
ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երկու երկրները ընդլայնում են ռազմական և պաշտպանական գործընկերությունը և Հայաստանը շուտով ամերիկյան արտադրության հետախուզական անօդաչու սարքեր կստանա։ «Ռադիլուր»–ը զրուցել է ռազմական փորձագետ Տիգրան Հովհաննիսյանի հետ և պարզել, թե ինչի համար են նախատեսված անօդաչու այդ սարքերը, ինչպե՞ս են աշխատում դրանք և որքանո՞վ են արդյունավետ։
Միացյալ Նահանգները 11 մլն դոլարի հետախուզական V-BAT տեսակի անօդաչու սարքեր կվաճառի Հայաստանին ՝ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ հանդիպումից հետո։ Փաշինյանն ընդգծեց, որ այս որոշումը կայացվել է երկկողմ բազմամյա անվտանգային գործակցության և արդեն երեք տարի շարունակվող «Արծիվ գործընկեր» զորավարժությունների շնորհիվ․
«Հայաստանը ԱՄՆ-ից ձեռք է բերել անօդաչու թռչող սարքեր, որոնց արդյունավետությունը ապացուցվել է կիրառման հարուստ փորձով, և որոնք էականորեն նպաստելու են մեր պաշտպանական կարողությունների ամրապնդմանը։ Հույս եմ հայտնել, որ ԱՄՆ-ի արտաքին ռազմական վաճառքի ծրագրի ներքո իրականացված այս գործարքը հիմք կծառայի հետագա գործակցությունը ընդլայնելու համար»։
Վարչապետի նշած «օգտագործման հարուստ փորձը» հիմնականում կուտակվել է Ուկրաինայիում, որտեղ հետախուզական այդ սարքերը լայնածավալ փորձարկումներ են անցել՝ «Ռադիլուր»–ի հետ զրույցում մանրամասնում է ռազմական փորձագետ Տիգրան Հովհաննիսյանը։ Նա նշում է, որ Ուկրաինայի ռազմական հետազոտական ինստիտուտի զեկույցները հաստատում են, որ V-BAT դրոնները արդյունավետ են եղել ռուսական անօդաչու սարքերին հակազդելու գործում։
«Բացառիկության մասին ոչ ոք խոսել չի կարող, սա արդեն փորձած թան է, և փորձված է մի շարք երկրներում։ Ուկրաինայում է անցել փորձարկումներ, իրենց ասելով՝ 100-ից ավելի մարտական խնդիր է կատարել,
որոշ խնդիրները՝ հաջողությամբ։ Հաջողության մասին վկայում է այն, որ հույները և հոլանդացիներն են գնել այն»։
Այս սարքերը նախատեսված են հետախուզության և թիրախավորման համար։ Ծրագրավորվում են նաև արհեստական բանականությամբ։ Ամենաուշագրավը, սակայն, ոչ թե դրանց տեխնիկական հնարավորություններն են, այլ ստեղծման պատմությունն ու սարքը նախագծողի անձնական փորձը՝ մանրամասնում է Տիգրան Հովհաննիսյանը․
«Ամենակարևորը, որը չի ասվում այս ամբողջ պատմության մեջ, բոլորը հարցը տալիս են հենց տեխնիկական բնութագրերից, կատարման իր հնարավորություններից և այլն, բայց այստեղ ուրիշ կարևոր բան կա՝ ո՞վ է հիմնադրել այս ընկերությունը և ո՞վ է մշակում այդ դրողները։ Նայում ենք հիմնարարների ազգանունները և անցած իրենց կենսագրությունը և տեսնում ենք, որ նրանք նախկին «ծովառյուծներն» են։ Հենց կոնկրետ այն մարդը, ով ծրագրի հեղինակն է, անցել է այդ բոլոր ճանապարհներով՝ հատուկ նշանակության գերծառայության, իրենք արդեն պատկերացնում են, թե ինչ պահանջներ կներկայացնի դրա մշակողը, ով ունի այդ փորձը։ Այդ է կարևորը»։
Դրոնը նախապես ստեղծվել է Տեխասում գործող Martin UAV ավիատիեզերական ընկերությունում, ապա V-BAT-ը ձեռք է բերել Shield AI կազմակերպությունը՝ որպես ռազմական կիրառության ինքնավար համակարգեր կառուցելու առաքելության մի մաս: V-BAT-ն ունի մեկ խողովակային օդամղիչով շարժիչային համակարգ, որը թույլ է տալիս ուղղահայաց վերելք կամ վայրէջք կատարել ինչպես ուղղաթիռը, ապա անցնել ֆիքսված թևով հորիզոնական թռիչքի՝ երկար հեռավորությունների հաղթահարելու համար: Ուղղահայաց թռիչքի հնարավորությունը այդ սարքը իդեալական է դարձնում նավերից, շենքերի տանիքներից կամ սահմանափակ տարածքներից գործարկելու համար, որտեղ ավանդական թռիչքուղիները հասանելի չեն․
«Տեսեք ինչ հետաքրքիր պահ կա, բացի նրանից, որ իրենք ապահովեցին իրենց ներկայությունը միջազգային շուկայում, իրենք կարողացան նաև Միացյալ Էմիրություններում ստեղծել իրենց կենտրոնը, որը ղեկավարում է նույնպես պաշտոնաթող և նույնպես «ծովառյուծ» Նեյվիսի, բայց այս անգամ արդեն ծովակալի կողմից։ Այսինքն՝ մենք խոսում ենք փորձած թանի մասին»։
Փոխնախագահ Վենսը վարչապետ Փաշինյանի հետ հանդիպումից հետո ընդգծեց նաև, որ Միացյալ Նահանգները սեփական փորձով գիտի, որ խաղաղությանը պատրաստվելու լավագույն ձևը ուժեղ զինատեսակներ ունենալն է․
«Նախագահ Թրամփը շատ լավ գիտի, որ լավագույն ձևը ապահովելու խաղաղություն, լավագույն տեխնոլոգիաների գործարկումն է»։
Արտասահմանյան շուկաներում V-BAT-ի մասին հիշատակումները շատ են։ 2026 թ․ հունվարին Հնդկաստանի բանակը V-BAT անօդաչու սարքեր գնեց՝ մոտավորապես 35 մլն դոլարով: 2025 թ․ մայիսին Հունաստանի զինված ուժերը պաշտոնապես ինտեգրեցին իրենց առաջին V-BAT անօդաչու սարքերը։ ԵՄ սահմանային անվտանգության Frontex գործակալությունը սահմանային հսկողության համար V-BAT-ներ է կիրառել 2025 թ․ հունվարին։ Shield AI ընկերության նախագահ Բրենդոն Ցենգը նշել է, որ V-BAT-ի գինը «միջին վեցանիշ թվերի սահմաններում» է։ Դա նշանակում է 400․000-600․000 դոլար մեկ միավորի համար։ Ռազմական փորձագետը պատահական չի համարում, որ Միացյալ Նահանգների ամենապահանջկոտ ռազմական միավորներից մեկը՝ ծովային նավատորմը, նույնպես այս դրոններն է կիրառում։ Տիգրան Հովհաննիսյանը կարծում է, որ այդ սարքերը Հայաստան կբերվեն պահեստամասային ծառայություններով և ուսուցման փաթեթով․
«Միջին գինը տատանում է կես միլիոն դոլարի սահմաններում, կարող ենք մենք կռահել, որ մինչև 20 միավորից ոչ ավելի կստանանք այդ դրոններից»։
Ռազմական փորձագետ Տիգրան Հովհաննիսյանը միևնույն ժամանակ ընդգծում է, որ Հայաստանի զինված ուժերը անօդաչու սարքերի հետ աշխատելու փորձ ունեն և դրանց տեղայնացումը երկար չի տևի։




