
Մի քանի երկրներ քննարկում են Գրենլանդիայում հյուպատոսություններ բացելու հարցը։ Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լյոկե Ռասմուսենն այս մասին հայտարարել է կղզի այցելության ժամանակ։
«Սա շատ բան է նշանակում Գրենլանդիայի համար։ Գիտեմ, որ իմ մի քանի գործընկերներ նույնպես քննարկում են այդ հարցը, և դա դրական է», — նրա խոսքերը մեջբերում է Danmarks Radio-ն։
«Ներկա իրավիճակում սա ամբողջ աշխարհից ազդանշան է, որ մարդիկ ցանկանում են ավելի ամուր կապեր հաստատել Դանիայի Թագավորության հետ, և սա կարևոր է՝ հաշվի առնելով այն ամենը, ինչի միջով մենք անցնում ենք»։
Գրենլանդիայում արդեն հյուպատոսություններ են բացել Կանադան և Ֆրանսիան։
Կանադայի և Գրենլանդիայի արտաքին գործերի նախարարներ Անիտա Անանդի և Վիվիան Մոտցֆելդտի հետ Արկտիկայում անվտանգության իրավիճակի վերաբերյալ հանդիպումից հետո դանիացի քաղաքական գործիչը մեկնաբանել է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների ընթացքը։ «Քննարկումները սկսվել են։ Այս բարձր մակարդակի աշխատանքային խմբի առաջին հանդիպումը տեղի է ունեցել։ Երկրորդ հանդիպումը շուտով կկայանա», — ասել է նա։ «Ճշգրիտ ժամանակացույց չկա, բայց մենք դրա վրա աշխատում ենք»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միացնելու անհրաժեշտության մասին, ինչը նա հիմնավորել է ԱՄՆ ազգային անվտանգության խնդիրներով։
Հունվարի 14-ին Ռասմուսենը և Մոտցֆելդտը Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ: Ինչպես հետագայում նշել է Ռասմուսենը, խորհրդակցությունների ընթացքում Դանիային չի հաջողվել համոզել Միացյալ Նահանգներին հրաժարվել Գրենլանդիան իրեն միացնելու ցանկությունից: Հանդիպման ժամանակ կողմերը համաձայնել են ստեղծել աշխատանքային խումբ, որը պարբերաբար կհանդիպի՝ կղզու ապագայի վերաբերյալ փոխըմբռնման հասնելու հնարավորությունները ուսումնասիրելու համար:




