
Ինքնակամ շինությունների հաշվառման ժամկետը երկարացվել է ևս մեկ տարով. նոր կարգավորումը կգործի մինչև 2026-ի դեկտեմբերի 31-ը։ Սա նշանակում է, որ քաղաքացիները ևս մեկ հնարավորություն են ստանում՝ անօրինական կառույցները չափագրելու, տվյալները էլեկտրոնային համակարգ մուտքագրելու և հաշվառելու։ Խոսքը մինչև 2021-ը կառուցված ինքնակամ շինությունների մասին է։ Հաշվառումն այդ շինություններն օրինականացնելու միակ հնարավորությունն է։
Բնակելի, հասարակական, արտադրական կամ այլ շինություններ կառուցելիս քաղաքացիները հաճախ շրջանցում են օրենքն ու առանց օրինական ձևակերպումների սկսում շինարարություն: Երևույթը տասնամյակների պատմություն ունի։ Անօրինական հախուռն կառուցապատումը սկսվել է 90-ականներին՝ «ով որտեղ և ինչպես կարող է» սկզբունքով:

Կառավարությունը մի քանի անգամ հնարավորություն է տվել հաշվառել ինքնակամ կառույցներն ու դրանք բերել օրինական դաշտ: Վերջին անգամ օրենսդրական այդպիսի փոփոխություն արվել էր 2022-ին՝ քաղաքացիներին հնարավորություն տալով հաշվառել մինչև 2021թվականը կառուցված ինքնակամ շինությունները: Սակայն տարբեր պատճառներով շատերը չեն հասցրել սահմանված ժամկետում հաշվառել դրանք՝ ասում է Արմավիրի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Դավիթ Ավետիսյանը:

«Տարբեր տեսակի շինություններ կան. բնակելի շինություններ, կցակառուցումներ, տնտեսական շինություններ, հասարակական, ինչպես նաև արտադրական նշանակության շինություններ, որոնք քաղաքացիները չեն հասցրել հաշվառել նախորդ անգամ: Դրանք մինչև 2021թ կառուցված շինություններն են՝ 2020 թվական ներառյալ, որոնք առկա են օրթոֆոտոլուսանկարներում»:
2021թ․ մեր երկրի ամբողջ տարածքում իրականացվել է օդային լուսանկարահանում, լուսանկարները մուտքագրվել են կադաստրային քարտեզ, որը տեղադրված է Ազգային գեոպորտալում: Օրենսդրական փոփոխությամբ երկարաձգվել է ինքնակամերի հաշվառման ժամկետը: Դավիթ Ավետիսյան.

«Կոնկրետ թվեր չկան, ,բայց ահագին ծավալ կա հաշվառման, որը, իմ կարծիքով, բնակիչների պատշաճ իրազեկման դեպքում մեկ տարվա ընթացքում կհասցնեն հաշվառել: Բոլոր համայնքներում էլ կան: Չկա համայնք, որ մի տեղ շատ լինի, մի տեղ՝ քիչ: Ամբողջ մարզում ահագին շինություններ կան, որ պետք է հաշվառվեն: Վերջնաժամկետը 2026թ դեկտեմբերի 31-ն է»:
Ինքակամ կառույցների հաշվառման համար քաղաքացիները դիմելու են որակավորված չափագրող կազմակերպություններին ու սկսել գործընթացը՝ ասում է Վաղարշապատ համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Մկրտչյանը: Համայնքում ինքնակամ կառույցների հստակ հաշվառում չկա:

«Հաշվառման գործընթացը դադարեցվել էր, հունվարից նորից սկսել են ինքնակամ կառույցների հաշվառման գործընթացը: Բնակիչը դիմում է մասնավոր չափագրող կազմակերպություններին, որի արդյունքում չափագրողներն իրականացնում են հաշվառման գործընթացը, տրամադրում են հաշվառման թերթիկ, որի ծածկագրերի հիման վրա իրականացնում են հետագա ընթացակարգերը: Որ կառույցը ենթակա է օրինականացման, օրինականացնում են, որը ոչ՝ քանդում են»:
Վաղարշապատ համայնքի խոշորացումից հետո համայնքապետարանում դեռ հստակ չէ, թե նախորդ անգամ քանի գույք է հաշվառվել ու դրանցից քանիսը՝ օրինականցվել: Պարզ կլինի սահմանված ժամկետի ավարտից հետո, որի տվյալներն արտացոլված կլինեն կադաստրում:
«Հաշվառման գործընթացի վերաբերյալ հնարավոր է հաշվառեն գույքը, բայց չներկայացնեն համայնքապետարան, ուստի այդպիսի հստակություն չունենք՝ քանի ինքակամ գույք կա՝ թե՛ սեփական, թե՛ համայնքային հողամասի, ցանկացած տիպի ինքնակամ գույք, որը որ հաշվառվել է»:
Ինքնակամ կառույցների հաշվառումը ծախսատար գործընթաց է, և երբեմն քաղաքացիները բավարարվում են միայն դրանով՝ խուսափելով մյուս ծախսերից: Արմավիրի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Դավիթ Ավետիսյանն ասում է, որ շինությունների օրինականցմամբ զբաղվում են համայնքապետարանները:
«Հաշվառումից հետո, ցանկացած պահի քաղաքացիները կարող են դիմել, եթե տվյալ օբյեկտը ենթակա է օրինականացման, համապատասխան գործառույթներն անելուց հետո կարող են օրինականացնել»:
2021-ից հետո համայնքներում ևս ինքնակամ շինություններ են կառուցվել: Դրանք օրենքի պահանջով կամ պետք է ապամոնտաժվեն, կամ սեփականատերը պետք է օրենսդրական նոր փոփոխության սպասեն:




