ և կիսաքայքայված վիճակում գնում ընկնում են գետերը, քամուց քշվում են դաշտեր և այլն»։
Թափոնների կառավարման մասնագետի կարծիքով՝ սա ամենատեսանելի խնդիրն է մեր շրջապատում։
Պոլիէթիլենայի արտադրանքից հրաժարվելու հիմնական շահառուն այդ արտադրանքն օգտագործող քաղաքացիներն են, որոնց հետ զրուցել է «Ռադիոլուր»-ը․
«Եթե պետք է տոպրակները վերանան ու թղթե տոպրակներ մուտք գործեն ասպարեզ, ու պետք է դրամական առումով հաճախորդը տուժի, եթե օրինակ՝ ուտելիքը լինի 400 դրամ, իսկ տոպրակը՝ 200, այդ դեպքում, եթե դու գնում ես ուտելիքն, ու ամեն օր այդ 200 դրամը գցես, ապա շաբաթվա վերջում ինչ-որ մեծ գումարի կորուստ ես ունենում, որն անիմաստ է»։
«Կարծում եմ՝ թղթից տարբերակները, բավականին, հարմար են, բայց, եթե գինը թանկ չլինի։»
Այսպիսով, սպասվող փոփոխությունը բնապահպանական առումով ձեռնտու է, բայց տնտեսապես՝ դժվարամարս, հատկապես տնտեսվարողների համար, իսկ քաղաքացուն մնում է միայն սպասել, մինչև օրենքն ուժի մեջ մտնի։




