Հասարակություն

Ինչ սպասելիքներ ունի հայ համայնքը Վրաստանի համընդհանուր մարդահամարից

Գիտա Էլիբեկյան
Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
Թբիլիսի-Երեւան

Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը վստահեցնում է, որ մարդհամարի ընթացքում ստացված բոլոր բողոքներին ընթացք են տրվել:  Հիշեցնեմ, նոյեմբերի 19-ին Վրաստանում ավարտվում է համընդհանուր  մարդահամարի անցկացումը:  Ոլորտի պաշտոնյաները սակայն կանխատեսում են բնակչության թվի նվազում: Իսկ ինչ սպասելիքներ ունի հայ համայնքն այս մարդահամարից:

 

 

Վերջին անգամ Վրաստանում բնակչության ընդհանուր մարդահամար է անցկացվել 2002թ.-ին: Այդ տվյալների համաձայն բնակչության թիվը անցնում է  4 միլիոնը: Ազգությամբ հայ քաղաքացիների թիվը  248 հազար 929 մարդ է, որը կազմում է երկրի ընդհանուր բնակչության 5,7 տոկոսը:  Սակայն, այս թիվն ըստ համայնքի ներկայացուցիչների, չի արտացոլում  իրական պատկերը:

Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը մեզ հետ զրույցում հույս հայտնեց, որ այս մարդահամարը  ցույց կտա, թե իրականում որքան հայ է ապրում Վրաստանում: Սակայն սրբազանը ընդգծեց, որ կարևոր մի փաստ` հարցաթերթիկում կրոնական պատկանելիության մասին հարցը շատ դեպքերում անտեսվում է.

«Ցավոք մենք տեղեկություններ ենք ստացել, որ կրոնական պատկանելիության մասին հարցը որոշ տեղերում  չի տրվել քաղաքացուն և  այդ պատճառով սկսում ենք կասկածել այդ տվյալների ճշմարտացիության վրա: Մենք այդ մասին տեղեկացրել ենք մարդահամարն իրականացնող պետական կառույցին»:

Նշեմ, որ Վիրահայոց թեմի առաջնորդը մինչ մարդհամարի մեկնարկը կոչ էր հղել Վրաստանի հայ բնակչությանը` միանշանակ արտահայտել և ընդգծել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն իրենց պատկանելիությունը:

Վրաստանի Ազգային Վիճակագրական ծառայության  փոխտնօրեն  Թենգիզ Ցեկվավան  մեզ հետ զրույցում հաստատեց, որ նման բողոքներ եղել են.  «Մեր  աշխատակիցներից ոմանք  ազգային պատկանելիության մասին հարցը չեն ուղղել օրինակ ազգությամբ վրացիներին, կարծելով որ նրանք պատկանում են Վրաց Ուղղափառ եկեղեցուն, կամ հայերին` ենթադրելով, որ նրանք էլ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ են: Սակայն մենք լրացուցիչ աշխատանք ենք տարել`եվս մեկ անգամ այցելել տվյալ քաղաքացուն և ստացել հարցի պատասխանը»:

Վրաստանի Ազգային Վիճակագրական ծառայության  ներկայացուցիչը վստահ է` այս մարդհամարը կներկայացնի առավել ստույգ տվյալներ:  Սակայն Ցեկվավան կարծում է`  նախորդ մարդահամարի տվյալների համեմատ բնակչության թիվը կնվազի: Պատճառը  ինչպես և բոլոր հետխորհրդային երկրներում միգրացիան է և ծնելիության նվազումը:

Համընդհանուր մարդահամարի նախնական տվյալները կհրապարակվեն հաջորդ տարի ապրիլին և կարող են օգնել Վիրահայոց  թեմին իր կողմից  նախաձեռնած  մարդահամարի անցկացման գործում: Նման հույս է հայտնում  թեմի աջաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:  Հայության շրջանում թեմի վերջերս մեկնարկած  մարդահամարը ամբողջական տեղեկատվություն կտա Վրաստանում ապրող հայերի մասին և կհամախմբի նրանց:

Բնակչության նվազման միտում նկատվել է նաև Հայաստանում. 2014 թվականի 9 ամիսների ընթացքում Հայաստանը լքել է 13600 մարդ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը, նշելով, որ բնական հավելաճի և Հայաստանը լքածների քանակների հաշվարկից պարզ է դարձել, որ ընհանուր առմամբ Հայաստանի բնակչության թիվը տարեսկզբից մինչև հիմա նվազել է 3200-ով:

Back to top button