Միջազգային

Իտալիայում մեկնարկում են Ձմեռային օլիմպիական խաղերը․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել պահպանել Օլիմպիական զինադադարը

Իտալիայում Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման կապակցությամբ իր ուղերձում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել բոլոր երկրներին պահպանել Օլիմպիական զինադադարը։

«Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հույսի փարոս են, մարդկային ներուժի, թիմային աշխատանքի, արդար խաղի և փոխադարձ հարգանքի տոն։ Ձեր վճռականության և համառության շնորհիվ տեսնում ենք, թե ինչպիսին կարող է լինել միասնական աշխարհը և ինչի կարող ենք հասնել, եթե իսկապես ջանք գործադրենք», — նշել է համաշխարհային կազմակերպության ղեկավարը իր գրասենյակի կողմից տարածված հայտարարության մեջ։

«Միակ պայքարը պետք է տեղի ունենա մարզադաշտում, այլ ոչ թե մարտադաշտում։ Կոչ եմ անում հակամարտող բոլոր կողմերին պահպանել Օլիմպիական զինադադարը», — հայտարարել է Գուտերեշը։

2025 թվականի նոյեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև, որով կոչ է անում օլիմպիական զինադադար հաստատել Ձմեռային օլիմպիական խաղերի ողջ ընթացքում։

Փաստաթուղթը բաղկացած է ինը կետից, որոնցից առաջինը կոչ է անում պահպանել օլիմպիական զինադադարը Օլիմպիական խաղերի մեկնարկից յոթ օր առաջ մինչև Պարալիմպիկ խաղերի ավարտից հետո յոթ օր ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև ապահովել մարզիկների, պաշտոնյաների և բոլոր մյուս հավատարմագրված անձանց անվտանգ անցումը, մուտքը և մասնակցությունը։

Բանաձևը նաև «կոչ է անում բոլոր անդամ պետություններին համագործակցել Միջազգային օլիմպիական կոմիտեի և Միջազգային պարալիմպիկ կոմիտեի հետ՝ սպորտը որպես գործիք օգտագործելու՝ հակամարտություններից տուժած տարածքներում խաղաղությունը, երկխոսությունը, հանդուրժողականությունը և հաշտեցումը խթանելու համար՝ Օլիմպիական և պարալիմպիկ խաղերի ընթացքում և դրանից հետո։

2026 թվականի օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 6-ից 22-ը Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում։

Կարդացեք նաև

Back to top button