ԿարևորՀասարակություն

Հայաստանի ԿԸՀ 2025-ի արժեքը նախորդի համեմատ մեկ միավորով իջել է. Թրանսփարենսի Ինթերնեշնլ

Կոռուպցիայի ընկալման համաթիվը Հայաստանում 2025 թվականին 2024-ի համեմատ մեկ միավորով իջել է՝ կազմելով 46 միավոր։

Թրանսփարենսի Ինթերնեշնլը այսօր հրապարակել է աշխարհում կոռուպցիայի ընկալման համաթիվը։

Հայաստանի համաթիվը «բավականին համեստ ցուցանիշ է, որը նաեւ ցույց է տալիս, որ հակակոռուպցիոն բարեփոխումները դեռեւս չեն տալիս գործարարների եւ փորձագետների ակնկալած արդյունքները, որոնց ընկալումները չափում է ԿԸՀ-ն»,- նշված է Թրանսփարենսի Ինթերնեշնլի հաղորդագրության մեջ։

Հայաստանը ներառված է Արեւելյան Եվրոպա- Կենտրոնական Ասիա տարածաշրջանում։ Այստեղ Հայաստանը իր 46 համաթվով զիջում է միայն Վրաստանին (50)։

Հայաստանում ԿԸՀ-ն ավելի բարձր է համաշխարհային միջին արժեքից։

Կոռուպցիայի ընկալման համաթիվը Հայաստանում ավելի բարվոք է, քան հարեւաններին։ Թուրքիայում այն կազմում է 31, Իրանում՝ 23, Ադրբեջանում՝ 30, Ռուսաստանում՝ 22։

ԿԸՀ սանդղակը ձգվում է 0- ից 100։ 0-ն բացարձակ կոռումպացված, 100-ը՝ բացարձակ մաքուր երկրներն են։ Որքան բարձր է համաթիվը, այդքան երկիրը քիչ կոռումպացված է համարվում։

Ըստ համաշխարհային զեկույցի՝ կոռուպցիայից մաքուր երկրների եռյակը սկանդինավյան երկրներն են՝ Դանիան (89), Ֆինլանդիան (88), Նորվեգիան (81)։

Թրանսփարենսի Ինթերնեշնլն իր զեկույցում նշել է, որ 2025թ Կոռուպցիայի ընկալման համաթիվը ցույց է տալիս, որ «թույլ ինստիտուտները եւ ժողովրդավարական հետընթացն  Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում խթանում են կոռուպցիան եւ նեղացնում քաղաքացիական տարածքը»։

Կարդացեք նաև

Back to top button