
Այսօր սկսվում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի պաշտոնական այցը տարածաշրջան։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան տիկնոջ` Ուշա Վենսի հետ Երևանում կլինի փետրվարի 9-ից 10-ը, իսկ այստեղից կմեկնի Բաքու։ ԱՄՆ փոխնախագահը Վաշինգտոն կվերադառնա չորեքշաբթի՝ երեկոյան։ Այսօր՝ երեկոյան, տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով:
Փորձագետները Վենսի այցը տարածաշրջանի համար շրջադարձային ու պատմական են որակում։ Այն, ըստ նրանց, փաստում է Հարավային Կովկասում քաղաքական և տնտեսական ազդեցությունը մեծացնելու Վաշինգտոնի ցանկությունը։ Նախորդ ամիս նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ այցի նպատակը խաղաղության ջանքերը ու TRIP նախագիծն առաջ մղելն է: Սպիտակ տան ղեկավարը խոսել էր նաև Հայաստանի հետ կնքվելիք համաձայնագրերի մասին: Պաշտոնական Երևանը խոսել էր երկկողմ հարաբերությունների վերաբերյալ հնարավոր նոր հայտարարությունների մասին:
Միացյալ Նահանգներից Հայաստան երբևէ ժամանած ամենաբարձրաստիճան պաշտոնյայի՝ ԱՄՆ գործող փոխնախագահի պատմական այցի մասին Երևանի բնակիչներն առաջին հերթին կիմանան մայրաքաղաքի փողոցներում երթևեկության սահմանափակումներից։
Փետրվարի 9-ին և 10-ին մայրաքաղաքում նախատեսված պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանի մի շարք փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ։ Ներքին գործերի նախարարությունը հայնտում է, որ երթևեկության սահմանափակումներ կլինեն Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ, Աբովյան փողոցում՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ, Պուշկինի փողոցում՝ Պուշկին-Կողբացի փողոցների խաչմերուկից մինչև Սախարովի հրապարակ։
Հայաստանի անկախացումից ի վեր Միացյալ Նահանգներից Հայաստան այցելել է շուրջ 400 տարբեր պաշտոնյա։ Փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը, սակայն, առանձնանում է ակնկալվող պատմական նշանակությամբ։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը քաղաքական երեք կարևոր ուղերձ է առանձնացնում։
«Այս այցն ուղերձ է ամբողջ աշխարհին այն մասին, որ Հայաստանը և Հարավային Կովկասը ԱՄՆ-ի համար ռազմավարական նշանակության տարածաշրջան են` սրանից բխող բոլոր հետևանքներով։ Հայաստանի համար սա հնարավորություն է դառնալու աշխարհի կարևորագույն հանգույցներից մեկը։ Խոսքը TRIPP-ի և մյուս պայմանավորվածությունների մասին է։ Երկրորդ․ Վենսի այցն ուղերձ է այն մասին, որ ԱՄՆ-ն խորացնում է ռազմավարական համագործակցությունը Հայաստանի հետ։ Հիշո՞ւմ եք այն ռազմավարական համագործակցությունը, որը կնքվեց Հայաստանի և ԱՄՆ-ի միջև դեռևս հեռացող վարչակազմի հետ։ Ահա՛ հենց այդ ռազմավարական համագործակցությունն էր, որը նյութականացավ 25 թվականի օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված երեք ոլորտային հուշագրերով` արհեստական բանականությունը և կիսահաղորդիչները, էներգետիկ անվտանգությունը և խաղաղության խաչմերուկը։ Հիմա այս այցով նոր շերտեր են ավելանալու մեր ռազմավարական համագործակցության մեջ և նոր ոլորտներ՝ ստորագրվելու են համաձայնագրեր։ Եվ երրորդն ու թերևս ամենակարևորը, առանց որի այս ամենն ուղղակի հնարավոր չէր լինի, դա խաղաղությունն է»։
Մինչև Վենսի տարածաշրջանային այցը և աշխտանքային օրակարգի հաստատումը արդեն շրջանառվում էին տեղեկություններ, որ Երևանում հնչելու են երկկողմ հարաբերությունների վերաբերյալ նոր հայտարարություններ: Հայաստանի վարչապետի հետ Վենսի հանդիպումը նախատեսված է փետրվարի 9-ի երեկոյան։
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի՝ Երևանում գտնվելու առիթից օգտվելով ներհաստանյան տարբեր ուժեր փորձելու են իրենց ձայնը լսելի դարձնել քաղաքական ակցիաների և բողոքների միջոցով։ Արցախցիները բարձրացնելու են Բաքվում պահվող գերիների հարցը, ընդդիմությունը փորձելու է պաշտոնյայի ուշադրությունը հրավիրել ներքաղաքական խնդիրների և կալանավորումների հարցի վրա։ Ընդդիմադիր դաշտից Էդմոն Մարուքյանը թեև թվարկված հարցերը խիստ կարևոր է համարում, բայց կարծում է, որ այս փուլում կա առաջնային մեկ այլ հարց՝ հասկանալ, թե տարածաշրջանային այցից ինչ է ակնկալում ստանալ Ադրբեջանը։
«Ադրբեջանը սանկցիաներն է հաղթահարում։ Տասնյակ տարիներ Ադրբեջանն ամերիկյան սանկցիաների տակ էր և չէր կարողանում օգտվել Միացյալ Նահանգների զենքերից։ Այսինքն` չէր կարող գնել Միացյալ Նահանգներից զենքեր կամ այնպիսի ապրանքներ, որը կարող է օգտագործվել ռազմական նպատակներով։ Մենք պետք է Ամերիկայից ուզենք անվտանգային երաշխիքներ, որ այն ինչ գնում են, զինվում են Ամերիկայից, չի կարող կիրառվել ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Հայաստանը պետք է սրա վրա աշխատի, հասկանո՞ւմ եք։ Ռազմագերիներին էլ կներեն, մի օր բաց կթողեն համաներումով, ամեն ինչ կլինի, բայց ավելի պետական, բարձր, կարևոր հարց է, որ մենք ստանանք անվտանգային երաշխիքներ Ամերիկայից կամ նույն զենքից, պաշտպանական մեզ էլ պետք է տան, եթե այդպես է»։
Տարածաշրջանային իրողությունների առումով, ընդդիմադիր գործչի տեղեկություններով, ամերիկացի պաշտոնյայի՝ Երևան և Բաքու այցին ընդառաջ ուշադիր հետևում են նաև Թբիլիսիում։
«Արդեն Վրաստանում բազմաթիվ քաղաքական գործիչներ, այդ թվում նաև Միխեյիլ Սահակաշվիլին` նախկին նախագահը, իրենց տարակուսանքն են արտահայտում, որ Վրաստանը հետ է մնում տարածաշրջանային պրոցեսներից։ Այդպես են այնտեղ ընկալում»։
Արդյո՞ք փոխնախագահ Վենսի հայաստանյան այցի օրակարգում կարող է լինել Սյունիքի մարզին առնչվող հանքահումքային պաշարների, մասնավորապես ուրանի ենթադրյալ պաշարների մասին հարցը․ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դժվարանում է մեկնաբանել․
«Այս պահի դրությամբ եթե Որոտանի հիդրոկասկադի 120 միլիոն վարկային ներդրումը, որը ընթացքի մեջ է, գումարենք TRIPP–ը՝ մոտ 200 միլիոն դոլար, գումարենք Nvidia-ն` 500 պլյուս միլիոն դոլար, գումարենք ատոմային էներգետիկան. 1 միլիարդ դոլարի, ըստ էության, հողի վրա ներդրումային ծրագրեր կան, որոնք շատ շոշափել են: Մի մասը նույնիսկ ընթացքի մեջ են։ Սա աննախադեպ է Հայաստանի պատմության մեջ։ Նոր ներդրումային հնարավորություններ հնարավո՞ր են՝ իհարկե, ցանկալի են՝ շատ, կուզե՞նք տեսնել՝ տեսնենք։ Պարոն փոխնախագահը կգա, բանակցությունները բնականաբար կլինեն, այլ մանրամասների, այդ թվում՝ Ձեր հարցադրման ուղղությունների մասով, ես չեմ տիրապետում»։
Թեև փոխնախագահ Վենսի հետ բանակցողների խմբի մեջ էկոնոմիկայի նախարարն ընդգրկված չէ, բայց վստահ է, որ TRIPP-ի իրագործումը գործնական փուլ է մտնում։ Դրա համար փոխնախագահ Վենսին մնում է անել վերջին շտկող քայլերը։
«Վերջին դետալները հաստատել ու գնալ առաջ։ TRIPP-ն արդեն մտել է առարկայական փուլ, և այլևս ոչ մեկը չի կարող խանգարել TRIPP-ին։ Նախագիծը երկու կողմ ունի` Միացյալ Նահանգներ-Հայաստանի Հանրապետություն»։
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը համոզված է, որ Միացյալ Նահանգների փոխնախագահի պատմական այցից օգտվելով՝ Հայաստանում կքննարկվեն առաջնային բոլոր հարցերը։




