
Արմավիրում գործող սոցիալական աշխատանքի կենտրոններն աջակցում են արցախցիների վերաբնակեցմանն ու սոցիալականացմանը: Համագործակցելով Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների հետ՝ օգնում են բնակարանների ձեռք բերման հարցում ու ուղղորդում մասնակցելու զբաղվածության ծրագրերին:
Ամիսներ առաջ Էջմիածնում բացված սոցիալական աշխատանքի կենտրոնն աջակցում է Արցախից տեղահանված քաղաքացիներին, նրանց ցուցաբերում հոգեբանական, սոցիալական աջակցություն նոր բնակավայրերում ինտեգրվելու և զբաղվածություն գտնելու հարցում: Համայնքահեն կառույցը սպասարկում է շուրջ 600 արցախցի ընտանիքի: Կենտրոնի սոցիալական աշխատող Նառա Գուլյանն ասում է, որ ընտանիքների մասին տեղեկությունները փոխանցվել են Միասնական սոցիալական ծառայությունից ու Վաղարշապատի համայնքապետարանից, որոնց հետ սերտորեն համագործակցում են:

«Քանի որ 2020թ. և 2023թ.տեղահանված արցախցիների շրջանում բազմաթիվ խնդիրներ կան, առավել ևս՝ հոգեբանական, նպատակահարմար էր կենտրոնի բացումը, որպեսզի կարողանանք այդ մարդկանց հոգսերը մի փոքր թեթևացնել»:
Հոգեբանական ծառայությունները կենտրոնում կազմակերպվում են ըստ կարիքի՝ անհատական և խմբային ձևաչափով: Շարժական ծառայության միջոցով իրականացնում են խմբային պարապմունքներ:
Սոցիալական աշխատողներն իրենք են տնայցեր կազմակերպում: Հիմնական գործառույթը կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված մարդկանց օգնելն է: Արցախցիները սոցիալական աշխատողներին տարբեր խնդիրներով են դիմում։

«Ե՛վ փաստաթղթերի, և՛ զբաղվածության, և՛ նեղ մասնագիտական աջակցության, և՛ կենցաղային՝ բնակարանի տեղափոխման․ տանտերերը հաճախ ասում են՝ դուրս եկեք, որովհետև տները վաճառում են»:
Զբացվածության հարցում Սոցիալական աշխատանքի կենտրոնը համագործակցում է Միասնական սոցիալական ծառայության Վարղարշապատի տարածքային կենտրոնի հետ, քարտեզագրում թափուր աշխատատեղերն ու առաջարկում աշխատանք: Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանի խոսքով՝ կենտրոնի նպատակն է օգնել տեղահանվածների լիարժեք ներառմանը:

«Լինելու են սոցիալական ինտեգրմանն ուղղված միջոցառումներ, որոնք կնպաստեն մարդկանց հարմարվելուն տեղանքում, սոցիալական ակտիվացմանն ու, ինչու չէ, նաև աշխատաշուկա ներգրավելուն ու բիզնես սկսելուն: Օգտագործելու ենք այս տարածքում առկա բոլոր հնարավոր ռեսուրսները»:
Ներկայում արցախցիների հիմնական խնդիրը բնակարանների ձեռք բերումն է: Կառավարության բնակարանային ծրագրից օգտվելու համար սոցիալական աշխատողներն օգնում և ուղղորդում են վերականգնելու կորցրած փաստաթղթերը: Նառա Գուլյան.
«ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելուց հետո լրացնում են սերտրիֆիկատը, համագործակցող բանկերից շահառուն ինքն է ընտրում բանկը, դիմում է համագործակցող բանկին, որը տրամադրում է գնահատող կազմակերպությունների ցանկը: Շահառուն նորից ինքն է ընտրում, թե որ կազմակերպությունն է գնահատելու իր նոր գնվող բնակարանը, որից հետո բանկը վերցնում է դիմումն ու սկսում գործընթացը»:
Արցախցիներից շատերն են ստացել քաղաքացիություն ու հիմա բնակարանների գնման փնտրտուքի մեջ են: Լյովա Պողոսյանը Արմավիրի մարզի գյուղերից մեկում վարձակալած տանն է ապրում ու ցանկանում է գնել այն: Ընտանիքի անդամների թիվը բավարարում է տունը գնելու համար՝ յուրաքանչյուր անձի հաշվով ստանալու է 4 մլն դրամ:

«Յոթ հոգի ենք, ընդհանուր 28 մլն դրամ է: Այս տնից մեզ գումար մնում է, և այդ մնացած փողով ուզում ենք վերանորոգել տունը, սարքելու բաներ կան, բայց դեռ հարց է, չգիտենք ոնց կլինի: Ասել են՝ ինչ-որ վերանորոգման գումար էլ են տալու»:
Սոցիալական աշխատողներն օգնում են արցախցիներին փաստաթղթերը լրացնելու հարցում, բացատրում, թե ինչ նպատակով կարող են օգտագործել բնակարանների գնման հավաստագրում առկա գումարը: Նառա Գուլյանն ասում է, որ մատչելի գնով բնակարան գնելու դեպքում պետությունը հնարավորություն է տվել հավաստագրում մնացած գումարն օգտագործել կենցաղային պայմանները բարելավելու համար:
«Պետությունը տրամադրում է համապատասխան գումարը, իսկ մնացած մասը համարվում է դրական մնացորդ: Դրական մնացորդից 4 մլն դրամը տրամադրվում է վերանորոգման համար, իսկ 2 մլն դրամը՝ կենցաղային տեխնիկա գնելու»:
Բնակարանների վերանորոգման համար շահառուները կազմում են նախահաշիվ, ներկայացնում բանկ և ստանում անհրաժեշտ գումարը: Իսկ բնակարանի լիարժեք սեփականատեր են համարվում 10 տարի հետո:




