
Իրանական միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունների առաջին փուլն ավարտվել է Օմանի Մասկատ քաղաքում: Թեհրանը բանակցություններից հետո մեղմ լավատեսություն է հայտնել: «Սա լավ սկիզբ է», — փետրվարի 6-ին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին: «Անվստահության պատը պետք է հաղթահարվի», — հավելել է նա:
Իրանի արտգործնախարարը չի նշել, թե երբ կարելի է սպասել Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների շարունակությանը: Արաղչիի խոսքով՝ երկու երկրների պատվիրակությունները այժմ կվերադառնան իրենց մայրաքաղաքներ՝ խորհրդակցությունների համար: Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը, հղում անելով անանուն աղբյուրին, հայտնել է, որ առաջիկա օրերին տեղի կունենա ևս մեկ փուլ:
Օմանի արտգործնախարար Բադր ալ-Բուսաիդին բանակցությունները անվանել է «շատ լուրջ»: Երկու երկրների պատվիրակությունների հետ առանձին հանդիպումները «օգտակար էին ինչպես իրանական, այնպես էլ ամերիկյան տեսակետները պարզաբանելու և հնարավոր առաջընթացի ոլորտները բացահայտելու համար», — գրել է դիվանագետը X-ում: Ամերիկյան կողմը չի մեկնաբանել խորհրդակցությունները:
Մասկատում բանակցությունները տեղի են ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև լարված հարաբերությունների ֆոնին: Թեհրանը կարծում է, որ մասնակիցները պետք է կենտրոնանան միայն երկու թեմայի վրա՝ Իրանի միջուկային ծրագիրը և պատժամիջոցների հնարավոր մեղմացումը: Վաշինգտոնը պնդում է, որ պետք է քննարկվեն նաև այլ հարցեր՝ Իսլամական Հանրապետության հրթիռային ծրագիրը և տարածաշրջանում Իրանի դաշնակիցներին, այդ թվում՝ ՀԱՄԱՍ շարժմանը, Լիբանանի Հեզբոլլահ շարժմանը և Եմենի հութի ապստամբներին ցուցաբերվող աջակցությունը։
Տարվա սկզբից Միացյալ Նահանգները զգալիորեն ընդլայնել է իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում՝ իր սեփական ռազմական բազաները և Վաշինգտոնի դաշնակիցներին Իրանի հնարավոր հարձակումներից պաշտպանելու համար: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս սպառնացել է Թեհրանին ռազմական գործողություններով: Ի պատասխան՝ Իրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի արաբական երկրներին, որտեղ Միացյալ Նահանգներն ունի ռազմական բազաներ, եթե այդ երկրները մասնակցեն Իսլամական Հանրապետության վրա հարձակմանը:




