ԿարևորՔաղաքական

Ատոմակայան եւ TRIPP. Մոսկվան արձագանքում է ԱՄՆ փոխնախագահի Հայաստան այցին` ԱԳ փոխնախարարի շուրթերով

Հայաստանում նոր ատոմակայանի էներգաբլոկի կառուցման համար ռուսական առաջարկներն իրական այլընտրանք չունեն, «Իզվեստիա»- ին ասել է  ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Մենք հայկական կողմին փոխանցել ենք մանրամասն մշակված առաջարկների փաթեթ։ «Ռոսատոմը» պատրաստ է հնարավորինս սեղմ ժամկետներում անցնել նախագծի իրականացմանը՝ իհարկե հաշվի առնելով հայ բարեկամների ցանկությունները։ Հուսալի, արդեն փորձարկված տեխնոլոգիաների առկայության, ինչպես նաև ֆինանսական չափորոշիչների գրավչության տեսանկյունից՝ ներառյալ շինարարությունը, հետագա շահագործումը, մասնագետների պատրաստման և վերապատրաստման անհրաժեշտությունը, իրական այլընտրանքներ չունեն»,- ասել է դիվանագետը։

Գալուզինի խոսքով՝ Մոսկվան մտադիր է նաև հետագայում հանդես գալ որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավոր։

Նա շեշտել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը խաղաղ ատոմի ոլորտում ունեն համագործակցության հարուստ փորձ։

«Մեր ատոմային ոլորտի մասնագետները միևնույն՝ խորհրդային «դպրոցի» սաներ են և լավ են հասկանում միմյանց։ Այժմ մեր մասնագետները իրականացնում են համալիր աշխատանքներ, որպեսզի կայանը կարողանա կայուն և արդյունավետ աշխատել մինչև 2036 թվականը»,- ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։

Գալուզինը նաեւ նշել է, որ Մոսկվան պատրաստ է Երևանի հետ քննարկել TRIPP նախագծում Մոսկվայի հնարավոր մասնակցությունը։

«Հայ-ամերիկյան նախաձեռնության մանրամասները դեռ պետք է ուսումնասիրվեն։ Պատրաստ ենք խորհրդակցել Երևանի գործընկերների հետ՝ քննարկելու թե՛ պարամետրերը, թե՛ Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը այս կամ այն ձևաչափով»,- հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարարը։

Գալուզինը նշել է, որ Հայաստանի երկաթուղային ցանցը մինչև 2038 թվականը գտնվում է Ռուսաստանի երկաթուղու դուստր ընկերության կառավարման ներքո, երկրում գործում է ռուսական գծաչափը, իսկ Իրանի հետ սահմանին տեղակայված են ռուս սահմանապահներ։

«Պետք է հաշվի առնել նաև Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ Այս պայմաններում ակնհայտ է, որ առանց Ռուսաստանի գործընկերների դժվար կլինի»,- ասել է նա։

Գալուզինը նաև նշել է, որ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ էական մշակումներ արդեն արվել են եռակողմ ձևաչափով` Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով։

Կարդացեք նաև

Back to top button