
Փետրվարի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանի արտաքին գործերի նախարարություն՝ քննարկելու գերատեսչության նախորդ տարվա գործունեության հաշվետվությունը։ Արտաքին գործերի նախարարը ներկայացրել է 2025-ի հիմնական ձեռքբերումները, ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները՝ կարևորելով հատկապես տարածաշրջանային գործընթացներն ու հարևան երկրների հետ հարաբերությունները։
Ի՞նչ փոփոխություններ են արձանագրվում Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում, ինչպե՞ս է այդ գործընթացն ազդում Վրաստանի և Իրանի հետ ռազմավարական գործակցության վրա։
Ըստ ԱԳՆ-ի հաշվետվության՝ 2025-ին Հայաստանի գլխավոր առաջնահերթությունը եղել է խաղաղության օրակարգի սպասարկումը։ Այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվել՝ ասում է արտաքին գործերի նախարարը՝ թվարկելով խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցմանն ու նախաստորագրմանը, Վաշինգտոնյան համաձայնությունների ձեռք բերմանն ու վստահության ամրապնդմանն ուղղված քայլերը։
«Թիվ մեկ առաջնահերթությունը խաղաղության օրակարգի սպասարկումն է և երկու հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը»։
Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման և խաղաղության հաստատման առումով արտգործնախարարը տարին արդյունավետ է գնահատում։ Արդյունքները ոչ միայն քաղաքական ու դիվանագիտական են, այլև տնտեսական։
Նախորդ տարեվերջից Ադրբեջանի տարածքով բեռներ են փոխադրվում՝ երրորդ երկրից հացահատիկ և ադրբեջանական նավթամթերք։ Այս կապակցությամբ երկու երկրների ղեկավարները գոհունակություն հայտնեցին Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Թեպետ հայկական արտադրանք դեռ չի մտել Ադրբեջան, սակայն դա ժամանակի հարց է համարում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Ի՞նչ ապրանքներ են արտահանվելու. ես կարող եմ պոտենցիալի մասին խոսել, ընդ որում՝ այս պահին ընդամենը մենք գիտական հետազոտությամբ արված պոտենցիալի մասին ենք խոսում՝ արտաքին առևտրում նմանության ինդեքս, փոխլրացման ինդեքս։ Այդ ինդեքսներն ենք հաշվել։ Իրենք իրենցն են տվել, մենք՝ մերը։ Այսինքն, դա նշանակում է, որ կա պոտենցիալ այդ ապրանքները վաճառելու։ Ե՞րբ կվաճառվի, ի՞նչ պայմաններով. դա կախված է արդեն բիզնեսների հարաբերությունների գործընթացների կազմակերպումից»։
Ավելի մեծ հեռանկար է բացում TRIPP-ի գործարկումը, որն ակնհայտորեն տեղի է ունենալու՝ ասում է Պապոյանը։
Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, ապա այս ուղղությամբ նույնպես, արտգործնախարար Արարատ Միրզոյանի ձևակերպմամբ, ինտենսիվ շփումներ կան և որոշակի առաջընթաց։ Արդեն երևում են արդյունքներ՝ օրինակով մանրամասնում է Արարատ Միրզոյանը.
«Շուտով կտեսնենք «Թըրքիշ էյըրլայն»-ի չվերթների բացումը, հայտարարվել են կրթաթոշակներ, «iviza» համակարգով հեշտացումներ արեցինք ծառայողական և հատուկ և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար»։
Հայաստան-Թուրքիա հարաբերություններում գլխավոր խնդիրը մնում է սահմանի բացումը։ Թեև բազմաթիվ հայտարարություններ են հնչել, բայց խնդիրը դեռ լուծված չէ՝ ասում է արտգործնախարարը։
«Այս պահին դեռ չլուծված է՝ պետք է արձանագրենք։ Այնուամենայնիվ, առաջիկա ամիսներին շատ էական, եթե չասեմ՝ ամբողջական կարգավորում ենք ակնկալում»։
Ի դեպ, թուրքական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Հայաստանի հետ սահմանային Մարգարա անցակետում նախապատրաստական աշխատանքներն ինտենսիվացել են։ Հրապարակումների համաձայն՝ Իգդիրի նահանգապետն անձամբ է ստուգել վերակառուցման և արդիականացման ընթացքը։ Թուրքական կողմը հայտարարում է, որ նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին։
Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ անցակետի հայկական կողմում աշխատանքներն ավարտվել են: Սահմանապահ և մաքսային գործառույթների համար նախատեսված շինություններն ու ենթակառուցվածքներեը պատրաստ են։
Անդրադառնալով Հայաստանի մյուս երկու հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ հարաբերություններին, արտգործնախարարն արձանագրում է՝ այստեղ գործակցությունը ռազմավարական է և զարգացման ներուժ ունի։
Իրանը Հայաստանի առևտրային չորրորդ գործընկերն է: Որքանո՞վ այս հարաբերությունների վրա կարող են ազդել Թեհրանի հետ առևտուր անող երկրների նկատմամբ 25 տոկոս մաքսատուրք սահմանելու Վաշինգտոնի որոշումը։ Այս առնչությամբ իրանագետ Նվեր Դավթյանը, օրինակ, այսպիսի կարծիք ունի։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրանի դեմ են ուղղված այդ պատժամիջոցները և դրանց բնույթը հիմնականում քաղաքական է, և այն հանգամանքը, որ Իրանի հետ մեր առևտրաշրջանառության ծավալներն այնպիսի մեծ չափերի չեն, որը կարող է լուրջ մտահոգություններ առաջացնել Միացյալ նահանգների համար, այդ թվում՝ նաև այն տեսանկյունից, որ կենսական նշանակության ապրանքներ են ներմուծվում Հայաստան, կամ Իրանի հետ մեր առևտրաշրջանառությունը հիմնականում այդ ոլորտում է, և էներգետիկ ոլորտը նույնիսկ ընդհանուր չափաբաժնի մեջ 1/3-րդն է կազմում, կարծում եմ, եթե լուրջ քաղաքական բանակցություններ, բացատրական աշխատանքներ, խորհրդակցություններ լինեն, կարծում եմ, կարող են բացառություններ լինել այս առումով»։
Ըստ իրանագետի՝ դրական ֆոն է ստեղծում նաև այն հանգամանքը, որ այս փուլում Իրան-ԱՄՆ բանակցություններ են ընթանում։ Հարցին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է նաև էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը.
«Մոտավորապես 50 մլն դոլարի արտահանում ենք ունեցել նախորդ տարի Միացյալ Նահանգներ։ Բնականաբար, ապրանքներ կան, որոնք որ էական չափով, այսինքն՝ 10-ը եթե վերածվում է 25-ի, իրենց մրցունակությունը կկորցնեն նման իրավիճակում։ Բայց նախ՝ ես գոնե մամուլից եմ դրա մասին տեղեկացել։ Այսինքն, էկոնոմիկայի նախարարությունը պաշտոնական որևէ նամակ կամ հաղորդագրություն, նոտա չի ստացել ոչ ամերիկյան կողմից, ոչ ԱԳՆ-ի միջոցով ամերիկյան կողմից։ Այսինքն՝ դա մամուլի հրապարակում է։ Երկրորդը կտեսնենք իմպլեմենտացիան ինչպես կլինի, նաև, բնականաբար, գործընկեր երկրների հետ քննարկումներ տեղի կունենան» ։
Թեպետ հարցը դեռևս հայտարարությունների մակարդակում է, սակայն, ըստ Պապոյանի, ԱՄՆ փոխնախագահի հայաստանյան այցի շրջանակում այդ հարցը նույնպես կքննարկվի։




