
Սպիտակ տունը նախատեսում է «Խաղաղության խորհրդի» առաջին նիստը անցկացնել Վաշինգտոնում փետրվարի 19-ին, Axios-ին հայտնել են ամերիկացի պաշտոնյաներն ու դիվանագետները։
Առաջին հանդիպումը կկայանա Թրամփի վարչակազմի կողմից միավորմանը մասնակցելու հրավիրված երկրների ղեկավարների մակարդակով։ «Սա կլինի Խաղաղության խորհրդի առաջին նիստը և Գազայի վերականգնման համար դրամահավաքի համաժողովը», — հայտարարել է ամերիկացի պաշտոնյան։
Սպիտակ տան նպատակն է իրականացնել Գազայի հատվածում հակամարտության կարգավորման ծրագրի երկրորդ փուլը։
Այնուամենայնիվ, որոշ երկրներ դեմ են արտահայտվել 1 միլիարդ դոլար անդամավճարին, որը Թրամփը մտադիր է օգտագործել պատերազմից ավերված Գազայի հատվածի վերականգնման համար։ Դոնոր երկրները տատանվում են Գազայի վերականգնման ծրագրի համար միջոցներ հատկացնելու հարցում մինչև ՀԱՄԱՍ-ի զինաթափումը, տեղեկացել է Reuters-ը։
Արևմտյան յոթ դիվանագետներ բացատրել են, որ ֆինանսավորման ուշացումը պայմանավորված է նաև որոշ պոտենցիալ դոնորների պահանջով, որ միջոցները կառավարվեն Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից, այլ ոչ թե ԱՄՆ նախագահի կողմից ստեղծված «Խաղաղության խորհրդի»։
Մեկ օր առաջ՝ փետրվարի 6-ին, Սպիտակ տունը սկսել է կապ հաստատել Խաղաղության խորհրդի անդամ երկրների վարչակազմերի ներկայացուցիչների հետ՝ լոգիստիկ հարցերը լուծելու համար: Axios-ը հաղորդել է, որ հանդիպման վայրն արդեն ընտրվել է՝ USIP Խաղաղության ինստիտուտը, որը Թրամփի հրամանով վերանվանվել է Դոնալդ Ջ. Թրամփի Խաղաղության ինստիտուտ: «Դեռևս ոչինչ հաստատված չէ, բայց վարչակազմը պլանավորում է միջոցառումը և սկսել է պարզել, թե որ առաջնորդները կկարողանան մասնակցել», — հայտնել է աղբյուրը։
Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, որը ակտիվորեն մասնակցել է Գազայի ապագայի շուրջ բանակցություններին, հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին Վաշինգտոնում կանցկացվի միջոցառում, որտեղ կհայտարարվի մասնավոր հատվածի կողմից կատարվող բազմաթիվ ներդրումների մասին։
Դավոսում ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը ստորագրել է միավորման կանոնադրությունը՝ այսպիսով միանալով Թրամփի հիմնած «Խաղաղության խորհրդին»:




