Հասարակություն

ԱԺ-ն հատուկ ընթացակարգով կքննարկի ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագիծը

Ազգային ժողովն այսօր 74 կողմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ որոշել է հատուկ ընթացակարգով քննարկել ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի (Հակոբ Մովսեսի) լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագիծը։

Քվեարկությունից առաջ վարման կարգով ելույթում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնել է, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու հատուկ ընթացակարգին։

Ավելի վաղ՝ «Հայաստան» դաշինքը պահանջել էր դադարեցնել ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները։ Ընդդիմադիր պատգամավորները պնդում են, որ Հակոբ Հակոբյանը խախտել է ՀՌՀ անդամի կարգավիճակից բխող քաղաքական չեզոքության և զսպվածության պահանջները։

Ընդդիմության շրջանառած նախագծում նշվում է, որ Հակոբ Մովսեսը «Առաջին լրատվականին» տված հարցազրույցում «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությանը վիրավորող և վարկաբեկող արտահայտություններ է թույլ տվել։

Կարդացեք նաև

Back to top button