Սերինե Աղաբեկյան՝
«Ռադիոլուր»–ի համար
Արարատ քաղաքի թիվ 3 մանկապարտեզի խմբերում երեխաները «խաղում են աղետ», որը երեխաներին իրականության պես է ներկայացվում։ Դաստիարակի պայմանական ահազանգը՝ «Երկրաշարժ է, հրդեհ է», երեխաներին չպետք է վախեցնի։ Վարժանքի հիմնական նպատակն է, որ երեխաները գնալով ավելի քիչ խուճապ ու ավելի շատ հմտություն ունենան՝ ինչպես վարվել արտառոց դեպքերում։
Սա պարզապես խաղ չէ։ Սա նաև մտավարժանք է, որի ընթացքում նաև վերհիշում են 2025 թվականի հոկտեմբերի վարժանքի ընթացքում ստացած գիտելիքները։
Արարատ քաղաքի թիվ 3 մանկապարտեզում անցկացվող վարժանքը մեկն է տասնյակ միջոցառումներից, որոնք իրագործվում են «Հայաստանում համայնքների դիմակայունության և աղետներին պատրաստվածության կարողությունների հզորացում բռնի տեղահանվածների համար» ծրագրի շրջանակում։ Ծրագրի ղեկավար Զառա Լալայանը ծրագրերի ամենակրտսեր շահառուների մասին հատուկ դիտարկում ունի․
«Մեր շահառուները բազմաշերտ են։ Ծրագրի ընթացքում դասընթացներին մասնակցել են հատուկ կարիքներ ունեցող խմբեր, մեծահասակներ, երեխաներ, բայց անկեղծ կլինեմ և կնշեմ, որ ամենահետաքրքիրը երեխաների հետ իրականացրած դասընթաց-վարժանքներն են, որոնք հենց թիրախային համայնքների մանկապարտեզներում ենք իրականացրել։ Բոլորիս համար զարմանալի էր, որ մեր ամենափոքր շահառուներն ամենագիտակիցն ու ամենապատրաստվածն էին»։
Երեխաների դիտարկումները որքան էլ մանկական, բայց ծրագրի կազմակերպիչների համար առանցքային կարևորության են։ Փոքրիկներն իրենց տպավորությունն իրենց տպավորությամբ են ձևակերպում։
Վարժանքը նրանց համար իրական փորձառություն է եղել՝ արպես արդյունք խոստանալով վտանգի դեպքում ավելի արագ կողմնորոշվել կարողանալ։ Դաստիարակ-մեթոդիստ Ամալյա Գասպարյան․
«Նրանք սովորեցին առաջին օգնություն ցույց տալ՝ ինչպես է արվում, ինչպես դուրս գալ բակից հրդեհի դեպքում, երկրաշարժի ժամանակ ինչպես պատսպարվել»։
«Ինչ պետք է անել»-ից զատ՝ Վարդանը սովորել է նաև, թե ինչ չի կարելի անել.
«Հրդեհի ժամանակ չի կարելի պատուհանը բացել, որ կրակն ավելի չթեժանա»։
Սիմուլյացիոն խաղն այնքան է տպավորել, որ երեխաներն իրենց ընտանիքի անդամներին էլ են ներգրավում։
Մանկապարտեզի տնօրեն Մերի Մկրտչյանը խուճապի չմատնվելու ու հարկ եղած դեպքում տարհանում կազմակերպելու հմտության ձևավորմանն առանձնակի կարևորություն է տալիս։
«Մինչև հիմա երեխաները շատ ոգևորված են։ Ուսուցումը շատ արդյունավետ է։ Ցանկալի է, որ ավելի շատ կազմակերպվեն նման միջոցառումներ։ Գործնականը ավելի տպավորիչ է լինում, ավելի հետաքրքիր է, և ավելի լավ արդյունքների ենք հասնում», — ասում է տնօրենը։
«Հայաստանում համայնքների դիմակայունության և աղետներին պատրաստվածության կարողությունների հզորացում բռնի տեղահանվածների համար» մեկամյա ծրագիրը մեկնարկել է անցյալ մարտին։ ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի ֆինանսավորած նախաձեռնությունը կյանքի է կոչում «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունը՝ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության և Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի համատեղ ջանքերով։
Զառա Լալայանը ծրագրի նպատակը բացատրում է հնարավոր աղետներին առավել պատրաստ լինելու կարիքով․ ընդ որում, ընտրված համայնքների մեծ մասը սահմանամերձ գոտում է։
«Ծրագիրն առաջին փուլով իրականացվել է 3 մարզի 4 համայնքում։ Արարատի մարզում ընտրվել է Արարատ խոշորացված համայնքը, Գեղարքունիքում՝ Մարտունի և Վարդենիս խոշորացված համայնքները, Վայոց ձորում՝ Վայք խոշորացված համայնքը։ Ծրագրի երկրորդ փուլը, որը մեկնարկել է 2026 թվականի հունվարից, կենտրոնացած է Սյունիքի մարզի Մեղրի խոշորացված համայնքի վրա։ Եթե խոսեմ ծրագրի կարևորագույն ուղղությունների մասին՝ Մեղրի խոշորացված համայնքում մեր առաջնային նպատակն է համայնքային դիմակայության բարելավումը։ Ծրագրի շրջանակում վերանորոգվել և կահավորվել է 2 պարզագույն թաքստոց Մարտունի և Վարդենիս համայնքներում։ Վարդենիսում թաքստոցն ամբողջությամբ վերանորոգվել է, Մարտունիում՝ համայնքապետարանի և «Վորլդ Վիժն»-ի համատեղ ջանքերով», — ասում է Զառա Լալայանը։
Թիրախային համայնքներում վերապատրաստվել է համայնքապետարանների ավելի քան 200 աշխատակից և ավագանու անդամ, ավելի քան 30 000 բնակիչ իրազեկում է ստացել։ Շուրջ 140 000 մարդ արդեն օգտվում է բարելավված ազդարարման համակարգերից։
4 համայնք, 200 վերապատրաստվածներ, և երեխաները՝ որպես ամենաարդյունավետ շահառուներ
Հայաստանն ունի բարձր բնական աղետների ռիսկ՝ սեյսմիկ, հիդրոլոգիական, կլիմայական։ Վերջին տարիների վիճակագրությունն առանձնակիորեն է ընդգծում «Հայաստանում համայնքների դիմակայունության և աղետներին պատրաստվածության կարողությունների հզորացում» ծրագրի կարևորությունը։ Դրա շրջանակում ամենակարևոր քայլերից մեկով արդիականացվել են Աղետների ռիսկի կառավարման համայնքային պլանները՝ հաշվի առնելով ամեն համայնքին բնորոշ խնդիրներն ու անելիքները։ Ստեղծվել են աղետների ռիսկի կառավարման խորհուրդներ, որոնց անդամների իրազեկման միջոցառումներ են տարվել։
Ի սկզբանե Արցախից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված ծրագիրն ավելի լայն շրջանակ է ընդգրկել։
Մեկամյա ծրագրի արդյունքում բարելավվել են վաղ ազդարարման համակարգերը, հզորացվել են ճգնաժամային կառավարման կենտրոնների տեխնիկական հնարավորությունները և անցկացվել են սիմուլյացիոն վարժանքներ։
Ծրագիրը նպաստել է պետական, տեղական և գործընկեր կազմակերպությունների գործակցության ամրապնդմանը՝ ձևավորելով ավելի պատրաստված և անվտանգ համայնքներ։ Դավիթն ու Լյուսին տասնյակ համայնքների հարյուրավոր բնակիչներից են, որոնք այսուհետ ավելի լավ են պատկերացնում՝ ինչպես վարվել աղետի ժամանակ, որ սեփական խուճապն ավելի չխանգարի, ու կարողանան ճիշտ կողմնորոշվել։




