ԿարևորՄիջազգային

ԱՄՆ-ի հետ քննարկում ենք բացառապես միջուկային խնդիրը. Լարիջանի

ԱՄՆ-ի հետ բանակցությունները բացառապես միջուկային խնդրի շուրջ են, Օմանի հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։

Մեկնաբանելով բանակցությունների ընթացքը՝ նա նշել է, որ այլ հարցերի շուրջ քննարկումներ տեղի չեն ունենում։

 «Այս համատեքստում բանակցություններում հիմնական ուշադրությունը հատկացվում է միջուկային հարցին։ Ամերիկյան կողմը եկել է այն եզրակացության, որ բանակցությունները պետք է կենտրոնանան միջուկային խնդրի շուրջ։ Մենք որևէ այլ հարց չենք քննարկել։ Հետևաբար, երկխոսության շրջանակները սահմանափակվում են միջուկային թեմայով»,- ընդգծել է նա։

Լարիջանին հավատում է բանակցությունների հաջող ընթացքին։

 «Իմ կարծիքով՝ այս խնդիրը լուծելի է։ Եթե ամերիկացիների մտահոգությունն այն է, որ Իրանը չստեղծի միջուկային զենք, ապա լուծելի հարց է։ Սակայն եթե բանակցությունների օրակարգում ներառվեն նաև այլ թեմաներ, գործընթացը դժվարությունների կհանդիպի»,- զգուշացրել է նա։

Լարիջանին հայտնել է, որ ներկայումս ամերիկյան կողմն ավելի իրատեսական դիրքորոշում ունի։

Նրա խոսքով՝ նախկինում ԱՄՆ-ը միջուկային ծրագրի հետ կապում էր նաև ռազմական և հրթիռային հարցերը, սակայն այժմ խոսքը միայն միջուկային թեմայի մասին է, ինչը, ըստ Լարիջանիի, ռացիոնալ մոտեցում է։

«Ռազմական հարցերը որևէ առնչություն չունեն միջուկային ծրագրի հետ»,- նշել է նա։

Կարդացեք նաև

Back to top button