
Արագածոտնի մարզի Ապարան համայնքում այսօր անցկացվել է ավանդական «Ապարանյան ձմեռ» գունեղ փառատոնը, որը հերթական անգամ ձյունառատ Խաչասարում համախմբել է ապարանցիներին և տարբեր մարզերից և համայնքներից եկած մեր հայրենակիցներին։

ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմից հայտնում են, որ ներկա են եղել Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանը, համայնքապետեր, Արագածոտնի մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների ղեկավար կազմի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք։

Արայիկ Հարությունյանը մարզպետի հետ շրջել է Ապարանի բնակավայրերը ներկայացնող տաղավարներով, զրուցել ապարանցիների հետ, ծանոթացել տեղական արտադրողներին։

Փառատոնի ընթացքում տեղի են ունեցել մարզական խաղեր, որոնց հաղթողներն արժանացել են պատվոգրերի և մրցանակների։

Ապարան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այս տարվա փառատոնն ամենամարդաշատն էր։





